Ազգային թատերական ստեղծագործական միավորումը նոր նախագահ է ընտրել
Երկու տարի գոյություն ունեցող Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, որ սեփական գործունեության սկզբունքը համարում է ստեղծագործական համագործակցությունը, օրերս համագումար էր հրավիրելՙ ընտրելու միավորման նախագահ, նախագահություն եւ վարչություն:
Առաջիկա երկու տարիների համար միաձայն քվեարկությամբ միավորման նախագահ ընտրվեց թատերագետ Արա Խզմալյանը: Նախագահությունը վստահվեց Գրիգոր Մկրտչյանին, Ռաֆայել Ջրբաշյանին, Ժիրայր Դադասյանին, Արմեն Մազմանյանին, Արա Երնջակյանին, Դավիթ Հակոբյանին, Ռուբեն Բաբայանին: Վարչությունում էլ ընդգրկվեցին տասը երիտասարդ թատերական գործիչներ:
Ընտրություններին նախորդած ելույթում 73 ներկայացուցիչ ունեցող միավորման արդեն նախկին նախագահ Ռուբեն Բաբայանը միավորման գոյության երկու տարիները համարեց ձեւավորման ընթացք ու փաստելով իրականացված ծրագրերի լինելիությունը, այնուամենայնիվ ընդգծեց, որ չիրականացված ծրագրերն էլ քիչ չեն:
Ազգային թատերական գործիչների միավորման նորընտիր նախագահ Արա Խզմալյանն էլ, շնորհակալություն հայտնելով գործընկերների վստահության համար, տեղեկացրեց, որ միավորման աշխատանքներում եւ ծրագրերում հեղափոխական մոտեցումներ չեն ներմուծվելու եւ առաջիկայում իրականացվելու են երեք առանցքային ծրագիրՙ թատերական գործիչների կայքէջի ստեղծում, իրավաբանական ծառայության կենտրոնի եւ սոցիալական օգնություն տրամադրելու համար բազայի ստեղծում:
Խզմալյանի հավաստմամբ, կայքը, որ պետք է ներառի հայկական բոլոր թատրոնների եւ թատերական գործիչների մասին տեղեկություններ, շուտով կսկսի գործել, որոշ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նաեւ իրավաբանական ծառայության ստեղծման համար: Երրորդ կարեւորված խնդրի իրականացումն ավելի երկար ժամանակ կպահանջի միավորման ղեկավարներից:
Ն. Պ.