«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ

Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների տեքստերով գրված «Մանկական երգարանի» շնորհանդեսը Ավ. Իսահակյանի գրադարանում անցավ հեղինակի ստեղծագործություններին բնորոշ մանուկների աշխարհի ուրախությամբ: Նրա ութ տասնյակից ավելի գրքերի, հիմնականում մանուկ եւ պատանի ընթերցողին հասցեագրված բանաստեղծությունները, հեքիաթները, պոեմները, արձակ գործերը վաղուց դարձել են նրանց երեւակայական աշխարհի անբաժանելի մասը: Գրողի խոսքի անմիջականությունըՙ պատկերի վառ նկարագրությամբ, աշխուժությունն ու հետաքրքրությունը շատ մոտ են մանուկներին, իսկ բանաստեղծությունների քնարականությունըՙ ավելի հուզական ընթերցողինՙ պատանի լինի, թե մեծահասակ: Նրա բանաստեղծությունների մեղեդայնությունը գրավել է շատ կոմպոզիտորների ստեղծագործական ուշադրությունը, շատ գործեր վերածվել են երգերի: «Մանկական երգարանի» այս հրատարակությունը լրացնում է վերջին տասնամյակների այս ոլորտում դրա տխուր բացակայությունը:

«Մանկական երգարանը» ընդգրկում է հեղինակի տարբեր տարիներին գրված շուրջ 70 երգերի տեքստերՙ դրանց նոտագրություններով: Խմբագիրը Մարտին Վարդազարյանն է: Ս. Մուրադյանը համագործակցել է 30-ից ավելի երաժիշտ-կոմպոզիտորների չորս սերնդիՙ սկսած Արտեմի Այվազյանից, Գրիգոր Հախինյանից, Ռոբերտ Պետրոսյանից, Էմմա Միհրանյանից, Մարտին Վարդազարյանից, Գեղունի Չթչյանից, Ռոբերտ Ամիրխանյանից եւ նոր (իր ասելովՙ «Արեւիկի») սերնդի ստեղծագործողների հետ (Լիլիթ Համբարձումյան, Հռիփսիմե Խրիմյան եւ ուրիշներ): Սուրեն Մուրադյանի երգերը ինչպես նախկինում, այսօր էլ շատ սիրելի ու տարածված, չեն իջնում մանկական բեմահարթակներից:

Վաստակաշատ մանկագրի հանդեպ հարգանքի ու սիրո դրսեւորումներ էին ելույթ ունեցողների խոսքերն ու երաժշտական կատարումներըՙ Մարտին Վարդազարյան, Յուրի Յուզբաշյան, Լյուդվիգ Կարապետյան, Լիպարիտ Սարգսյան: Ցերեկույթի ուրախ տրամադրությունը ապահովեցին երեխաների գեղեցիկ կատարումները, տպավորիչ էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից մանկական երգչախումբը: «Երգը վայելք է, անչար ու բարի է դարձնում մարդուն, հարստացնում: Ապավինեք երգին, երաժշտությանը» շնորհակալությամբՙ գրադարանի տնօրենությանը, մասնագետներին, երաժիշտներին, հյուրերին ասաց հեղինակը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4