Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը (ՀԱԱՊ) երեկ սկսեց թողարկել «Լրատու» երկշաբաթաթերթը: Ինչպես այդ կապակցությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նշեց ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, թերթը կոչված է դառնալու գործարար համայնքի գործընկերը, բացահայտելու գործարարության զարգացմանը խանգարող խնդիրները, հրատապ տեղեկատվություն հաղորդելու պալատի գործունեության մասին:
Երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վրեժ Սարուխանյանը կարեւորեց թերթի լույս ընծայումն այս պահին, երբ աշխարհում շարունակվում է տնտեսական ճգնաժամը, իսկ ՀԱԱՊ-ը եւ նրա նախագահը միջոցներ գտան թերթը ստեղծելու: Ըստ գլխավոր խմբագրի, թերթում ներկայացվելու են հայ հայտնի գործարարներն ու նրանց գործունեությունը, անդրադարձ է կատարվելու ներկայիս տնտեսական իրավիճակին: Թերթը նաեւ կփորձի կապ հաստատել Հայաստանի եւ սփյուռքի հայ գործարարների միջեւ:
«Ազգը» միանում է իր նոր գործընկերոջըՙ «Լրատու» երկշաբաթաթերթին հղած շնորհավորանքներին եւ մաղթում երկարատեւ ու արգասաբեր գործունեություն:
Ա. Մ.