«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԱՐՈՆՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Վլադիմիր Հակոբյանը երկրորդ արդյունքը ցույց տվեց

Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Նալչիկում անցկացված շախմատի Գրան պրիի խաղարկության 4-րդ փուլը: Գլխավոր մրցանակին արժանանալու համար հայ շախմատիստն ավարտական տուրում պետք է հաղթեր միավորներով իրեն հավասարված Պետեր Լեկոյին: Եվ Արոնյանը գերազանց կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Որակ զոհաբերելով, նա հիանալի օգտագործեց երկու անցողիկ զինվորների առավելությունը եւ տպավորիչ հաղթանակ տոնեց: Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նա տոնեց 5 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը մեկ պարտություն (Սերգեյ Կարյակինից): Գրավելով առաջին տեղը, Արոնյանն արժանացավ 30 հազար եվրոյի, իսկ Գրան պրիի հաշվարկով ստացավ 180 միավոր:

Նալչիկի մրցաշարն Արոնյանի համար Գրան պրիի 2-րդ մրցամարտն էր: Անցյալ տարվա ամռանը Արոնյանը եւս գերազանց էր անցկացրել Սոչիում կայացած Գրան պրիի խաղարկությունը` 8,5 միավորով դառնալով հաղթող: Երկու մրցաշարերի ընդհանուր արդյունքով Արոնյանի հաշվին արդեն 360 միավոր է գրանցված: Արոնյանը Գրան պրիի մրցաշարերի պոտենցիալ առաջատարն է: Նա դեռ պետք է մասնակցի եւս երկու մրցաշարի: Դրանցից մեկն անցկացվելու է օգոստոսին Երեւանում: Նշենք, որ յուրաքանչյուր շախմատիստ պետք է հանդես գա Գրան պրիի 6 մրցաշարերից 4-ում, իսկ ընդհանուր հաշվարկում հաշվի են առնվելու լավագույն 3 արդյունքները: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արոնյանն արդեն 4-րդ խոշոր մրցաշարում էր հանդես գալիս, որոնցից երկուսում` Նիսում եւ Նալչիկում հաղթող ճանաչվեց, Վեյք Ան Զեեում գրավեց 2-րդ տեղը: Փաստորեն, միայն Լինարեսի մրցաշարում Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ:

Նալչիկում մեծ հաջողության հասավ նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը եւս 2-րդ Գրան պրիի մրցաշարին էր մասնակցում: Նա Էլիստայում անհաջող էր հանդես եկել եւ իր հաշվին ընդամենը 15 միավոր ուներ: Նալչիկում ավարտական տուրում Հակոբյանը սեւերով հաղթեց Պավել Էլյանովին եւ վաստակելով 7,5 միավոր, հավասարվեց Պետեր Լեկոյին: Հակոբյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց Լեկոյին եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Հակոբյանը մրցաշարում ընդամենը 2 պարտություն կրեց: Մեկնարկային տուրում նա զիջեց Լեւոն Արոնյանին, մյուս պարտությունը կրեց Պետեր Լեկոյից: Հետաքրքրական է, որ վիճակահանությամբ Հակոբյանին բաժին էր ընկել 3-րդ համարը եւ նա հենց 3-րդ տեղն էլ զբաղեցրեց: Իսկ ահա Արոնյանը 13-րդն էր եւ այդ թիվը հաջող էր նրա համար:

Ավարտական տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Իվանչուկ-Կամսկի` 0,5-0,5, Բաքրո-Ալեքսեեւ` 1-0, Սվիդլեր-Գրիշչուկ` 0,5-0,5, Գելֆանդ-Կարյակին` 1-0, Կասիմջանով-Մամեդյարով` 0,5-0,5:

Ներկայացնում ենք մրցաշարային ամփոփիչ աղյուսակը.

Արոնյան` 8,5, Լեկո, Հակոբյան 7,5-ական, Գրիշչուկ, Բաքրո` 7-ական, Ալեքսեեւ, Գելֆանդ` 6,5-ական, Կամսկի, Սվիդլեր, Կարյակին, Մամեդյարով` 6-ական, Իվանչուկ, Կասիմջանով, Էլյանով` 5,5-ական:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4