Թեհրանում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հանդիպեց Իրանի իր հասակակիցների ընտրանու հետ: Մրցավեճն ավարտվեց ոչ ոքի` 3:3: Մեր թիմը շատ ակտիվ սկսեց հանդիպումն ու արդեն 1-ին րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ «Բանանցի» հարձակվող Արարատ Եգանյանը: 5 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 14-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի հարձակվող Արսեն Փիլոյանը: Երկրորդ կեսի 7-րդ րոպեին Փիլոյանը հաշիվը դարձրեց 3:1: Այնուամենայնիվ, մեր տղաները չկարողացան հաղթանակ տանել այս խաղում` երկու անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը 59-րդ եւ 68-րդ րոպեներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին նույն թիմերն արդեն մրցել էին ընկերական հանդիպման շրջանակներում: Այդ ժամանակ իրանցիները հաղթել էին 3:2 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ