ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ: Ելույթների ընտրանի» գրքի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Ստեփանակերտում:
Ղարաբաղյան կարգավորման շուրջը մտահոգությունների համապատկերին, որոնք այսօր առկա են ԼՂՀ հասարակական-քաղաքական շրջանակների արծարծումներում, Վարդան Օսկանյանի հետ առերես հանդիպումը կարեւոր նշանակություն ուներ: Դրանով էին թերեւս պայմանավորված շնորհանդեսի մասնակիցների բազմաշերտ ներկայությունը եւ նրան ուղղված հարցերի լայն շրջանակը:
Գրքի մասին հիմնականում խոսեց հեղինակը` նշելով այն հրատարակելու շարժառիթների մասին: Այնուհետեւ էքս-նախարարին ուղղվեցին հակամարտության գործընթացը բովանդակող հարցեր: Մասնավորապես, ԼՂՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը հարց ուղղեց Վ. Օսկանյանին, խնդրելով մեկնաբանել վերջինիս պաշտոնավարման ամենասկզբում կարգավորման բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալու պատճառը եւ այդ համատեքստում` Հայաստանի քաղաքական ղեկավարության հնարավոր սխալները:
Վարդան Օսկանյանը հղում կատարեց 1992-ին Մինսկի խումբ ձեւավորելու մասին որոշմանը: Խմբի ստեղծման նպատակահարմարությունը նա բացատրեց նախ պատերազմի հետեւանքները վերացնելու անհրաժեշտությամբ, որից հետո միայն պետք է քննարկվեր կարգավիճակի հարցը: Քանի որ Լեռնային Ղարաբաղը պատերազմող կողմ էր, ուստի Ադրբեջանը չէր առարկում նրա մասնակցությանը բանակցություններին: Սակայն 1997-ի մարտից սկսած, հիմք ընդունելով Լիսաբոնյան գագաթաժողովը, Ադրբեջանն առաջ քաշեց Ղարաբաղը բանակցություններից դուրս մղելու պահանջը: Այդ ընթացքում Մինսկի խումբը փաստորեն չէր գործում, եւ դա շարունակվեց մինչեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը: Ըստ Վ. Օսկանյանի, բանակցություններին ԼՂՀ մասնակցելու կամ չմասնակցելու խնդիրը քաղաքական որոշմամբ չէր, այլ արդյունք էր գործընթացի զարգացմանի:
ԱԺ սոցիալական ոլորտի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը հետաքրքրվեց, թե Քոչարյան-Օսկանյան տանդեմի 10-ամյա քաղաքական գործունեությունը ի՞նչ արդյունք է տվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Նշելով, որ ճիշտ չի լինի իր գնահատական տալը, Վարդան Օսկանյանը միաժամանակ ասաց, որ դատելով փաստաթղթային բովանդակությունից, իրենք նորմալ իրավական ժառանգություն են թողել, ինչը լավ հիմք է հետագայում բանակցությունները շարունակելու համար: Պատգամավորի հաջորդ հարցը հետեւյալն էր. հայ դատի պահանջատիրության համատեքստում` ինչպե՞ս է նախկին արտգործնախարարը վերաբերվում ազատագրված տարածքների վերադարձման խնդրին:
Տարածքների հարցը միշտ էլ փաստաթղթերում եղել է, եւ այդ հարցը քաղաքական որոշման խնդիր է, որով պիտի զբաղվեն նոր իշխանությունները, տեղեկացրեց դիվանագետը, հավելելով, որ հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի խնդիրը նախկինում ընդգրկված չի եղել: Նա մտահոգություն հայտնեց, որ ներկայումս մտել ենք մի գործընթացի մեջ, որտեղ Ղարաբաղն առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին, եւ ցավալիորեն դրա վրա արդեն վերահսկողություն չունենք: Կրկնելով օրեր առաջ հրապարակավ արտահայտած իր միտքը, Վ. Օսկանյանը շեշտեց. «Գաղտնի բանակցությունները վերածել ենք հրապարակայինի, ու դա մեր գլխավոր թերությունն է: Այս հրապարակայնությունը մեր օգտին չէ, որովհետեւ թուրքերի համար կարեւորը ոչ թե բովանդակությունն է, այլ գործընթացը»:
Խորհրդարանի «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը հարցրեց` Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Կոսովոյի անկախության ճանաչումից հետո ժամանակը չէ՞, որ սկսվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը, սկզբնական շրջանում, ասենք, Լատինական Ամերիկայի երկրների կողմից:
Առաջարկությունը ուշագրավ համարելով, Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե տեսնենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ ինքնորոշման տարբերակին, ապա չէր խանգարի բանակցություններին զուգահեռ գնալ նաեւ այդ ուղղությամբ: Այս դեպքում էլ դարձյալ նա խնդիրը կապեց գործող իշխանությունների անելիքների հետ:
ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման վերջում Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել էր, թե ժամանակն է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ կնքվի միջպետական պայմանագիր: Այս հիմամբ հնչեցված հարցին, թե ինչո՞ւ առ այսօր չի կնքվել այդ պայմանագիրը, Վարդան Օսկանյանը դժվարացավ ստույգ պատասխան տալ, ասելով, որ ինքը տեղյակ չէ դրա պատճառներից:
Շնորհանդեսի վերջում անդրադառնալով միջոցառման բուն թեմային, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորեց հեղինակին գրքի լույս ընծայման առթիվ: Նա միաժամանակ գոհունակություն հայտնեց, որ ի դեմս այդ գրքի, քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվել, ըստ որի` տարբեր լսարաններում հնչեցված ելույթները հրատարակվելով դառնում են հետագա սերունդների ժառանգությունը, եւ ուսանելի նախաձեռնություն է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ