Ս. թ. մայիսի 1-ի «Ազգ» օրաթերթի հրապարակման մեջ տեղ է գտել սկզբունքային անճշտություն «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իմ արտահայտած տեսակետի ներկայացման մեջ: Հրապարակման մեջ ինձ վերագրվել է տեսակետ առ այն, «... որ ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանում որոշակի լարվածություն ստեղծել, կան երկրներ, որոնք եւս շահագրգռված են դրանում, կան նաեւ դրան դեմ երկրներ, քանի որ դա հակասում է նրանց շահերին»:
Ինձ վերագրած այս մտքերը չեն համապատասխանում իրականությանը, քանզի իմ խոսքերը, որոնք եթերով հեռարձակվել են Հանրային հեռուստատեսության «Հայլուր» երեկոյան թողարկման ժամանակ, հնչում են հետեւյալ կերպ. «Հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցում շահագրգռված է նաեւ ԱՄՆ-ը, քանի որ այն էականորեն կարող է թուլացնել լարվածությունը տարածաշրջանում...»
Հետայսու ակնկալում եմ ավելի պատասխանատու մոտեցում` իմ հայտարարությունները ներկայացնելու եւ վերծանելու հարցում:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ