Մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայանալու է ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանիՙ որպես ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբանի գրանցման վերաբերյալ Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության առաջին նիստը:
Չախալյանների շահերը նշված գործում ներկայացնելու է փաստաբան Նինո Անդրիաշվիլին, որը վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության անդամ է, որի նպատակն է Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 16-ին առանց որեւէ պատճառաբանման հրաժարվեց գրանցել Արապյանին որպես Չախալյանների պաշտպանի: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մարտի 6-ին արդարադատության նախարարին ուղղված նամակում առաջարկեց վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը նրանց նկատմամբ ընթացող դատավարությունում, սակայն վրացական իշխանությունները արհամարհեցին այդ հանձնարարականը:
Ապրիլի 14-ին եւ 28-ին Փարիզում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացել է, որ վրացական իշխանությունները դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցման խնդրին:
Ա. Հ.