Երեք կամ չորս բան այս պահին թուլացնում-մանրատում են հայ հասարակության ուշադրությունը եւ չեն թողնում կենտրոնանալ. հայ թուրքական հարաբերությունները, քաղաքային ավագանու ընտրությունները, տնտեսական ճգնաժամը, ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից: Խոզի գրիպն էլ դեռ չհաշված, որովհետեւ անցած` թռչնագրիպի հայկական փորձը ցույց է տալիս, որ մենք էդ համաճարակներին շատ էլ լուրջ չենք վերաբերվում. «Աշխարհի մեծերի խաղերն են...», ասում ենք ծուլորեն եւ անցնում մեր գործին:
Երբ փոքր ուժեր ունես եւ դրանով պետք է հարձակվես կամ պաշտպանվես գերակշիռ ուժերով թշնամուց եւ այլ ելք չունես, քան հաղթելն է, ուրեմն ուշադրությունը շեղող, խորամանկ, հնարամիտ-խաբող պլաններ ես մտածում, թշնամիդ խաբվում է, ուժերը տանում սխալ ուղղությամբ, իսկ դու նրան հանկարծակիի ես բերում ու հաղթում ես: Համենայն դեպս բոլոր ճակատագրական եւ նվազ ուժերով հաղթանակների պատմությունը պատմության դասագրքերում հենց այդպիսին է: Հիմա ո՞վ է ո՞ւմ խաբում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված` աշխա՞րհը մեզ, թե՞ մենք աշխարհին, համենայն դեպս, սովորական հայ քաղաքացին, կամ, ինչպես ասում են, միջին վիճակագրական հայը հենց այս կարգավիճակում էլ իրեն զգում է` որ իրեն ինչ-որ անհայտ ու անհասկանալի նպատակով շեղում են: Ճիշտ է, դեռ չգիտի, թե վտանգը ո՞ր կողմից է գալիս, որտե՞ղ կենտրոնացնի ուշադրությունը, բայց մի քանի ուղղությամբ թոզ-փչոցին ողջ մաշկով զգում է: Հիշո՞ւմ եք, 1988-ին, երբ ազգովին Ազատության հրապարակում էինք ու նորմալ մարդու մտքով չէր անցնում ուրիշ բանով զբաղվել, գտնվեցին մարդիկ, որոնք հենց այդ պահին ընդհանուր զգոնության թուլացման պատճառով գրպանում էին «նախնական կապիտալի» իրենց առաջին հազարները, իսկ հետո որոշող դարձան ու շատ դեպքերում որոշում էին, ոչ ավել-ոչ պակաս, իրենց ժամանակը միտինգներին կամ երկրի պաշտպանությանը տրամադրած մարդկանց ճակատագիրը, նրանք մաշկով զգացել էին իրենց «անելիքը»: Պատմության մետամորֆոզները մարդն ուղղել չի կարող, սակայն ճիշտ զգալ, նախազգալ, կանխել կարող է... եթե սովորի իր սխալներից սովորել: Հիմա հենց այդպիսի մի ժամանակ ենք ապրում կարծես: Խորությամբ ազգի մեծ մասը չի ըմբռնում` ի՞նչ է կատարվում, ինչի՞ վրա կենտրոնացնի իր ուշադրությունը, որ հետո չափսոսա, մի քանի ուղղությամբ այնպիսի զուգահեռ պրոցեսներ են, որ օձի խելք է հարկավոր ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար: Մյուս կողմից էլ` ճգնաժամն, այնուամենայնիվ, Հայաստան հասել է, մարդկանց ձեռքին փող չկա, ի՞նչ անեն, որ ինֆարկտ չստանան-մեռնեն ելքերը որոնելիս: Դրա պատասխանը վաղուց աշխարհը կառավարողների մակարդակով տվել է` տեսարաններ եւ հաց, որ ժողովուրդը չընդվզի: Հացի խնդիրը դժվարանում է, մնում են տեսարանները, որոնց տեղ ամեն ինչ կարող է անցնել` ե՛ւ հայ-թուրքական սահմանի բացման խոստում, ե՛ւ խոզի գրիպ (մեծ երկրներն էլ ունեն տնտեսական ճգնաժամից մարդկանց մտքերը շեղելու խնդիր), ե՛ւ...անգամ քաղաքային ավագանու ընտրություններ: Էլ չասած, որ դրանք երբեմն կոնկրետ մարդկանց համար կոնկրետ գումարի չափով կոնկրետ հաց կարող են ապահովել: Պահը ողբերգակատակերգական է, այն, որ ասում են` ծիծաղում են արցունքոտ աչքերով: Մեկն ասում է` երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը շեղվել է, ու դուրս է գալիս կոալիցիայից, հասարակության համապատասխան հատվածը մնում է մոլոր. հը՞, գուցե ճիշտ է, գուցե ինչ- որ բանի դե՞մն է պետք առնել: Մի ուրիշն ասում է` չէ, էս առաջինները միշտ էլ բոլոր ընտրություններից առաջ ընդդիմադիր են դառնում, մի հավատացեք, առանց նախապայմանների սահմանի բացումն է ճիշտ, մե՛զ հավատացեք. հայ քաղաքացին նորից անելիքը չգիտի: Երրորդն այս բոլորին շատ հանգիստ է վերաբերվում, ոչ մի անհանգստություն, էլի հայ է, չէ՞, որ մի վտանգ լիներ, ախր, կանհանգստանար` սուս- փուս իր ընտրարշավին է, ուրեմն հայ-թուրքական այս միստերիան «ֆուֆու» բան է, մեր չափ չի՞ հասկանում, որ չի անհանգստանում... Ու այսպես-տալիս առնում է միջին վիճակագրական հայը` նարդու սեղանի մոտ, կուսակցական գրասենյակներում, տոնավաճառներում իր առեւտրին, իր նախասիրած ավագանու ու նրա ղեկավարի համար «100 տոկոսանոց ցուցակ» կազմելիս, ՀՅԴ-ի թողած պաշտոններում իրենցից հնարած թեկնածուներին նշանակել-հանելով:
Համենայն դեպս, սփյուռքի անհանգստությունը` «ճանապարհային քարտեզի» հետ կապված, Հայաստանին այնքան էլ չի փոխանցվել, քանի որ մերոնք գլխովին նետվեցին ընտրարշավի մեջ` մոռանալով հայ-թուրքական սահման, Մինսկի խմբի համանախագահների անհասկանալի աշխույժ երթուդարձ, ուրիշ-ուրիշ վտանգներ ու հիմա բացառապես խոսում են «Օրինաց Երեւանի», «Բարգավաճ Երեւանի», «Բակային Երեւանի» մասին: ՀԱԿ-ն էլ ասում էր, թե մայիսի 4-ից են սկսում ընտրարշավը, բայց լավ էլ մայիսի 1-ից սկսեցին` հանրահավաքով եւ երթով: ՀԱԿ-ի կողմնակիցների մի մասը հիասթափված էր` թե Տեր-Պետրոսյանը շատ մեղմ ելույթ ունեցավ, հայ-թուրքական հարցում համարյա Սերժի պես էր մտածում, դե «1:0 հօգուտ Թուրքիայի» էլ ձեռքի հետ մի բան էր` ասաց, իսկ հաջորդ հանրահավաքին թե էս տեսակ խոսի` պրծավ... Դաշնակներին էլ բան չասաց, կամուրջները չի այրում, ինչպես եւ «Ժառանգության» հետ:
Ընտրարշավին դեռ կհետեւենք, առայժմ հետաքրքրական իրավիճակը ֆիքսենք. եթե ՀՅԴ-ն իսկապես ընդդիմադիր է, ապա ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը կազմված են երեքական միավորներից` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ-իշխանություն, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»-ընդդիմություն: Փաստորեն քաղաքային ավագանու ընտրություններում միայն «Ժառանգությունը» շահեր չունի, մնացածը մրցակցելու են, ընդ որում` կատաղի, իրարից ընտրող փախցնելով, եւ իշխանության խնդիրն ավելի դժվար է լինելու, քանի որ նրա նույն սուղ էլեկտորատն է եռատվելու: Առաջին երկու օրվա ընտրարշավի հպանցիկ հանրագումարով տեսանելի է, որ բոլորից լուրջ ԲՀԿ-ն է տրամադրված քաղաքապետ ունենալու, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում ընտրարշավին, ինչը ՀՀԿ-ի դեպքում անիրականանալի է, քանի որ նրանց փաստացի առաջնորդ Սերժ Սարգսյանը դա ի պաշտոնե անել չի կարող, եւ գուցե չի էլ ուզենա` հավասար մրցակցության գոնե արտաքին երեւույթն ապահովելով, իսկ թե ո՞վ կքաշի ՀՀԿ-ի քարոզչության լուծը, անկախ Գ. Բեգլարյանից` շուտով պարզ կլինի: Արթուր Բաղդասարյանն էլ կարծես դեմ չէ ՕԵԿ-ի ընտրարշավին մասնակցելու, դե, եթե ՀԱԿ-ի ցուցակի գլխավոր Տեր-Պետրոսյանը չխորշեց ցուցակ գլխավորելուց եւ քարոզչության գլխավոր դրոշակակիրը լինելուց, բոլորն ակամա տեղավորվեցին այդ հարթության վրա: Իսկ թե կստանա՞ ընդդիմադիր էլեկտորատի` ՀԱԿ-ից հիասթափված, «Ժառանգության» միջոցով նյութականանալ չհաջողեցրած ձայները ՀՅԴ-ն` անակնկալ մատուցելով ողջ քաղաքական արիալին` շատ շուտով պարզ կլինի: Մնացյալը` հաջորդող օրերին:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ