Լրագրողին ծեծի ենթարկելըկարծես դառնում է ավանդույթ
Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի արդեն տեւական ժամանակ իրեն զգում է անպաշտպան: Երկրում սպանում են ոստիկանապետի տեղակալին, հարձակում կատարում արքեպիսկոպոսի վրա, իսկ քաղաքում կրակոցները դարձել են, ցավոք, սովորական երեւույթ: Ապրում ենք մի հասարակարգում, երբ յուրաքանչյուր ոլորտում թողտվություն է, երբ ամեն մի օլիգարխ, չինովնիկի որդի, «ջիպով լավ տղա» կարող է կատարել անօրինականություններ, մարդ սպանել, բռնություն կիրառել ու մնալ անպատիժ:
Մեր երկրում բազմաթիվ բացթողումների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, բոլոր համակարգերում ծայրաստիճան կոռումպացվածությանը, կաշառակերության անտրամաբանական ծավալների հետ մեկտեղ հաճախ է խախտվում մամուլի ազատությունը: Մայիսի 3-ին աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը նշում էր խոսքի ազատության օրը, մինչդեռ Հայաստանում ազատ մամուլի առաջընթացը վերլուծելու փոխարեն լրագրողներն արձանագրում էին, որ մասնագիտական գործունեության համար դաժան ծեծի ենթարկվեց եւս մեկ լրագրող: Խոսքը Armenia Today լրատվական կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի մասին է: Դեպքի առնչությամբ կարծիք են արտահայտել շատերը` իշխանությունը, ընդդիմությունը, լրագրողական կազմակերպությունները, բոլորն էլ դատապարտել են կատարվածն ու հույս հայտնել, որ միգուցե դեպքը բացահայտվի, մեղավորներն արժանի պատիժ ստանան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը լրագրողին ծեծի ենթարկելու կապակցությամբ «Բագին ինֆո» լրատվական կայքին պատասխանել էր. «Տեղի ունեցած բռնությունը անթույլատրելի է: Ցավոք, առաջին անգամ չէ, երբ իմ գործընկերների նկատմամբ բռնություն է կիրառվում կամ խոչընդոտվում է նրանց մասնագիտական գործունեությունը: Հետեւությունը մեկն է. մեղավորների բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը լավագույն երաշխիք են նման դեպքերի բացառման եւ այն մտայնության նահանջի, թե նման գործելաոճով կարելի է նման հարցեր լուծել: Դեպքի հետ կապված Հայաստանի Հանրապետության նախագահը իրավապահ կառույցին տվել է համապատասխան հանձնարարականներ»:
Լրագրողի դեմ կատարված բռնարարքին արձագանքել է նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: «Իհարկե դատապարտում ենք այսօրինակ արարքները: Հայաստանի ժուռնալիստների միությունը այլեւս հայտարարությամբ չի ներկայանալու, որովհետեւ հոգնել ենք հայտարարություններ անելուց: Պատասխան չունեմ, թե ինչպես պետք է միությունը պաշտպանի իր լրագրողներին: Դա պետության գործն է, նա պետք է պաշտպանի նրանց: Մի՞թե իրավապահ մարմիններին դժվար է հետամուտ լինել ու գործը բացահայտել: Եթե մեկ դեպք քննարկվի, մնացածը կկանխվի», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Գեւորգյանը:
Սակայն ցավալին այն է, որ հասարակության մեջ կա այն մտավախությունը, թե սա էլ կհամալրի այն չբացահայտված գործերի շարքը, որոնք այնքան շատ են մեր քննիչների դարակներում:
Իսկ ինչ վերաբերում է մամուլի եւ խոսքի ազատությանը, Freedօm House կազմակերպությունը հրապարակել է աշխարհի մամուլի ազատությանը վերաբերող հերթական զեկույցը: Մինչ զեկույցը ներկայացնելը կազմակերպության ներկայացուցիչներն ահազանգում էին մամուլի ազատության սահմանափակման մասին: Համաձայն ներկայացված զեկույցի, Հայաստանը կրկին մնացել է «ոչ ազատ» երկրների շարքում: Զեկույցում ամփոփված են 2008-ի զարգացումները: Հայաստանը 68 միավորով Սինգապուրի հետ 151-րդ տեղում է, նախորդ զեկույցում Հայաստանը գրավել էր 144-րդ տեղը հավաքած 66 միավորով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ