(ՊՐՈՖԵՍՈՐ ԷԴԻԿ ԱՐՏԵՄԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
Լրանում է վաստակաշատ պատմաբան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի ծննդյան 70-ամյակը: Վաստակաշատ գիտնական ու ճանաչված մտավորական Է. Զոհրաբյանի կյանքի տարեգրությունը արգասաբեր ու շնորհաշատ պատմաբանի կենսագրություն է:
Ծնվել է 1939թ. մայիսի 5-ին Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում: 1956թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1959-ինՙ Երեւանի Լեռնամետալուրգիական տեխնիկումը, ապա ծառայել է Խորհրդային բանակում, որից հետո 1962թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, որտեղ որպես գերազանցիկ ստացել է Հ. Մանանդյանի անվան կրթաթոշակ: 1967թ. գերազանցության դիպլոմով ավարտելով պատմության ֆակուլտետը ընդունվել է ասպիրանտուրա: 1968թ. սեպտեմբերից անցել է դասախոսական աշխատանքի ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնումՙ զբաղեցնելով նախ ասիստենտի, ապա ավագ դասախոսի (1974), դոցենտի (1978) եւ պրոֆեսորի (1987) պաշտոններ: 1993թ. ապրիլին պրոֆեսոր Է. Զոհրաբյանը ընտրվել է նորաստեղծ «Միջազգային հարաբերությունների տեսության եւ պատմության» ամբիոնի վարիչ (1998թ. ամբիոնը վերանվանվել է «Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության»): 1998թ. սեպտեմբերին ստանձնել է նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը, որը մեծ հաջողությամբ վարել է մինչեւ 2008թ. ապրիլ ամիսը: Շուրջ մեկ տարուց ավել է նա նորից ղեկավարում է իր իսկ հիմնադրած ամբիոնը: Գիտահետազոտական ու վերլուծական անվիճելի կարողությունները, արխիվային հարուստ նյութերի իմացությունը, աղբյուրագիտական խոր գիտելիքները նրան ապահովել են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ:
Պրոֆեսոր Է. Զոհրաբյանի գիտական հետազոտությունների արդյունքները ամփոփված են նրա 60-ից ավելի հոդվածներում եւ 5 մեծածավալ մենագրություններում: Խորը եւ բազմակողմանի գիտելիքները, միանգամայն ինքնուրույն դատողությունները, տրամաբանական եզրակացություններ անելու նրա ունակությունները հնարավորություն են տվել նշանավոր պատմաբանին քննվող հարցերին մոտենալ նորովի, նոր հարցադրումներով: Նշանավոր պատմաբանը հայ դիվանագիտության պատմության ճանաչված մասնագետ է: Հենց քննական եւ մանրակրկիտ վերլուծական նախանձելի կարողությունները նրան հնարավորություն են տվել զբաղվելու հայոց նորագույն շրջանի, հատկապես 1918-1922թթ. բարդ ու խճճված հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Այդ ժամանակահատվածի Հայաստանի Հանրապետության, ապա Խորհրդային Հայաստանի միջազգային դրության եւ արտաքին քաղաքականության շատ հիմնահարցեր լուսաբանվել են լայնախոհ գիտնականի ոչ միայն թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններում, այլեւ նրա մյուս աշխատություններում եւս: Բազմաթիվ արխիվային նորահայտ փաստաթղթերի վերլուծության շնորհիվ Է. Զոհրաբյանին հաջողվել է շարադրել վերոնշյալ բարդ ու հակասական ժամանակաշրջանի լիակատար պատմությունը, բացահայտելով շրջադարձային, բախտորոշ իրադարձություններն ու տալով նրանց գիտական բացատրությունները:
Դեռեւս 1979թ. լույս տեսած «Սովետական Ռուսաստանը եւ հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922թթ.» իր առաջին մեծածավալ աշխատության մեջ մեր պատմագրության մեջ առաջին անգամ Է. Զոհրաբյանը համարձակ կերպով ուսումնասիրելով ԽՍՀՄ պայմաններում «փակ» ու չափազանց բարդ համարվող այս թեման, կարողացավ հետազոտել ոչ միայն Խորհրդային, այլեւ նախորդ շրջանի հայ-թուրքական հարաբերությունները, մանրամասն քննելով Ալեքսանդրապոլի, Մոսկվայի եւ Կարսի կոնֆերանսներն ու նրանցում ստորագրված պայմանագրերը, դիվանագիտական այն հսկայական գործունեությունը, որը նախորդել էր այդ կոնֆերանսին:
1980-ական թվականներից Զոհրաբյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում եղել են հայ-իրանական հարաբերությունների եւ եվրոպական երկրների հետ Հայաստանի առեւտրատնտեսական առնչությունների պատմությունը: Նա ընթերցողներին է ներկայացնում երկու կարեւոր ուսումնասիրություններՙ «Սովետական Ռուսաստանը եւ հայ-իրանական հարաբերությունները 1920-1922թթ.» (1985թ.), եւ «Եվրոպական երկրների հետ Հայաստանի առեւտրատնտեսական առնչությունների պատմությունից» (1987թ.): Հեղինակը առաջին անգամ ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Իրանի Հանրապետության փոխհարաբերությունները, դեսպան Հ. Արղությանի գործունեությունը, լուսաբանում Խորհրդային Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված քաղաքական եւ տնտեսական կապերը: Պրոֆեսոր Զոհրաբյանը նաեւ առաջինն է ուսումնասիրել Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի հետ Հայաստանի առեւտրատնտեսական կապերը:
Գիտական մեծ արժեք է ներկայացնում հեղինակի 1997թ. հրատարակած «1920թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները» ուսումնասիրությունը, որում հանգամանորեն բացահայտված են ռազմաքաղաքական նոր իրադրությունը տարածաշրջանում, Հայաստանի միջազգային դրությունը, արտաքին քաղաքականությունը, քեմալա-բոլշեւիկյան մերձեցումը, թուրք-հայկական պատերազմի ընթացքը, տերությունների դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը եւ Հայաստանի Հանրապետության պարտության պատճառները: Ցույց տալով քեմալականներիՙ Հայաստանի վրա հարձակման դիվանագիտական եւ ռազմական նախապատրաստությունները, Է. Զոհրաբյանը ցավով արձանագրում է, որ «ինչպես շատ պատերազմներ, այնպես էլ այս պատերազմը Հայաստանը տանուլ էր տվել դիվանագիտության ասպարեզումՙ մինչեւ նրա սկսվելը»: Այսօր էլ Է. Զոհրաբյանի գիտական հետաքրքրությունների մեջ եղել ու մնում է պատմական Հայաստանի Շարուրի եւ Նախիջեւան գավառների հայաթափության եւ Հայաստանից անջատման պատմությունը 1918-1921թթ.: Գիտնական հայագետին հատուկ բարեխղճությամբ ու խորը տեսական վերլուծությամբ պրոֆեսոր Զոհրաբյանը ուսումնասիրեց այդ կարեւոր հիմնահարցը եւ արդեն 2000թ. հրատարակեց եռամաս մենագրության առաջին «Ազգամիջյան կռիվները Երեւանի նահանգում 1918թ.», իսկ 2002թ. երկրորդ «Նախիջեւանյան հիմնահարցը եւ Հայաստանի դաշնակիցները» գրքերը:
Այս արժեքավոր մենագրություններում փաստերի մանրակրկիտ ու հիմնավոր վերլուծությամբ ցույց է տրված Անտանտի տերությունների քաղաքականությունը Նախիջեւանի հարցում, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները, որի հետեւանքով ավարտին հասցվեցին Շարուր-Նախիջեւանի եւ Գողթանի հայության ջարդն ու բռնագաղթը: Համոզիչ փաստարկներով հեղինակը ապացուցում է, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն իր բոլոր դրսեւորումներով:
Պրոֆեսոր Է. Զոհրաբյանը գիտության եւ կրթության հմուտ կազմակերպիչ է: Նրա ղեկավարությամբ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եւ ամբիոններում մեծ ու արգասաբեր աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի ներդաշնակ կազմակերպման, միջազգային հարաբերությունների եւ հայ դիվանագիտության պատմության ծրագրերի, ուսումնական պլանների գիտական մշակման եւ ուսումնական ձեռնարկների ստեղծման ուղղությամբ: 40 տարուց ավելի դասավանդելով Երեւանի պետական համալսարանում պրոֆսոր Է. Զոհրաբյանը անմնացորդ նվիրումով շարունակում է իր գիտելիքները հաղորդել բազմաթիվ ուսանողների, որոնց մի մասն աշխատանքի է անցել պատմության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում, իսկ շատ շատերը արտաքին գործերի նախարարությունում, դեսպանություններում եւ այլուր:
Նրա դասախոսություններին բնորոշ են նյութի մատուցման բարձր գիտական մակարդակը եւ մատչելիությունը: Անուրանալի են պրոֆեսոր Է. Զոհրաբյանի ծառայությունները երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ, ինչի վկայությունն են նրա ղեկավարությամբ պաշտպանված ու պատրաստվող թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները: Անաչառությունը, ազնվությունը, սկզբունքայնությունը, բարեխղճությունը, պահանջկոտությունը, ու բարձր պատասխանատվությունը սեփական անձի եւ շրջապատի նկատմամբ պրոֆեսոր Է. Զոհրաբյանի կենսագրության մշտական բնութագրիչներն են: Նա մի շարք գիտական խորհուրդների անդամ է եւ գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական եւ միջազգային բազմաթիվ գիտաժողովներում:
Պրոֆեսոր Է. Զոհրաբյանը լինելով պատմական ճշմարտության եւ հարազատ ժողովրդի ազգային շահերի նվիրյալը, երիտասարդական ավյունով ու պատրաստակամությամբ շարունակում է իր գիտամանկավարժական եւ կազմակերպչական գործունեությունը: Զարմանք է պատճառում պրոֆեսորի աշխատասիրությունը: Լինելով բացառիկ ունակությունների տեր անձնավորություն, նա պարզ է, անկեղծ ու բարյացակամ:
Սրտանց շնորհավորելով վաստակաշատ ու մեծանուն գիտնականի ծննդյան 70-ամյա հոբելյանը, նրան ցանկանում ենք քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ գիտամանկավարժական ստեղծագործական հարատեւ ու բեղուն գործունություն ի փառս հայագիտության եւ հայ ժողովրդի:
ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ,
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ