«21-րդ դարի հեռանկարներ» երեւանյան տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է Մոսկովյան «Զատկի փառատոնին»: Ինչը բացառիկ հնարավորություն է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարած Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Ռ. Վագների, Պ. Չայկովսկու, Է. Միրզոյանի ստեղծագործություններն ունկնդրելու:
«Երաժշտությունն ինձ համար աշխատանք չէ, բայց եւ դժվարանում եմ ասել, թե կյանքս է: Պարզապես գիտեմՙ եթե երաժշտությունը հարազատ գործ չլիներ ու զբաղվեի մեկ այլ գործովՙ կյանքս այսչափ հետաքրքրական չէր լինի», իր ներկայությունը երաժշտական աշխարհում այսկերպ գնահատեց Վալերի Գերգիեւը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մինչդեռ ոլորտի գիտակներն ու պարզապես երաժշտության սիրահարները ուղղակի հիացմունք են արտահայտում Գերգիեւի արվեստի, անձի առնչությամբ, մասնավորապես The Guardian պարբերականը գրել է. «Հիացած ենք Վալերի Գերգիեւի հիրավի ոգեւորիչ կատարողականությամբ, որը, նրա անհավանական էներգետիկայի, երաժշտության հանդեպ ունեցած կրքոտության եւ ընկերական որակների հետ մեկտեղ նրան ուղղակի բացառիկ բարձրակետի է հասցրել երաժշտական աշխարհում»:
Մինչ աշխարհահռչակ դառնալըՙ 1981 թվականին Վալերի Գերգիեւը ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկնաբանելով նորովի ու թարմ շնչով: Այդ առնչությամբ նա երեկ ասաց. «Չորս տարվա աշխատանքը Հայաստանում ինձ համար ահռելի, չափազանց մեծ կարեւորություն ունեցող ստեղծագործական փորձառություն էր, որն անգնահատելի է: Այդ տարիներին շատ ընկերներ ձեռք բերեցի: Նրանցից մի քանիսին երեկ հանդիպեցի, մյուսները, ցավոք, ողջ չեն»:
Դիրիժորը վերջին անգամ քսանմեկ տարի առաջ է եղել Երեւանումՙ կարճատեւ այցով: Նպատակն էր հանդիպել ընկերներին. «Սիրում եմ հետաքրքիր մարդկանց, որոնց հետ կարելի է ընկերություն անել: Հայերի մեջ շատ եմ հանդիպել նման մարդկանց»:
Երեւանյան համերգին, որն ինքնին կարեւոր երեւույթ է հայաստանյան երաժշտական կյանքում, նախորդեց վարպետության դասը Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայում, որտեղ կայացավ բաց դաս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան):
Մասնագիտական խորհուրդ-գնահատականից զատ Վալերի Գերգիեւը նաեւ ասաց. «Պետք է աջակցել երիտասարդությանը: Լուսավոր ապագայի միակ բանալին դա է»:
Ն. Պ.