Վրաստանի մայրաքաղաքի հայ մշակույթի գործիչների պանթեոնում այսօր հողին կհանձնվի մեզանից վաղաժամ բաժանված 1960-ականների ազնվադեմ սերնդի, ազգային գեղանկարչության եզակի դեմքերից Գայանե Խաչատուրյանը: Եվ մենք մշտատեւ ցավով պիտի հիշենքՙ վաղաժամ հանգեց անկրկնելի գեղեցկություններ ծնող ստեղծագործական հրաշալի մի օջախ:
Կախարդական Թիֆլիսը, թատերական բեմ հիշեցնող իր հնամենի բակերով, բնիկ ագուլեսցի մայրը` պատմողի իր հազվագյուտ ձիրքով, պատանության տարիներին երանելի հող են ստեղծել Գայանեի ֆանտաստիկ աշխարհի համար:
Նկարչական առաջին քայլերն անող աղջնակն արդեն գիտեր, որ նույն ծառը տարբեր բակերում տարբեր ստվեր է գցում, որ շրջապատող միջավայրում ինքը պետք է գտնի ու բացահայտի իրեն` ներսից հորդող երբեմն բերկրալի, երբեմն թախծոտ, երբեմն էլ մռայլ հնչերանգներով:
Իր երեւակայության պրիզմայի միջով կյանքին նայող Գայանեն մարդկանց, առարկաների, կենդանիների մեջ հայտնաբերում էր այլակերպություններ, խորհրդանիշներ, զարմանահրաշ տեսիլներ, որոնք արտացոլում էին իր ապրումների, անուրջների, երազների բովանդակ բարդությունը:
Հեշտ չէ մուտք գործել Գայանեի աշխարհը: Սակայն` միայն իրեն պատկանող այդ աշխարհը նա կառուցում ու մատուցում է մեզ այնպես, որ ակամայից դարձնում է նաեւ մերը:
Մոր մահից հետո Գայանեն ստիպված էր հեռանալ հին քաղաքի ոգու մաս կազմող իրենց տնից եւ վերաբնակվել Թբիլիսիի ծայրամասում գտնվող ժամանակակից, բազմահարկ շենքում: Կտրվեցին իրական ֆանտազիայի թելերը:
«Եթե ես այստեղ ծնվեի, մի ծաղիկ իսկ չպիտի կարողանայի նկարել»,- խոստովանում էր նկարչուհին: Բայց նրա հոգում կենդանի մնացին մանկության հուշերը, մոր պատմություններն անմոռանալի Ագուլիսի մասին եւ, վերջապես, արվեստագիտուհու մենասեր, երազկոտ հոգին... Այս ամենն անընդհատ սնել ու չհանգող հիշատակի է վերածել նրա խորհրդավոր երանգապնակը:
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ