«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆԸ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԿԵԱՆՔ

(Անգինէ Մուրադեանի մասինՙ «անցեալ» ժամանակով)aq

Լոս Անճելըսից հեռաձայնը Անգինէ Քէշիշեան-Մուրատեանի մահուան գոյժը բերեց վաղ առաւօտեան: Չկայ այլեւս հանրածանօթ եւ սիրուած երգչուհին, խորունկ երաժշտագէտն ու հմուտ մանկավարժը: Նա իր մահկանացուն կնքեց կարճ հիւանդութիւնից յետոյՙ 2009-ի Ապրիլ 23-ին:

Անգինէն շուտով բոլորելու էր իւրատեսակ յոբելեանՙ Մայիս 15-ին դառնալու էր 85 տարեկան:

Իր կեանքն էլ ոդիսական էր «շատերու պէս». ծնուել էր Երուսաղէմում, այստեղ ստացել երաժշտական ուսում, ապա անցել նշանաւոր Էդիթ Բորոշէկի վարպետութեան դպրոցը: Թէ՛ Մերձաւոր Արեւելքում, թէ՛ Միացեալ Նահանգներում նրա յղկուած թաւշեայ, հարուստ ու բազմերանգ ձայնը գրաւում էր դասական ու ազգային երաժշտութեան սիրահարներին: Անգինէն անմիջապէս առանձնացաւ իր միջավայրում. նրան գնահատում էին հայ եւ օտար մասնագէտները, գուշակում փայլուն ապագայ:

Անգինէի ձայնը, յիրաւի, դիւթիչ էր. գուցէ նա կարող էր օպերային եւ դասական երաժշտական աշխարհում աւելի նշանակալից դեր խաղալ, բայց ընտրեց երաժշտութեան ազգային ասպարէզը, կանգնեց իր երկու եղբայրներիՙ Օնիկ եւ Օշին Քէշիշեանների հետ ազգային մշակոյթի, կրթութեան պաշտպանութեան դիրքերին: Սփիւռքի մէջ նա դարձաւ եկեղեցական միջնադարեան երաժշտութեան, Կոմիտասի, Բարսեղ Կանաչեանի, Շահան Պէրպէրեանի, Համբարձում Պէրպէրեանի լաւագոյն մեկնաբանողներից մէկը: Քչերը կարող էին մրցել իր հետ Ս. Պատարագի ընթացքին «Վերաբերումի» շարականի, Ոտնլուայի «Սիրտ իմ սասանի» կամ Խաչելութեան «Ո՞ւր ես, Մա՛յր իմ» կատարումներով, ձայնածաւալութեամբ: Նորագոյնն ու հնագոյնը ներկայացնում էր տարիներ շարունակ առանձին զմայլանքովՙ ազդու ու դրամատիկ շնչով:

Պատահական չէր, որ Կոմիտասի ու Թումանեանի հարիւրամեակի տարինՙ 1969-ին, ընտրեալների շարքում նա հրաւիրուեց Հայաստանՙ մենահամերգների, ուր նրան նուագակցում էր Մարիանա Յարութիւնեանը: Այնուհետեւ կապը Հայաստանի հետ եղաւ յաճախադէպ, բայց ոչ սովորական իր ու հանդիսատեսի համար:

Տարիներ շարունակ Անգինէ Մուրադեանը համագործակցել է «Լարք» երաժշտական ընկերակցութեան հետ, դասաւանդել Լոս Անճելըսի «Մեսրոպեան» եւ «Ալեք Փիլիպոս» վարժարաններում, մշակել է ձայնավարժութեան մեթոդիկա, սփիւռքահայ մամուլի մէջ գրել երաժշտագիտական շահագրգիռ յօդուածներ: Սերտ էին նրա կապերը «Թէքէեան Մշակութային Միութեան» եւ «Հայ Օգնութեան Միութեան» հետ:

Ուղիղ տասը տարի առաջ նա հրատարակել է «Կենաց երգեր» ժողովածուն, ուր մասնագիտական բարեխղճութեամբ դասդասուած են հայրենական, ռազմի, ժողովրդական, գուսանական հեղինակային լաւագոյն երգերը, երաժշտական եզրերի բառարանը, երգահանների համառօտ տուեալները, հատոր, որը կարճ ժամանակում վերահրատարակուեց:

Իր բարդ ժամանակի մարդն էր Անգինէ Քէշիշեան-Մուրատեանըՙ երաժշտական, գրամշակութային լայն ու խոր կապերովՙ հայրենիքի ու Սփիւռքի հետ ընդելուզուած: Իր կորուստը այս օրերին ոչ թէ այդ կապերի խզումն է, այլ նրաՙ արդէն ամբողջացած երեւոյթի իմաստաւորումը: Իսկ դա առաջին հերթին անհրաժեշտ է մեզ:

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4