«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵԶՈՔԱՑՎՈՒՄ Է»

«Հայաստանի անկախության հռչակումից ի վեր Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառել է ուղղակի հարկադրանքի քաղաքականություն: Շրջափակման միջոցով Թուրքիան փորձել է հասնել սեփական որոշ խնդիրների առաջքաշմանը եւ դրանց հնարավոր բավարարմանը», համոզված է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը :

Այստեղից էլ, ըստ Բեքարյանի, ի հայտ են գալիս տխրահռչակ նախապայմանները, որոնք մշտապես հնչել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետ կապված:

Նախապայմաններ ասելով Բեքարյանը պատկերացնում է ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի բավականին դեստրուկտիվ կեցվածքը, որը միշտ եղել է. «Դա ոչ միայն վերաբերել է Հայաստանի հետ երկկողմ բացակայող հարաբերությունների խնդրին, այլեւ հնարավոր միջազգային ատյաններում Թուրքիայի դիրքորոշմանը: Հետեւաբար, այսօրվա ընթացքը արձանագրում է մի հետաքրքրական իրավիճակ, եւ ես կարծում եմ, որ «ճանապարհային քարտեզը» երբ հրապարակվի, այդտեղ նույնպես մենք կարձանագրենք հետեւյալը` Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը չեզոքացվում է», նշում է Բեքարյանը:

«Այսօրվա հայտարարության մեջ (նկատի ունի ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ստորագրած հայտարարությունը) որեւէ բառ, որեւէ խոսք ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին չկա: Իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանին սա առավել քան անհրաժեշտ է», նկատում է Բեքարյանը:

Որքանով է արդարացված հայ-թուրքական սահմանի բացումը հարցը Կարեն Բեքարյանը ոչ կոռեկտ է համարում, որովհետեւ սահմանը փակողը հայերը չեն: «Բացել-չբացելը մեր ձեռքում չէ: Մենք կարող ենք բանակցել բացելու համար, բայց այդ բանալին մեր ձեռքում չէ», նշեց նա:

Ինչ վտանգներ կբխեն սահմանը բացելուց:

Նա կարծում է, որ ռազմավարական ծրագիր պետք է մշակվի, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարձանագրվի, թե տնտեսական, մշակութային եւ քաղաքական ինչ հետեւանքներ կունենա սահմանի բացումը Հայաստանի համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4