«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


ԹՈՂ ՀԱՂԹԻ ՆԱ, ՈՎ ԿՎԱՍՏԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ

«Նոր Երեւան, նոր հնարավորություններ, նոր պայմաններ երեւանցիներին» կարգախոսով առաջնորդվող «Օրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը տեղի ունեցավ Ավան համայնքում: Հանդիպման ներկաները մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հույսը կապում են այս քաղաքական թիմի հետ, քանի որ, ինչպես իր խոսքում նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը , «Մարդիկ մեզ ճանաչում են մեր գործերով, որովհետեւ գործերն ավելի արժեն, քան խոսքերը` սկսած ավանդների վերադարձման գործընթացից, վերջացրած մրցակցային կրթությունով, որն այսօր իրականություն է:» Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է լայնածավալ բարեփոխումներ բոլոր ոլորտներումՙ քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, սոցիալական, կրթական...Իսկ բարեփոխումների իրականացման համար քաղաքապետի միակ կին թեկնածուն ակնկալում է հատկապես կանանց աջակցությունը. «Ես ուզում եմ կանգնել բոլոր կանանց կողքին, այն կանանց, որոնք մանկավարժներ են, բժիշկներ են, երիտասարդներ են ու հաշմանդամներ, կենսաթոշակառուներ, այն կանանց կողքին, ովքեր միայնակ մայրեր են, ովքեր աշխատանք չունեն: Բոլոր կանանց հոգածություն է պետք: Եվ ես վստահ եմ, առաջիկա ընտրություններին բոլոր կանայք, մայրերը, քույրերը, երիտասարդ աղջիկներն աջակցելու են ինձ` միասին լուծելու այն բոլոր հիմնախնդիրները, որոնք ծառացած են կանանց առջեւ... Եկեք փորձենք միասին ձեռք ձեռքի տալ, միասին տեր կանգնել մեր քվեներին եւ վաղը ունենանք նոր Երեւան, պայծառ, լուսավոր Երեւան»:

ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում գտնվող թեկնածուներ` բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը եւս ներկայացրին առկա խնդիրները, որոնց լուծման ուղիները նշված են ՕԵԿ նախընտրական ծրագրում:

Հանդիպման ավարտին ՕԵԿ նախագահը պատասխանեց հնչեցված բազմաթիվ հարցերի եւ կոչ արեց, որ կատարեն ճիշտ ընտրություն. «Մենք չենք առաջարկում 5000 դրամ, մենք առաջարկում ենք կենսունակ ծրագիր: Թող հաղթի նա, ով կներկայացնի, իրոք, բարեփոխումների ծրագիր, թող հաղթի նա, ով կվաստակի ժողովրդի վստահության քվեն»: Որպես պատասխան, ներկաները վստահեցրին, որ այս անգամ եւս իրենք կանգնելու են ՕԵԿ-ի կողքին եւ տալու են իրենց վստահության քվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4