Դուբայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում մեծ հաջողության հասան Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը, որոնք ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի հետ դարձան մրցաշարի հաղթողներ: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը զբաղեցրեց Տիգրան Քոթանջյանը, իսկ Աշոտ Անաստասյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Հիշեցնենք, որ ավարտական տուրից առաջ 6,5 միավորով աղյուսակը գլխավորում էին Քոթանջյանն ու Բոչարովը, իսկ Անաստասյանը մի խումբ շախմատիստների հետ նրանցից հետ էր մնում կես միավորով: Եվ ահա առաջատարներին հետապնդող շախմատիստներից միայն Աշոտ Անաստասյանին հաջողվեց 9-րդ տուրում հաղթանակ տոնել: Հայ գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց Պրասադ Արունին եւ վաստակեց 7 միավոր: Տիգրան Քոթանջյանը սպիտակներով խաղում էր գրոսմայստեր Պավել Մալետինի հետ: Հաղթանակի դեպքում Տիգրանը կդառնար մրցաշարի միանձնյա հաղթող: Սակայն դա նրան չհաջողվեց: Մրցակիցները հաշտություն կնքեցին: Դմիտրի Բոչարովն էլ սեւերով չկարողացավ հաղթել Գադիր Հուսեյնովին` բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, երեք շախմատիստներ վաստակեցին հավասար` 7-ական միավոր: Մրցանակային տեղերը բաշխվեցին լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով:
Մրցաշարին մասնակցած մեր մյուս շախմատիստներից լավագույն արդյունքի հասավ Հրանտ Մելքումյանը: Նա 6 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը: Ավարտական տուրում նա սպիտակներով պարտության մատնեց Սրինաթ Նարայանանին: 5,5-ական միավոր վաստակեցին Սուրեն Պողոսյանն ու Դավիթ Հարությունյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 28-րդ եւ 31-րդ տեղերը: Պողոսյանը ոչ-ոքի խաղաց Լաքսմանի հետ, իսկ Հարությունյանը պարտություն կրեց Միխեիլ Մչեդլիշվիլուց: Վարդան Խոջայանը 4,5 միավորով զբաղեցրեց 71-րդ տեղը, երկու հորիզոնական ներքեւ հանգրվանեց նույնքան միավոր ունեցող Աղասի Ինանցը: Խոջայանը հաղթեց Սամեր Մեհդիին, իսկ Ինանցը ոչ-ոքի խաղաց Գազալ Հակիմիֆարդի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. ԱՇՈՏ ԱՆԱՍՏԱՍՅԱՆ
Նկար 2. ՏԻԳՐԱՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ