«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՆ

Իսկ Բաքվին հորդորել, որ զերծ մնա հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտելու դրսեւորումներից

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդաբար հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցում տկն Քլինթոնը, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, ասել է. «Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տեւական են ու ամուր: Օբամայի վարչակարգը հետամուտ է դրանց ընդլայնմանը, խորացմանը»: Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին եւ պետքարտուղարին:

Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը տկն Քլինթոնը, նույն աղբյուրի համաձայն, հայտարարել է. «Ադրբեջանն անչափ ռազմավարական դիրք է զբաղեցնում, դիրք, որը կարեւոր է ոչ միայն այդ երկրի համար, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Հետեւաբար, նա պետք է գնալով ավելի մեծ պատասխանատվություն եւ առաջնորդություն ստանձնի կարեւոր հարցերում»: Մամեդյարովը, ինչպես «Զամանն» է նշում, հույս է հայտնել, որ կզարգանան Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

Քլինթոն-Մամեդյարով հանդիպմանն անդրադառնալիս «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունն ընդհանրացնում է «Ադրբեջանի ռազմավարական դիրքի» մասին ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, վերարտադրելով դրանք, իսկ թուրքական հանրային հեռուստատեսությունը կայքէջում առհասարակ չի հիշատակում Մամեդյարովի մասին եւ ստացվում է այն տպավորությունը, թե պետքարտուղարն Ադրբեջանի արտգործնախարարի հետ չի հանդիպել:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ տկն Քլինթոնի հանդիպումների օրակարգին, ապա պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդը, թուրքական մամուլիՙ մասնավորապես «Միլլիեթի» վկայությամբ, նշել է, որ Նալբանդյանի հետ քննարկվել են Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող խնդիրներ: Նա Քլինթոն-Նալբանդյան հանդիպումը բնութագրել է շատ դրական եւ կառուցողական, ավելացնելով. «Հայաստանում բազում շահեր ունենք»:

Մամեդյարովի հետ պետքարտուղարի հանդիպման առնչությամբ Վուդն ասել է, որ օրակարգի գլխավոր հարցը Ղարաբաղն էր, քննարկվել են նաեւ Աֆղանստանում համագործակցության, էներգետիկ անվտանգության եւ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների խնդիրները: Պետքարտուղարի հետ համատեղ ճեպազրույցից հետո Մամեդյարովն առանձին պատասխանել է լրագրողների հարցերին: Նա, ինչպես նշում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը, ընդգծել է ամերիկյան վարչակազմի վճռականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, նշել է, որ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանն իրենք չեն քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը», պատճառաբանելով, թե դա այդ երկու երկրներին առնչվող խնդիր է:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը պատասխանելիս, Մամեդյարովն անուղղակի անդրադարձել է նաեւ այսօր Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: «Հնարավոր համարո՞ւմ եք ղարաբաղյան հիմնահարցի լուծումն առաջիկա ամիսներին» հարցին ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարն ասել է. «Նախապես դժվար է որեւէ հետեւություն անելը: Որոշիչը կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքորոշումն է: Մենք պետք է համոզվենք, Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է, թե՞ ոչ: Դա կերեւա Պրահայում եւ կհստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցից հետո: Ես այդ հարցը քննարկել եմ պետքարտուղար Քլինթոնի հետ, իսկ փոխարտգործնախարար Ազիմովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին»:

«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր Ազիմովի Անկարա այցելությանը, որի թերեւս գլխավոր արդյունքըՙ անկախ Հայաստանի հետ երկխոսությունից, Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման անսասանության հերթական ընդգծումն էր: Որքան էլ մակերեսային լինի ներկայացվող ինֆորմացիան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղարի հանդիպումներում էլ ԱՄՆ-ն Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում հերթական անգամ Երեւանին խրախուսել է, իսկ Բաքվին, ամենայն հավանականությամբ, հորդորել, որ զերծ մնա նորմալացմանը խոչընդոտելու դրսեւորումներից: Սա ակնհայտ է, թերեւս անհասկանալի է մնում պետքարտուղարի հորդորին Մամեդյարովի արձագանքը եւ այն փոխհատուցումը, որ Ադրբեջանը պետք է ստանա զերծ մնալու դեպքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4