«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ԼՂՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Մայիսի 5-ից երկօրյա աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Մարզկենտրոն Գյումրիում պատվիրակությունը նախ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, քաղաքային ու մարզային ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշակոթողին, ապա ծանոթացավ վերականգնվող Սբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությանը: Հյուրերն այցելեցին եւ մոմեր վառեցին Սբ Յոթվերք եկեղեցում, որի մուտքի մոտ նրանց դիմավորեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը: ԼՂՀ վարչապետը եւ պատվիրակության անդամներն այնուհետեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում հանդիպում ունեցան այս բուհի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին այցելության նպատակները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին: Արայիկ Հարությունյանն ինստիտուտին նվիրեց երեք համակարգիչ եւ «Ղարաբաղ» գիրքը, իսկ ԳՄԻ ռեկտորատը նրան շնորհեց բուհի պատվավոր պրոֆեսորի կոչում: Երեկոյան Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կազմակերպվել էր Շիրակի եւ Արցախի մշակութային խմբերի համատեղ համերգ:

Արցախի կառավարության ղեկավարը մասնակցել է նաեւ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող «Երեքնուկ» հանգստի համալիրում երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա խորհրդակցությանը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցի` Գյումրու «Մուշ» թաղամասում սկսված եւ ընթացող շինարարության ընթացքի քննարկումից հետո խորհրդակցությունում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների ներկայացուցիչների միջեւ փոխադարձ այցելությունների եւ համագործակցության ժամանակացույցի կատարմանը, որի վերաբերյալ ԼՂՀ վարչապետն իր գոհունակությունն է արտահայտել:

Գ. Մ.


Նկար 1. Կառավարության արտագնա նիստ Շիրակի մարզում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4