Իսրայելի «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Խայիմ Օրոնի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծն առաջիկայում քննարկման կդրվի Իսրայելի Քնեսեթումՙ համաձայն մայիսի 5-ին անցկացված քվեարկության արդյունքների:
Օրոնի առաջարկով այդպիսի որոշում Քնեսեթում ընդունվել էր նաեւ անցած տարվա մարտի 26-ին, որից հետոՙ ապրիլի 1-ին տեղի ունեցած նիստում քննարկման էր դրվել նախագիծը նոր հանձնաժողովում քննելու հարցը: Հենց այդ նիստի ժամանակ սուր միջադեպ էր տեղի ունեցել «ռուս» պատգամավորների միջեւ ( «Ազգ» , 04.04.2008): «Իսրայելը մեր տունն է» կուսակցության անդամ Յոսեֆ Շագալն ասել էր, որ ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության հարցը փակ դռների հետեւում քննարկելու եւ կողմնակի անձանց ներկայությունը թույլ չտալու համար: Բայց, դատելով իրադարձությունների հետագա ընթացքից, հարցն այդպես էլ քննարկման չդրվեց եւ Խայիմ Օրոնը փաստորեն կրկնեց նույն շրջափուլը:
Եթե հաշվի առնենք, որ 2007-ին Քնեսեթը միանգամից մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քննարկման դնելու առաջարկը, ապա կարելի է փաստել, որ Իսրայելի խորհրդարանը որոշակի առաջընթաց է արձանագրել:
Իսրայելական մամուլը չէր անդրադարձել մայիսի 5-ին Քնեսեթում տեղի ունեցած քվեարկությանը, այդ մասին իր կայքէջում տեղեկություն էր զետեղել միայն «Մերեց» կուսակցությունը, մեջբերելով Խայիմ Օրոնի խոսքերը, որ Իսրայելի խորհրդարանը պետք է կատարի իր բարոյական պարտքը: Քանի որ Քնեսեթը ներկայացնում է հրեա ժողովրդին, ուրեմն եւ պետք է ընդունի հայ ժողովրդի ցավն ու պայքարը, ճանաչի նրա ազգային ողբերգությունը:
Ռ. Պ.