«Լույս» հիմնադրամն ու ռոքի հանդեպ վարչապետի երկրպագությունը
Բրիտանական լեգենդար Jethro Tull ռոք խումբը ապրիլի 22-ին, հուրախություն ռոք երաժշտության, սիրահարների համերգով հանդես կգա Երեւանում: Կազմակերպիչները վստահեցնում են, որ դժվար չի եղել լեգենդար խմբի համաձայնությունն ստանալ Հայաստանում հանդես գալու առնչությամբ, քանի որ համերգը ներառված է նրանց եվրոպական համերգաշարում եւ բացի այդ. «Կարգին մարդիկ են»: Ի տարբերություն Scorpions խմբի, Jethro Tull-ն աստեղայինՙ ասենք 7 նույն տարվա արտադրության լիմուզինի պահանջներ չի ներկայացրել, իսկ տեխնիկական բարձրակարգ հնարավորություններն ապահովել կազմակերպչի պարտավորությունն է եւ երաժշտի պահանջելու իրավունքը», տեղեկացրեց «Վիբրոգրաֆուս» կազմակերպության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը :
Համերգը կոմերցիոն նկատառումներից զատ կազմակերպվել է նաեւ հանուն հայաստանյան ռոքի զարգացման եւ այս ոճի երաժշտության սիրահար երիտասարդներին ժամանակակից բարձրակարգ երաժշտությանը առնչակից դարձնելու համար: Սա էլ փաստումն էր համերգի հովանավորներից «Ամերիա» բանկի ներկայացուցչի:
Իսկ համերգի գլխավոր հովանավոր «Լույս» հիմնադրամը, որի ներկայացուցիչն ասուլիսին ներկա չէր, քանի որ Բոստոնում էՙ զբաղված հիմնադրամի տարեկան ծրագրի մշակմամբ, մեծ հեշտությամբ եւ ուրախությամբ համաձայնել է համերգի իրականացմանը:
«Լույս» հիմնադրամը, որ ստեղծվելուց հետո անորսալիության ոլորտներում էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ. «Ստեղծվել է, հիասքանչ մշակութային ծրագրեր է իրականացնում եւ մարդիկ էլ վայելում են: Սա մասնավոր նախաձեռնություն է: Ուրախ ենք, որ այս մասնավոր նախաձեռնությամբ այսքան հետաքրքրվում եք»:
Հավանաբար վարչապետն առավել կարեւոր չի համարում «Լույս» հիմնադրամի իրական կոչումըՙ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բուհերում ուսանող հայազգի երիտասարդների ուսման ֆինանսավորումը, քանի որ այդ խնդրի լուծման համար գոնե մինչեւ երեկ հիմնադրամն անմատչելի էր:
Իսկ 1968 թվականին բրիտանական John Evan Band եւ McGregor`s Engine բլյուզ խմբերի միավորմամբ ստեղծված Jethro Tull-ը թողարկել է 40 ալբոմ, վաճառել 60 միլիոնից ավել տպաքանակով: Խմբի երաժշտությունը հեշտությամբ չի դասվում որեւէ ժանրումՙ ներառում է բլյուզ, ֆոլկ ռոք, պրոգ-ռոք, ջազ:
Յան Անդերսենը, ով ղեկավարում է խումբը ստեղծման օրվանից, համաշխարհային ռոք շրջանակներում հայտնի է որպես լեգենդար խմբի ձայն եւ ֆլեյտահար: Երեսուն տարիների ընթացքում խումբը 2500 համերգներով հանդես է եկել 40 երկրում:
Լեգենդար ռոք խմբի երաժիշտներին, ինչպես տեղեկացրեցին համերգի կազմակերպիչները, նախ ցույց կտան Հայաստանի տեսարժան վայրերից, ապա համերգից առաջ ասուլիսի մասնակից կդարձնեն եւ բացի հայաստանյան երաժիշտների հետ հանդիպումներից կլինեն նաեւ հանդիպումներ կառավարության ներկայացուցիչներիՙ մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը Jethro Tull-ի երկրպագուներից է: Կարելի է ենթադրել, թե քննարկվելու են հայկական ռոքի զարգացման խնդիրները:
Այնուամենայնիվ, իրականություն է դառնալու լեգենդար ռոք խմբի ելույթը Հայաստանում, որը այդ երաժշտության սիրահարների համար տոնի հավասարազոր է անգամ դեռ տեղի չունեցած:
Իսկ կազմակերպիչներն արդեն իսկ բանակցում են Deep Purple, ռուսական DDT եւ «Մաշինա վրեմենի» խմբերի ու Փոլ Մաքարթնիի հետ Երեւանում համերգով հանդես գալու կապակցությամբ, եւ խնդիրը միմիայն գրաֆիկն է, որում պետք է տեղավորել Հայաստան այցը:
Մայիսի վերջին Հայաստանում կգործի մի նոր հասարակական կազմակերպություն: Այն կմիավորի ռոք երաժիշտներինՙ հօգուտ այս ոճի երաժշտության Հայաստանում զարգացման ու տարածման:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ