«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  «Ազգը» մարտի 20-ի համարում (էջ 5) տեղեկացրել էր, որ մի խումբ ամերիկահայ ուսանողներ խնդրագրեր են ուղարկել Մ. Նահանգների համալսարանների գիտական խորհուրդներինՙ պահանջելով շրջանառությունից հանել «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչեւ մեր օրերը» (The Armenian people: From Ancient to Modern Times) խորագրով պատմության դասագիրքը, դրանում տեղ գտած բազում խեղաթյուրված փաստերի համար:

Ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, համահայկական ցանցին (PanArmenian.net) տված հարցազրույցի ժամանակ նման քայլը նախաձեռնող խումբը մատնանշել էր 130 կոպիտ սխալներ եւ աղավաղված փաստեր, որոնք հրամցվում են ուսանողներին որպես բացարձակ ճշմարտություններ:

Այնուհետեւ Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան խմբագրությանը հասցեագրված իր հաղորդագրությամբ ( «Ազգի» մարտի 31-ի համարում) դատապարտել էր վերոհիշյալ «խմբի համաձայնեցված ջանքերըՙ արատավորելու ինչպես հայագիտական ամբիոնների, այնպես էլ նրանցում գործող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքները»: Ապրիլի 16-ին տպագրվեց «Հայ առաջադեմ ուսանողական միության պատասխանը հայոց պատմության կեղծավորներին»:

Ահա եւ «Ազգը» թեհրանահայ Շահեն Հովսեփյանից ստացել է հետեւյալ գրությունը, որը հաստատում է անճշտությունների առկայությունը: Ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

«Պիտի տեղեկացնեմ Ձեզ, որ արդեն իսկ նման տեղեկությունները հիմք են ծառայում ԱՄՆ-ում ապրող ու գործող մի խումբ պարսիկ պատմաբանների, օրինակՙ դոկտ. Թուրաջ Դարեայի համար: Նա գրել է «Սասանյան պատմությունը», որն օգտագործում են իրանցի ուսանողները: Գրքում կան հայոց պատմության մասին բազմաթիվ սխալ տեղեկություններ: Ես գիրքը կարդալուց հետո, սխալները ցանկագրելով բողոքել եմ նրան, բայց նա ինձ պատասխանել է, որ օգտվել է (խնդրո առարկա գրքի) Ռիչարդ Թոմսոնի գրած գլխից, որն ընդունված աղբյուր է»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4