Հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երեւանի «Արարատի» ներկա տխուր վիճակն այսօր շատերին է մտահոգում: Արարատցիներն առաջնության 6 խաղից հետո դեռեւս միավոր չեն վաստակել ու գոլ չեն խփել եւ հայտնվել են հետնապահի տխուր դերում: Նախորդ համարներից մեկում կարծիք էինք հայտնել, թե «Արարատ» ակումբի արտասահմանցի հովանավորներն անտարբեր են դարձել թիմի ճակատագրի հանդեպ: Երեկ «Արարատ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին ներկա էին ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանն ու փոխնախագահ, վերջին շրջանում թիմը ղեկավարող Արկադի Անդրեասյանը, հաստատեց մեր ունեցած կարծիքը:
Հրաչ Կապրիելյանը նշեց, որ շուրջ 11 տարի ակումբի հովանավորները ներդրումներ են կատարել: Սակայն տեսնելով թիմի հանդեպ հատկապես նախորդ մրցաշրջանում ֆեդերացիայի կողմից դրսեւորված անարդարությունները, որոնց պատճառով «Արարատը» զրկվեց չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից, որոշել են այլեւս մեծ գումարներ չներդնել, լեգեոնականներ չհրավիրել, այլ ապավինել սեփական կադրերին: Ըստ Կապրիելյանի, բրազիլացի ֆուտբոլիստները, որ հիմա հանդես են գալիս Փարիզի «Արարատում», իրենք են հրաժարվել Հայաստանում խաղալուցՙ տեսնելով հայկական ֆուտբոլում տիրող անարդարությունները:
Համամիտ լինելով անարդարությունների, կողմնակալ մրցավարության մասին Հրաչ Կապրիելյանի կարծիքին, այնուամենայնիվ, ասուլիսի մասնակիցները նշեցին, որ չպետք է թեւաթափ լինել, հանձնվել, չհետաքրքրվել թիմի ճակատագրով, որին սպառնում է բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգը: Ի զարմանս բոլորի, Կապրիելյանը հանգիստ է վերաբերում առաջին խմբում «Արարատի» հանդես գալու տխուր հեռանկարին, նշելով, որ այնտեղ մրցավարներն իրենց հանգիստ կթողնեն եւ թիմը չեմպիոն կդառնա: Նա ավելի շատ ոգեւորված էր Փարիզի «Արարատով», նշելով, որ մտադիր են լավ թիմ ստեղծել, գումարներ ծախսել, հասնել այն բանին, որ ակումբը հանդես գա եվրոգավաթներում: Տեղին է նշել, որ Փարիզի «Արարատը» հանդես է գալիս Ֆրանսիայի սիրողական լիգայում եւ եվրոգավաթների խաղարկությունում հանդես գալու իրավունք նվաճելու համար երկար ու դժվարին ճանապարհ պետք է անցնի: Իսկ ահա Երեւանի «Արարատը», որ երկու ամիս անց մեկնարկելու է եվրոլիգայի խաղարկությունում, հայտնվել է ուշադրությունից դուրս: Թիմի հովանավորները նույնիսկ չգիտեն էլ, թե արդյոք բրազիլացիներին իրավունք ունե՞ն հայտավորելու Երեւանի «Արարատում» եվրոգավաթների մրցաշարում: Այս հարցի շուրջը ճիշտ նկատառում հայտնեց Արկադի Անդրեասյանը, նշելով, թե դեռ հարց է, ինչպիսի մարզավիճակով կներկայանան բրազիլացիները:
«Արարատի» ղեկավարությունը մեղադրեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այն բանում, որ նա մերժել է Ռոմիկ Խաչատրյանին, Ալեքսանդր Պետրոսյանին, Կարեն Ավոյանին, Ռաֆայել Սաֆարյանին թիմում հայտավորելու խնդրանքը, մինչդեռ նախագահը լրատվամիջոցներով հայտարարել էր, որ ամեն կերպ աջակցելու է եվրոգավաթների մասնակից ակումբներին: Նաեւ առաջարկություն եղավ վերջապես ստեղծել պրոֆեսիոնալ լիգա, որում մրցավարներն անկախ կլինեն ֆեդերացիայից, ինչը կնպաստի կողմնակալության վերացմանը: Այս հարցի շուրջն Արկադի Անդրեասյանը նշեց, որ իրոք հարցը հասունացել է եւ պետք է խորհրդակցել մյուս ակումբների հետ:
Ի դեպ, առայժմ պարզ չէ, թե ով է իրականում «Արարատի» գլխավոր մարզիչը: Հայտնի դարձավ միայն, որ Աշոտ Կիրակոսյանն այլեւս «Արարատում» չէ: Հրաչ Կապրիելյանը նշեց, որ Արկադի Անդրեասյանը պետք է այդ հարցը որոշի, իսկ վերջինս տեղեկացրեց, որ դեռեւս որոշված չէ, ինքը միայն օգնում է թիմին: Ինչ վերաբերում է մրցաշրջանին թիմի վատ նախապատրաստմանը, ապա ըստ Անդրեասյանի, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ անցած մրցաշրջանի դասերը, հովանավորները քիչ ներդրումներ են կատարել, արտերկրում հավաքներ չեն կազմակերպվել: Թիմից էլ մեծ թվով ֆուտբոլիստներ են հեռացել, որոնցից Վահագն Մինասյանն ու Հրայր Մկոյանն առանց փոխհատուցման տեղափոխվել են այլ ակումբներ: Ի դեպ, Վահագն Մինասյանի գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Անցած տարվա միջադեպի առնչությամբ էլ տեղեկացվեց, որ դեպքի 2 ականատեսները վախեցել են վկայություն տալուց, ուստի հնարավոր չի եղել դատական հայց ներկայացնել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ ակումբի մենեջեր Վարուժան Սիմոնովին ծեծի ենթարկելու համար:
Ի դեպ, լրագրողներն առաջարկեցին Հրաչ Կապրիելյանին վերջապես հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ ու հարթել տարաձայնությունները: Սակայն Կապրիելյանն այդ առաջարկին չարձագանքեց: Հիմնավոր չէին նաեւ Կապրիելյանի պնդումները, թե Ձորաղբյուրի մարզաբազան շահագործման կհանձնվի:
Ամեն անգամ, երբ լրագրողները հարցեր էին ուղղում Կապրիելյանին վիճակից ելք որոնելու մասին, նա միեւնույն բանն էր ասում, որ ներկայիս ֆեդերացիայի ղեկավարության օրոք անհնար է զարգացնել ֆուտբոլը Հայաստանում, անիմաստ է ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլում ու «Արարատում»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ավելի ճիշտ չի՞ լինի հրաժարվել «Արարատից» ու ակումբի բաժնետոմսերը վաճառել նրանց, ովքեր պատրաստ են թիմին ոտքի կանգնեցնելու, խոշոր ներդրումներ կատարելու, Կապրիելյանի պատասխանն, իհարկե, բացասական էր:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ակումբի ղեկավարությանը բնավ էլ չի մտահոգում թիմի անմխիթար վիճակը, առաջին խումբ տեղափոխվելու տխուր հեռանկարը: Նրանց պարզապես հետաքրքրում է «Արարատ» անունը:
Լավ է, որ գոնե Արկադի Անդրեասյանը մտահոգված է թիմի ճակատագրով ու փորձում է իր գիտելիքներն օգտագործել «Արարատը» ճգնաժամից դուրս բերելու համար: Նա եւս իր նկատառումները հայտնեց մրցավարության մասին, նշելով, որ ինքը ֆեդերացիայի հետ խնդիր չունի, խնդիրն ակումբի ղեկավարությանն է: Փորձառու մասնագետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել վիճակը շտկելու համար: Հուսանք, որ դա նրան կհաջողվի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ