«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋ ԽՆԴԻՐ ԷԻՆ ԴՐԵԼ` ԱԶԱՏՎԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՑ

Երեկ լրագրողների հետ «Հայացք» ակումբում հանդիպած, Շուշիի ազատագրման հարավային` «Լաչինի գլխավոր ուղղության» հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը , պատասխանելով «Ազգի» ` քաղաքային ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցին, նկատեց, թե ձայները բաշխվելու են կոալիցիայի շրջանակում, կարեւոր չէ, թե ո՞վ կլինի առաջինը կամ երկրորդը. «Պայքարել, թե կոալիցիայի ո՞ր ուժը կունենա ձայների մեծամասնությունը` անիմաստ եմ համարում: Նույն կոալիցիոն թիմը շարունակելու է քաղաքը ղեկավարել` Հանրապետականը կընտրվի, «Բարգավաճը», թե մյուս ուժը, Դաշնակցությունից կընտրվի` ի՞նչ կարեւոր է»: Իսկ ընդդիմությունն, ըստ Բաբայանի, այնքան ձայն չի ստանա, որ պրոբլեմ ստեղծի իշխանության համար, չեն կարող 50 եւ ավելի տոկոս հավաքել, այլ` 15-20 տոկոս ընդամենը, այդ իսկ պատճառով հազիվ թե այս ընտրություններում լարումներ կամ բախումներ լինեն: Իսկ թվանկարչության կարիք չկա, քանի որ ժողովուրդը սովորել է ընտրակաշառքով գնալ ու ձայնը տալ, չնչին բացառություններով:

Ընդհանրապես Սամվել Բաբայանը հակված էր խոսելու եւ շատ հարցեր տրվեցին նրան ԼՂՀ խնդրի վերաբերյալ:

Նախ նա գնահատեց Շուշիի ազատագրման խորհուրդը` որպես ազգային ոգին հզորացնելու առաջին հաջողություններից մեկը, ապա ավելի կարեւորեց 1994 թ մայիսի 9-ին ստորագրված զինադադարի փաստաթուղթը. «15 տարի վերջիվերջո խաղաղություն ունենք, եւ Աստված տա, որ այդ խաղաղությունը հավերժ լինի», ասաց:

Իսկ գիտե՞նք դրա արժեքը եւ այդ համատեքստո՞ւմ է այսօր խոսվում Արցախի հարցի լուծման մասին: Ըստ Սամվել Բաբայանի` մեր ժողովուրդը պետք է տեղյակ լիներ եւ ավելի խորն ընկալեր այդ հաղթանակների իմաստն ու այն տարիների ողջ շարժուդարձըՙ այդպես չլինելը մի քիչ պետության մեղքն է. «Ես համարում եմ, որ դա է մեծ մեղքը, որ մեր ժողովուրդը տեղյակ չէ էդ հաղթանակներից», սա, գումարած, որ հետ վերցրած մեր տարածքներում մի քիչ ավելին է հարստությունը, քան ադրբեջանական նավթն ու գազը միասին. «Ցավոք դրա մասին հասարակությանը չեն ցանկանում տեղյակ պահել, եւ դա է պատճառը, որ մեր հաղթանակներն իմաստազրկվում են: Կարծես թե մի քանի քաջ տղաներ զենքը վերցրել-գնացել, պաշտպանել-եկել են, դե լավ, իրենց ցավն էլ տանենք, բայց մոռանանք-շարժվենք առաջ: Էդ չէ»:

Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների ընթացքի վերաբերյալ որեւէ մտավախություն չուներ. «Անհնար եմ գտնում էդ խնդրի լուծումը էդ ֆորմատով, եւ ես միշտ ասել եմ, որ խնդիրը լուծվելու է Ստեփանակերտում, միայն ու միայն Ստեփանակերտում... Երեւանում նստած ոչ ոք չի կարողանալու լուծել, հենց եկավ պահը, զգացին վտանգը ղարաբաղցիները, ոչնչի չեն ենթարկվելու»: Իսկ վերջերս ԼՂՀ-ից լսվող մի քանի հայտարարությունները, ըստ նրա, ձեւական բնույթի են, քանի որ արդեն այդ մարդիկ հասկանում են, որ իրենք նույն իշխանության մեջ լինելով եւ համագործակցելով` չեն կարողանալու սեփական ժողովրդին («խաբել» բառը չասաց), փորձում են իրենց կաշին փրկել` էնքան տեղյակ չեն եղել մինչեւ էսօր կատարվածից»: Ղարաբաղի ժողովրդի համար շատ դժվար է լինելու փոխզիջումների վերաբերյալ համոզել, դա անհնարին է, ավելացրեց: Չնայած հայկական կողմն, ըստ Բաբայանի, վաղուց է փոխզիջման գնում` պատերազմի տարիներից բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրել, բայց փոխզիջումները չափ պետք է ունենան, ժողովրդի անվտանգության հարց է, իսկ 1993 թվականից ստորագրված բոլոր փաստաթղթերը Երեւանում են եւ ցանկության դեպքում կարելի է իրազեկել հասարակությանը: Եթե հաղթանակի նշանակությունն ու իրական նկարագիրը տրվեն, մարդիկ, հայ հանրությունը հացի դիմաց տարածքները զիջելու դիրքում չեն կանգնի:

ԼՂ-ի` բանակցային գործընթացից դուրս մնալու դիտարկմանն ի պատասխան Սամվել Բաբայանն ասաց, թե դա պատահեց այն ժամանակից, երբ իրեն հեռացրին իշխանությունից: «Ո՞վ, Ռոբերտ Քոչարյա՞նը» ճշտմանն ի պատասխան էլ նկատեց, թե Ռ. Քոչարյանի հետ խնդիր չի եղել. «Եթե ուղղակի հետ նայենք` 1999 թվականը, Ռ. Քոչարյանի վիճակն ավելի վատ է եղել, քան իմը»: Լրագրողներն անուններ պահանջեցին. «Նայեք 1999 թվականի դեկտեմբերի 15-ի անվտանգության խորհրդի կազմը, բոլորի անունները կան», ասաց` ավելացնելով, որ այսօրվա ընդդիմության շարքերում եղած այդ մարդիկ Քոչարյանի առաջ խնդիր էին դրել ազատվել Սամվել Բաբայանից, որ իրենց իշխան զգան, իսկ հիմա մայթերին կանգնել` գոռում են:

Ապրիլի 22-ին ստորագրված հայ-թուրքական փաստաթղթին եւ «ճանապարհային քարտեզին», մասնավորաբար` դրանց ապրիլի 24-ից մեկ օր առաջ ստորագրման երեւույթին անդրադառնալով` Ս. Բաբայանը նկատեց, թե ինչքան էլ փորձեն մեկնաբանել, որ զուգադիպություն է եղել` չի հավատում, իսկ ստորագրված փաստաթղթի շարունակականությանը եւս կասկածում է, քանի որ պարզ երեւում է, Թուրքիան ինչ-որ մի հայտարարություն պետք է աներ` ամսի 24-ին Օբամայի որակումը վիժեցնելու համար: «Ճանապարհային քարտեզի» առումով էլ` «դիվանագիտական հարաբերություն ճշտելու համար երկու երկրների կողմից միմյանց տարածքների ճանաչում պետք է լինի` Թուրքիան Հայաստանի, Հայաստանը` Թուրքիայի: Մնացած բոլոր խնդիրների մասին անիմաստ է խոսել` առանց դրա»: Մի խոսքով` Ս. Բաբայանը չի տեսնում մոտ ապագայում որեւիցե լուծում կամ որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալ զարգանալու են, բանակցություններն, ըստ նրա, ի վերջո վիժեցվելու են Թուրքիայի կողմից:

Ազատագրված տարածքները չբնակեցնելու խնդիրը Ս. Բաբայանը կապեց պետության այսօրվա քաղաքականության, ֆինանսական ռեսուրսներ չհատկացնելու հետ: Ասաց, որ Քելբաջարի սարի մյուս կողմը ջերմուկն անտեր հոսում է, ոչ մեկը չի ապրում այնտեղ, Զոդի ոսկին որ հանում են, էլի Քելբաջարից է, ինչքան ոսկի կա, ո՞վ է կշռել, գուցե ավելի է, քան կասպյան նավթը, պետությունը պետք է կարողանար ճիշտ քաղաքականություն վարել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4