Պարզաբանում է ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանը
Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, առավել եւս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «Ճանապարհային քարտեզը» աշխույժ քննարկումների տեղիք է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի հայկական համայնքներում, հատկապես հայաշատ ԱՄՆ-ում: Ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանը միաժամանակ հասարակական եւ կուսակցական գործիչ է, ուստի այս ամենը ամերիկահայության տեսանկյունից գնահատելու խնդրանքով դիմեցինք նրան:
- Պարոն Ազատյան, ինչպես գիտեք, ապրիլի 22-ին Հայաստանը, Թուրքիան եւ Շվեյցարիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» մասին: Որպես ամերիկահայ մտավորական, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 24-ի նախօրյակին արված այս հայտարարությունն ու «ճանապարհային քարտեզը»:
- Եթե այս «ճանապարհային քարտեզի» համար նախադեպ է հանդիսացել Իսրայելի եւ Պաղեստինի «ճանապարհային քարտեզը», ապա շատ մտահոգիչ է, որովհետեւ այդ ճանապարհը եղել է շատ երկար, իսկ քարտեզն էլՙ բավականին խրթին: Առ այսօր պաղեստինա-իսրայելական հիմնահարցում որեւէ առաջխաղացում չի արձանագրվել: Ավելին, նույնիսկ կատարվել է հետքայլ, որն ակնհայտ բացահայտեցին Իսրայելում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունները: Հուսամ, որ նոր «ճանապարհային քարտեզը» չի արժանանա նախորդի ճակատագրին: Սակայն կա կարեւոր մի հանգամանք. դա հայաստանյան վերլուծաբանների եւ մամուլի ներկայացուցիչների մտահոգությունն է, քանի որ հայկական կողմը տեղյակ չէ «ճանապարհային քարտեզի» սկզբունքներին ու դրույթներին: Դրանց մասին տեղեկանում ենք թուրքական մամուլի միջոցով, կարծեմ «Սաբահ» թերթի, որը 5 դրույթներ էր նշել, որոնք կարող են ճիշտ կամ սխալ լինել: Եթե ճիշտ են, ապա հայկական կողմը իսկապես մտահոգվելու պատճառներ ունի: Տվյալ դեպքում թերեւս ամենակարեւորը «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարության տարածումն էր ապրիլի 24-ի նախօրյակին: Դա այդ քարտեզը դարձնում է Թուրքիայի եւ Սպիտակ տան միջեւ կարգադրված եւ Հայաստանին պարտադրված ժամանակացույց, որպեսզի նախագահ Օբաման հետեւի Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերին, թե Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում էլ ավելի կբարդանան հայ-թուրքական հարաբերությունները: Ընդհակառակը, կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը, հայ-թուրքական հարաբերությունները առաջադիմելու են: Թուրքերն իրենց կամքով ընդառաջ քայլ կատարելու նպատակ չունեն: Նրանց միշտ դրսից կարգի պետք է հրավիրեն, ասենք, Եվրոխորհուրդը, ԱՄՆ-ը, որ այդ քայլը կատարվի: Չպետք է մեծ գրավ դնել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման վրա, որովհետեւ այդ պետությունը դիվանագիտական մեծ փորձ ունի: Հարցերը ձգձգելով, մեր առջեւ է դնելու: Այդ առումով ուսանելի է Կիպրոսի օրինակը. 1974-ի օգոստոսից ի վեր բանակցությունները թեեւ շարունակվում են, սակայն թուրքական զորքերը կղզում են: Մեզ նույնպես կփորձեն այդպիսի քաշքշուկի առջեւ կանգնեցնել, հուսադրելով, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվում են:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք չէ, որ թույլ տա Թուրքիայինՙ իբրեւ նվեր ներկայացնել սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Դա իրենք պարտավոր են անել, ելնելով միջազգային իրավունքի նորմերից, ՄԱԿ-ի կանոնադրությունից կամ բանակցությունների համար Եվրոմիության առջեւ ստանձնած պարտավորություններից: Ոճիր գործած Թուրքիան, հրաժարվելով այդ ոճիրից, չպետք է դիվանագիտական դիվիդենտներ շահի: Մենք իբրեւ նվեր, չպետք է ընդունենք սահմանների բացումն ու հարաբերությունների հաստատումը: Այսքան տարի առանց դրա Հայաստանը գոյատեւել է, նույնիսկ տնտեսական որոշակի աճ արձանագրել: Մանավանդ չի կարելի թուրքական սուտ նվերի դիմաց փոխհատուցել Կարսի պայմանագրի կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով:
- Ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը ազդե՞լ է նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթի վրա:
- Անկասկած: Դա պետք է համարել թուրքական դիվանագիտության հատկանշական հաջողությունը:
- Ինչպե՞ս եք գնահատում Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը, համեմատելով նրաՙ նախագահ Աբդուլլահ Գյուլի պալատում, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովում արած հայտարարությունների հետ:
- Ցեղասպանության հարցում նախագահ Օբամայի կեցվածքն ավելի գիտակցված է, քան Ջորջ Բուշինը, որին թելադրում էին, իսկ ինքը ուղերձն ընթերցում էր: Օբաման, որպես սկզբունքային եւ բարոյականության տեր գործիչ, Ցեղասպանության հարցին գիտակցությամբ է մոտենում: Դրա արտահայտություններից է խորհրդականների շարքում Սամանթա Փաուերզի ընդգրկումը, հակառակ պետքարտուղար Քլինթոնի կամքին: Նա Ցեղասպանության եւ մարդու իրավունքների հարցերում Օբամայի բարոյական չափանիշների լավագույն պաշտպանն է: Ես նախագահի հայտարարություններում նկատում եմ Փաուերզի անտեսանելի ստորագրությունը: Իհարկե, կա որոշ հուսախաբություն, որ Օբաման ապրիլի 24-ին չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը, որովհետեւ դա միջազգային հասկացություն է, օգտագործելու դեպքում կունենար փոխհատուցման, հողային պահանջների նման հետեւանքներ: Թուրքերը հսկայական ջանք են գործադրում կանխելու այդ բառի օգտագործումը, քանի որ դրանով կբացահայտվի մի ամբողջ պատմություն, կատարվածի համար պատասխանատվության անխուսափելի հետեւանքներով: Հետեւաբար Օբամայի Մեծ եղեռնի մասին հայտարարությունը, հակառակ պատճառած հիասթափության եւ Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու հանգամանքին, պետք է գնահատել ընդհանուր համատեքստում: Այնուամենայնիվ, Օբամայի ելույթը Բուշի ուղերձից մեկ քայլ առաջ է: Թերեւս բաց է մնում Կոնգրեսում գտնվող 252-րդ բանաձեւի հարցը:
- Թեեւ ապրիլի 24-ին Օբաման չարտասանեց «Ցեղասպանություն» բառը, սակայն ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման ջանքերը չեն թուլացել, ընդհակառակըՙ ակտիվացել են: Մինչդեռ Բուշի ուղերձից հետո Ցեղասպանության ճանաչման շարժումն անկում էր ապրում ԱՄՆ-ում: Ձեր կարծիքով, բանաձեւի հարցում ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը:
- Պետք է ուշադիր հետեւել, թե Կոնգրեսում ինչ առաջընթաց է արձանագրելու Ցեղասպանության ճանաչման այդ 252-րդ բանաձեւը: Եթե Օբաման ուզում է բարոյական սկզբունքները պահպանելով միաժամանակ տուրք տալ Թուրքիայի ճնշումներին, հավանաբար Կոնգրեսում բանաձեւը կձախողվի: Դա մեծապես կախված կլինի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կամքից: Թուրքիային տուրք տալու դեպքում, Օբամայի վարչակազմը կամ ճնշում պետք է բանեցնի Կոնգրեսի վրա, կամ էլ կանխի բանաձեւի անցկացումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
- Այսինքն, Օբամայի վարչակազմը զիջում է Թուրքիային: Եթե այդպես է, ապա ի՞նչ ակնկալիք ունի:
- Նախՙ Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը պատրաստվում է դուրս բերել Թուրքիայի տարածքով: Երկրորդն այն է, որ թուրքական պետությունը խուսանավում է Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ, դառնալով միաժամանակ դրոշակակիր իսլամական աշխարհում: Հայաստանը չի կարող հակակշռել այն դերակատարությունը, որը ԱՄՆ-ի համար կատարում է Թուրքիան: Վաշինգտոնին մտահոգում է նաեւ Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական մերձեցումը Ռուսաստանին, իսկ դա ենթադրում է նրա սիրաշահումը: Այդ առումով կարեւոր է նաեւ Թուրքիայի առաջատար դերը իսլամական աշխարհում: Մենք այս ամենին փորձում ենք հակակշռել Հայաստանի սահմանափակ կարողություններով եւ սփյուռքի լոբբիստական գործունեությամբ, որը թերեւս երկար ճանապարհ ունի անցնելու հրեական, հունական, հիմա արդեն թուրքական եւ ադրբեջանական լոբբիների հետ մրցակցելու համար: Բոլորն էլ, ի տարբերություն հայերի, հսկայական ֆինանսավորում ունեն:
- Թեեւ Օբաման ուղերձում չարտասանեց «Ցեղասպանություն» բառը, սակայն շնորհիվ նրա առաջին անգամ Թուրքիայի նախագահի պալատում նախագահի ներկայությամբ հնչեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ավելին, Օբաման Ցեղասպանության հարցը բարձրացրեց Թուրքիայի ազգային մեծ ժողովում, պահանջելով ԱՄՆ-ի օրինակով սրբագրել պատմությունը, 1915-ի իրադարձությունները քննարկել եւ հարցին համապատասխան լուծում տալ: Նա փաստորեն անուղղակիորեն ասաց, որ թուրքական խորհրդարանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս տարի թուրքերին մի կերպ հաջողվեց ԱՄՆ-ի նախագահին զերծ պահել «Ցեղասպանություն» բառի արտասանումից: Սակայն նրանք նույն խնդրին բախվելու են նաեւ հաջորդ տարի, մանավանդ որ Օբաման չի փոխել իր տեսակետը: Ի՞նչ կասեք:
- Ճիշտ է, որ նախագահ Օբաման ավելի վճռական արտահայտվեց Անկարայում, քան Վաշինգտոնում: Թերեւս դրանով է պայմանավորված նրա առաջխաղացումը Ցեղասպանության ճանաչման հարցում: Ինքը եւս 3 տարի լինելու է նախագահի պաշտոնում: Պարզապես չգիտենքՙ Թուրքիան այդ տարիներին ի՞նչ կշիռ կունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Իհարկե, կարող են աշխարհաքաղաքական փոփոխություններ կատարվել տարածաշրջանում, եւ Թուրքիայի այն տվյալները, որոնք ներկայումս կարեւոր են ԱՄՆ-ի համար, հաջորդ տարիներին այլեւս չունենան այդ նշանակությունը:
- Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցում Միացյալ Նահանգները չափազանց ակտիվացել է: Վերջին շրջանում երկխոսության նախաձեռնությունը գրեթե անցել է Վաշինգտոնին: ԱՄՆ-ն ու ամերիկահայերը ինչպե՞ս են պատկերացնում այս երկխոսության հեռանկարը:
- Վաշինգտոնի համար ռուս-վրացական պատերազմը բավական կողմնորոշող դեր կատարեց, որպեսզի Կովկասում ԱՄՆ-ի նախաձեռնությունները չհակասեն Ռուսաստանի շահերին: Կարծում եմ, պետքարտուղար Քլինթոնի համարձակ նախաձեռնությունը, կապված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն հրավիրելու հետ, վայելում է Մոսկվայի օրհնությունը: Վրաստանի պարագայում, որքան էլ ամերիկացիները քաջալերեին Սաակաշվիլուն, նա գերազանցեց իրեն տրված իրավունքները եւ ռուսների համար դարձավ երկնատուր պարգեւ, հարվածելու համար երկրին: Ներկայումս նախագահի պաշտոնում Օբամայի ընտրության հետ ԱՄՆ-ն աշխարհում հանդես է գալիս միջազգային լարվածությունը թուլացնելու նախաձեռնությամբ: Մինչդեռ Բուշը ճիշտ հակառակն էր անում:
- Հայաստան-Թուրքիա երկխոսությունը խրախուսելու Վաշինգտոնի նախաձեռնությունը կարելի՞ է պայմանավորել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Օբամայի որդեգրած քաղաքականությամբ:
- Հավանաբար, որովհետեւ արյունահեղ եւ անվերջ պատերազմների հետեւանքով ԱՄՆ-ի տնտեսությունը ցնցված է: Դրա վերականգնման համար տարիներ են անհրաժեշտ: Բուշի կառավարման տարիներին Ամերիկայի ժողովուրդը համոզվեց, որ պատերազմելու ծայրահեղ քաղաքականությունը հեռանկար չունի: Վաշինգտոնը ստիպված հակառակ ուղղությամբ փոխեց Բուշի որդեգրած դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այստեղ սառեցված հակամարտությունները հնարավորության դեպքում կարգավորելը լարվածությունը թուլացնելու ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականության մեկ այլ արտահայտություն է:
- Այդ առումով մեծ է նաեւ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող Իրանի դերը: Կարծես Բարաք Օբաման այս պետության հետ արդեն բանակցություններ է սկսել:
- Իրանի հարցում ազդեցիկ դեր է կատարում Իսրայելի գործոնը: Որքան էլ Իսրայելը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մեծ ցանկություն ունենա, չեմ կարծում, որ նա առանց ԱՄՆ-ի արտոնության այդպիսի քայլի դիմի: Ի դեպ, այդ մասին հարցազրույցում ասել էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Բեյքերը: Սա Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման համար հուսադրող հանգամանք է, ինչպես նաեւ բարենպաստՙ Հայաստանի համար:
- Քանի որ անդրադարձաք տարածաշրջանային երկրներին, ապա ուզում եմ հարցնել, ինչպե՞ս եք տեսնում Վրաստանի ապագան, որովհետեւ երկրում անընդհատ տեղի են ունենում ընդվզումներ, նույնիսկ խռովություն:
- Կարծում եմ, Վրաստանի եւ հատկապես Սաակաշվիլու անհավասարակշիռ վերաբերմունքով, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ շատ անպատկառ կեցվածքով Հարավային Կովկասում լուրջ վնաս է կրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Վրաստանը դարձել է բացասական գործոն ԱՄՆ-ի համար: Ներկայումս Վաշինգտոնը Սաակաշվիլուն չի պաշտպանում: Գոհ կլինի, եթե ընդդիմությունն իր ուժերով տապալի նրա իշխանությունը: Օբաման հազիվ թե քաջալերի Սաակաշվիլուն, քանի որ նա արդեն իսկ կորցրել է իշխանության ղեկին մնալու բոլոր հնարավորությունները: Անհավասարակշիռ պետական գործիչը, ինչպիսին է Սաակաշվիլին, չի կարող ձեռնտու լինել միջազգային ուժերի, առավել եւս, ԱՄՆ-ի համար:
- Բոլոր դեպքերում էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Հարավային Կովկասում լարվածության թուլացումը խիստ անհրաժեշտ է ե՛ւ տարածաշրջանի երկրների, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի, հատկապես Հայաստանի համար: Հուսանք, որ նախագահ Բարաք Օբամայի տարածաշրջանում լարվածության թուլացմանը միտված քաղաքականությունը կծառայի նպատակին:
Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ