Այս շաբաթ արդեն երկրորդ դեպքն է, որ ծեծի են ենթարկում լրագրողի: «Ազգը» հեռախոսով զրուցեց «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ, որը գտնվում էր դատական բժիշկների մոտ ստուգման, եւ տեղեկացավ, թե ինչպես մայիսի 7-ին, ժամը 00.02-ին աշխատանքից տուն գնալիս, շենքի առաջին մուտքի դիմացՙ Մարգարյան փողոց, թիվ 20/3, երկու անհայտ անձինք ծեծել են նրան ու դիմել փախուստի: «Մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո գալիս էի տուն, շենքի անկյունից նկատեցի նրանց, մուտքի մոտ երկուսով դեմ դիմաց կանգնած էին, շշնջում էին, ինչ-որ բան էին խոսում: Ինչ-որ բան կանխազգացի, հեռախոսս հանեցի, որ զանգեմ տղայիս, ինքը սովորաբար այդ ժամին տանն է լինում: Կանգնեցի, հեռախոսն էի ուզում միացնելՙ զանգը գնաց առանց որեւէ բառ ասելու ու հենց այդ պահին այդ երկուսը շրջվեցին եւ խփեցին, գցեցին գետնին: Բղավում էի, տղայիս էի կանչում: Այդ ժամանակ, իմ ձայնին հարեւանները շատ արագ արձագանքեցին, ինչը մեծ դեր խաղաց, որ շուտ փախչեն», ասում էր մեր գործընկերն ու ավելացնում, որ նրանց հարվածներից ու կեցվածքից պարզ էր, որ ատլետիկ կազմվածք ունեին, գլխարկներով էին:
Նվեր Մնացականյանը բուժօգնություն է ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնում ու դիմել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ նրան տրվել է դատաբժշկի փորձաքննության ուղեգիր: Մինչ դատաբժիշկները կորոշեն տուժածի մարմնական վնասվածքների չափը, Նվեր Մնացականյանը մի քանի օր ստիպված կլինի տնային պայմաններում շարունակել ապաքինումն ու եթեր դուրս չի գա:
Մաղթենք մեր գործընկերոջն առողջություն եւ շուտ ապաքինում: Կանդրադառնանք:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ