«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան «Վաշինգտոն կապիտալ» եւ հայկական «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիաները երեկ ներկայացրին իրենց ստեղծած «Կապիտալ եւ Ակցեռն» համատեղ ձեռնարկությունը: «Ակցեռնի» նախագահ Հակոբ Բաղդասարյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ համատեղ ընկերությունը հիմնվել է մեկ տարի առաջ ԱՄՆ-ում: Նա ընդգծեց, որ «Վաշինգտոն կապիտալն» արդեն 30 տարի ամերիկյան ֆինանսական շուկայի ակտիվ խաղացողներից է, եւ այդ հզոր ընկերությունը Հայաստանում որպես գործընկեր է ընտրել «Ակցեռնին»:

«Վաշինգտոն կապիտալի» նախագահ Սերժ Ղարիբյանն ասաց, որ նախկինում, երբ Հայաստանում ներդրում կատարողը ցանկանում էր իրեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ, իրենք մերժում էին: Հիմա, «Վաշինգտոն եւ Ակցեռնի» ստեղծվելուց հետո, օտարերկրյա ներդնողները կարող են ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունները եւ կատարել ներդրումները, մնալով ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Նա տեղեկացրեց, որ «Վաշինգտոն կապիտալը» ԱՄՆ-ում ներգրավված է արժեթղթերի առաջնային եւ երկրորդային շուկաներում, տրամադրում է մեծածավալ բիզնես եւ հիպոթեկային վարկեր: Հայաստանում ստեղծված ընկերությունը, Սերժ Ղարիբյանի հավաստիացմամբ, ոչ միայն վարկեր կտրամադրի, այլեւ դրանց իրականացման համարՙ տեխնիկական աջակցություն:

Սփյուռքի հարցերով փոխնախարար Ստեփան Պետրոսյանը կարեւորեց եւ խորհրդանշական համարեց հայ-ամերիկյան այս ընկերության հիմնումը, որպես սփյուռքի եւ հայրենիքի համագործակցության լավ օրինակ:

Հայաստանի նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանն ընդգծեց, որ այս համագործակցությամբ անշարժ գույքի եւ ֆինանսական շուկաներում ակտիվ մասնակից է հայտնվում: Եթե նոր ընկերության գործունեությամբ բնակչությունը կարողանա էժան հիպոթեկային վարկեր ստանալ, ապա, Մանուկ Վարդանյանի կարծիքով, դա արդեն էական դրական քայլ կլինի:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանն իր ուրախությունը հայտնեց հատկապես հիմաՙ ճգնաժամի պայմաններում նման ընկերության հիմնադրումը: Ըստ ՀԱԳՄ նախագահի, այս ընկերության ստեղծումն ու գործունեությունը կնպաստեն, որ անշարժ գույքի շուկան վերագտնի իր վստահությունը:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը մատնանշեց երկու հիմնական նպատակներ, որոնց իրականացմանը եթե նպաստի նորաստեղծ ընկերությունը, ապա այս ոլորտում կբարձրանա մրցակցությունը: Դրանք են հիպոթեկային վարկերի տոկոսների իջեցումը մինչեւ 10-12 տոկոսի եւ ժամկետների երկարացումը մինչեւ 8-10 տարվա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4