Վերջին տարիներին Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի եւ Մայր աթոռի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ուխտագնացություններ դեպի հայոց հոգեւոր մշակութային կենտրոններ (Տաթեւ, Դղեր, Ամբերդ, Գնդեւանք, Հառիճ, Մարմաշեն, Գեղարդ, Շուշի, Գանձասար), գիտաժողովներ նվիրված երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսին, քննարկումներ հոգեւոր տարաբնույթ հարցերի շուրջը Էջմիածնի հոգեւոր միաբանության, ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի հետ եւ այլն:
Եվ ահա երեկ վաղ առավոտից բուհում տոնական տրամադրություն էր: Պատմական այդ օրը, համալսարանականները հյուրընկալեցին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան-համալսարանի տեսուչ Սահակ եպս. Մաշալյանին, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Ժամկոչյանին եւ հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին: Բուհի 500 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը մեծ ջերմությամբ ընդունեց հյուրերին:
Աբովյանական հայաշունչ ու հայապահպան պատգամով սկսեց իր խոսքը մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Մանկավարժական բարձրագույն կրթօջախի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության անունից պրն Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ու ողջունեց Վեհափառ հայրապետին հանդիպման համար ու նշեց. «Քանզի այն քրիստոնեական ավանդների վերարժեւորման մեր ժամանակներում ուսանող երիտասարդության ազգային հոգեկերտվածքին առավել մոտ լինելու խորհուրդ ունի»: Համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը բուհի ուսանողության անունից ողջունեց հյուրերին ու ձայնը տվեց Գարեգին Երկրորդին: Վեհափառ հայրապետը տերունական աղոթքից հետո նշեց, որ նման հանդիպումները շատ կարեւոր են ու գոհունակությամբ իր օրհնությունը շնորհեց կազմինՙ հայրապետի օրհնությունն ստանալու եւ հուզող հարցերի պատասխանները լսելու եկածներին: Մայր աթոռ Ս. Էջմիածնից մաղթանքներով կաթողիկոսը դիմեց ներկաներին, նշելով. «Սուրբ պատմական մասնագիտություն եք ընտրելՙ մանկավարժություն, որ բարձր պատասխանատվություն է իջեցնում ձեր ուսերի վրա, բարձր կոչում եւ առաքելություն լինելովՙ ազգային մեր կյանքի»: Այնուհետեւ պատմական էքսկուրս արեց հայոց Ոսկե դարից մինչեւ մեր օրերը եւ գոհունակությամբ նշեց, որ երիտասարդներն այցելում են եկեղեցի, ընթերցում Աստվածաշունչ ու աստվածային պատվիրաններով առաջնորդվում: «Վստահություն ունենք ձեր նկատմամբ, որ մեր զավակներին պիտի կրթեք ու ուսուցանեք այն արժեքները, որոնք պիտի զերծ պահեն նրանց սայթաքումներից, որոնք պիտի նրանց առաջնորդեն դեպի Աստված եւ նրանց հոգու մեջ զորացնեք սերն առ հայրենիք եւ սերը նաեւ մեր Առաքելական եկեղեցին», ասաց Վեհափառը:
Մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն բացատրություններ ու պատասխաններ տվեց ուսանողների ու դասախոսների հարցերին, որոնք վերաբերում էին Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների վերանորոգմանը, Երուսաղեմում եւ այլուր հայկական կալվածքների վերադարձմանն ու ոտնձգություններին, աղանդավորական խմբերի դեմ պայքարին, Վիրահայոց եկեղեցիների սրբապղծությանը, Ջավախքի թեմի բացմանը, «մեկ եկեղեցի եւ մեկ կաթողիկոս» ձգձգվող խնդրին եւ այլն:
Հետաքրքրական եւ ուսանելի հանդիպման համար բուհի ռեկտորը շնորհակալություն հայտնեց հյուրերին եւ տեղեկացրեց, որ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Գարեգին Երկրորդը պարգեւատրվում է Խաչատուր Աբովյանի անվան պետհամալսարանի բարձրագույն պարգեւովՙ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալովՙ երիտասարդության քրիստոնեական դաստիարակության եւ ազգային հոգեւոր նկարագրի պահպանման գործում մեծ ներդրման համար:
Հրաժեշտից առաջ Վեհափառը համալսարանին նվիրեց Մայր աթոռի հրատարակած 40 անուն հոգեւոր գրականություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ