Ֆիլմ ազատության ու սիրո մասին
Օզջան Ալփերը համշենահայ առաջին ռեժիսորն է, որ նկարահանեց ու մարդկությանը ներկայացրեց վավերագրական ֆիլմ` «Մոմիկ» (համշենահայ բարբառով նշանակում է մայրիկ)` պատմելով համշենահայերի պատմության ու կենսակերպի մասին: Ռեժիսորի ցանկություններն ու գաղափարներն ավելի խիզախ ու համարձակ երանգավորում ստացան «Աշուն» (թուրքերեն «Սոնբահար») ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 19-ին Թուրքիայում: Չորս ամսվա ընթացքում ֆիլմը զգալի հաջողություններ է գրանցելՙ մի շարք կինոփառատոներում «Սոնբահարը» ստացել է առաջին մրցանակը: Մի շարք կինոքննադատների ու տեսաբանների կարծիքով «Աշուն» ֆիլմով ոչ միայն թուրքական կինեմատոգրաֆում, այլ ընդհանրապես կինոյում սկսվում են լուրջ փոփոխություններՙ նոր ալիք, որը հետագայում գուցե կանվանվի «Ալփերիի»: Թուրքիայում ֆիլմը դիտողների թիվը կազմում է ավելի քան չորս հարյուր հազար. նրանց գերակշռող մասը եղել են թուրքեր եւ օտարերկրացիներ:
«Աշունը» ցուցադրվել է Թուրքիայի 40 տարբեր քաղաքներում: Կինոդիտումներն ավարտվել են երկարաշունչ ծափահարություններով, որոնց հաջորդել են երկխոսությունները: Մի քանի շաբաթ առաջ «Աշունը» ցուցադրվել է Նյու Յորքի մի քանի կինոթատրոններում: Ցավալի է, սակայն, ԱՄՆ-ում ֆիլմի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ոչ թե տեղի սփյուռքահայերը, այլ օտարերկրացիները: Ֆիլմի դիտումից հետո ամերիկյան մամուլը բազմիցս անդրադարձավ համշենահայության խնդիրներին, հայոց պատմությանը: «Ես համշենահայ եմ եւ հպարտանում եմ դրանով»: Սա Ալփերիի պատասխանն էր թուրք լրագրողի հարցին, թեՙ ի՞նչ ազգի է պատկանում:
«Ալփերին հերոս է: Մաքուր, ազնիվ ու բարի հերոսներ այսօր քիչ կան: Ցավոք այսօր Հայաստանում քչերն են ճանաչում նրան, մինչդեռ իսկապես հայրենանվեր գործ է կատարում: Պետք է գուրգուրենք, ջերմագին ողջունենք, գրկենք, աջակցենք, որեւէ ցանկապատ չդնենք հայաստանցիների ու համշենահայերի միջեւ: Նրանք էլ են հայեր, ապրում են Թուրքիայում, սակայն պահպանում են հայկական ավանդույթները, սովորույթները, հայկական ոգին, շունչը, մշակույթն ու երաժշտությունը», նկատում է «Նարեկացի արվեստի միության» նախագահ Նարեկ Հարությունյանը :
Երեկ Նարեկացի արվեստի միությունում կայացավ «Աշուն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ինքնակենսագրական է: Հերոսը` Յուսուֆը խիզախ ու արդարամիտ անձնավորություն է: 10 տարի բանտարկված է եղել, որովհետեւ ազատության պաշտպանն էր, ձախակողմյան գաղափարների կրող: Ֆիլմի հիմնական նպատակն է ներկայացնել Թուրքիայում տիրող իրավիճակը, երբ բանտարկում են ձախակողմյան գաղափարների համար: Ֆիլմում Յուսուֆի կերպարում Ալփերին ներկայացրել է իր հուզումները, ցանկությունները: Հերոսի պես ռեժիսորին էլ Թուրքիայում ճնշել են, բանտարկել ազատամիտ գաղափարների համար:
Այս տարի հուլիս ամսին համշենահայկական «Աշնան» «երանգներով» կզմայլվեն նաեւ Հայաստանումՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երեւան կայցելի նաեւ Օզջան Ալփերը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ