«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


«ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ»

Օրերս Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները հերթական անգամ այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Այցը տեղի ունեցավ «Շտապեք գործել բարին» շարժման շրջանակներում, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի մանկատներին:

Մասնաճյուղը այդ շարժումը սկսել է դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նախնական ուսումնասիրությամբ որոշվեց առաջին օժանդակությունը ցուցաբերել անկողնային պարագաներով: Հետո շարժման շրջանակներում եղան նաեւ ուրիշ նախաձեռնություններ, որոնց միացան ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Ֆրանսիայի «Հույս Հայաստան» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցության մասնաճյուղը, Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանը:

Այս անգամ մասնաճյուղի նախաձեռնությամբ մանկատուն էր հրավիրվել «Մարգարտահատիկներ» թատերախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Մարգարիտա Մնացականյան), որը երեխաների համար ներկայացրեց Հ. Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթը: Մանկատան սաների համար ներկայացումը յուրօրինակ տոնի վերածվեց, հատկապես որ նրանց համար ոչ հաճախ է ընձեռվում հնարավորություն նմանօրինակ միջոցառումներին ներկա լինելու: Իհարկե, մանկատան անձնակազմը անում է ամենը, որպեսզի այս երեխաներն էլ զգան իրենց մանկությունը: Այնուամենայնիվ բազմատեսակ ուշադրությունը երբեք ավելորդ չի լինի ոչ սովորական, իրենց հասակակիցներից տարբեր պայմաններում ապրող երեխաների համար:

Նշենք նաեւ, որ օրեր առաջ «Սելենա Սերվիս» ՍՊԸ տնօրենությունըՙ արձագանքելով «Շտապեք գործել բարին» ՀՀԿ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությանը, դրամական օգնություն է ցուցաբերել մանկատանը: ՀՀԿ հայաստանյան մասնաճյուղը ծրագրում է երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հատուկ միջոցառում կազմակերպել Երեւանի մանկատների երեխաների համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4