Ստանալով հարգարժան Արա Պապյանի պատասխանը իմ` «Կարսի պայմանագիրը» հոդվածին, որը ոչ այնքան հոդված էր, որքան փոքր անդրադարձ այդ փաստաթղթին, մեծ գոհունակություն ապրեցի, քանի որ այս պայմանագիրը իսկապես մեր իրականության մեջ երբեք լրջորեն չի քննարկվել: Ա. Պապյանի պատասխանը հենց այդ առիթն է, որ ոչ միայն պատասխանեմ իմ նորահայտ ընդդիմախոսին, այլեւ հայտնեմ այդ պայմանագրի նկատմամբ իմ վերաբերմունքը:
Պապյանի պնդումը, թե այդ պայմանագիրը իրավական չէ, քանի որ Մուստաֆա Քեմալը Թուրքիայի իրական իշխանությունների կողմից (ի դեպ, օսմանյան վերջին սուլթան Մեհմեդ VI-ը Թուրքիայի իրական ղեկավարը չէր) հանցագործ էր հռչակված եւ նույնիսկ մահվան էր դատապարտված, եւ հետեւաբար նրա կնքած պայմանագրերը չեն կարող իրավական լինել, քննական դիտարկման դեպքում ոչ միայն թույլ, այլեւ սնանկ փաստարկ է, քանի որ իրավական փաստաթղթերը, որպես կանոն, գործող են լինում ոչ թե միջազգային այս կամ այն օրենքին համապատասխանելու դեպքում, այլ երբ այդ պայմանագրի հետեւում կանգնած են իրական ուժեր: Պատմությունից կարելի է հիշել շատ «մահապարտ հանցագործների»: Օրինակ, Ջորջ Վաշինգտոն, Վլադիմիր Լենին, Մաո Ցզե-Դուն, Ջավահարլալ Ներու եւ այլք, որոնք ժամանակին հանցագործ են հռչակվել, շատերն էլ մահվան դատապարտվել, ուրեմն ինչ, ըստ հանրգարժան Պապյանի հզոր տրամաբանության, նրանց կնքած պայմանագրերը իրավական չեն եւ ինչ-որ մեկը կարող է վիճարկե՞լ: Այսինքն, ինչպես գրում է Արա Պապյանը, նրանց կնքած պայմանագրերին «այո» ասողին գժի տեղ կդնեն, իմ խորին համոզմամբ, ավելի շուտ նրանց «ոչ» ասողներին ապուշի տեղ կդնեն: Քանի որ այս պայմանագրերի հետեւում կանգնած են իրական քաղաքական ուժեր, ինչն էլ ամեն պայմանագրին իրավական հիմք տալու միակ իրական պայմանն է: Ի դեպ, պարոն Պապյանի «հզոր» փաստարկները կարդալիս հիշեցի Խատիսյանի նամակներից մեկը, որտեղ վերջինս գրում էր, որ Փարիզում բանակցությունների ժամանակ ֆրանսիացիները եւ անգլիացիները նրանից պահանջում էին ոչ մի պայմանով չգնալ բանակցությունների Քեմալի հետ, սակայն առանձին, մասնավոր հանդիպումների ժամանակ, գրում էր Խատիսյանը, շատ ֆրանսիացի դիվանագետներ նրան խորհուրդ էին տալիս լեզու գտնել հենց Մուստաֆա Քեմալի հետ: Այսինքն, այդ ժամանակաշրջանի միջազգային իրավական բոլոր նորմերը Քեմալի դեմ էին, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ իրական քաղաքական ու ռազմական ուժը նրա ձեռքում է: Ի դեպ, երբ ֆրանսիացիները հայերից պահանջում էին Քեմալի հետ բանակցություններ չսկսել, իրենք Անկարայում գաղտնի բանակցություներ էին վարում նրա հետ, ինչի հետեւանքով հետագայում ֆրանսիացիների կողմից զինաթափ արվեց Կիլիկիայում գտնվող հայկական լեգիոնը:
Այսինքնՙ մեկ անգամ եւս կրկնվեց հին ճշմարտությունը` աշխարհի բոլոր պետությունները հավասար են, սակայն դրանց մեջ կան առավել հավասարները, որոնց համար էլ ծառայում են հենց նույն այդ միջազգային նորմերը: Իսկ միջազգային իրավունքից օգտվելու պետության կարողությունը կախված է այդ պետության տարածքից, բնակչության քանակից, ներքին համախառն արդյունքի մեծությունից, ռազմական բյուջեի չափից եւ ամենակարեւորը` միջուկային զենքի առկայությունից:
Ինչեւէ, պատմական այս «լիկբեզից» վերադառնանք մեր ոչխարներին` Կարսի պայմանագրին: Ցանկանաք, թե ոչ, Կարսի պայմանագիրն այս պահին գործող միակ իրավական փաստաթուղթն է, իսկ ով դրան համաձայն չէ, կարող է մեկնել հայ-թուրքական սահման եւ ուշադիր նայել, թե որտեղով է անցնում այն: Մնացածն արդեն հուզականության, բարոյական հաղթանակի եւ նմանատիպ այլ լացկանության բնագավառից է: Կարսի պայմանագրի պարագայում, կարծում եմ, Հայաստանը որդեգրել է միակ ճիշտ ձեւը, այսպես կոչված «լուռ համաձայնության» սկզբունքը, այսինքն, այն գործում է առանց դրա մասին պաշտոնական Երեւանի կողմից կոնկրետ հայտարարություն անելու: Հակառակըՙ պայմանագիրը չեղյալ հայտարարելն ուղղակի նվեր կլինի Ադրբեջանին եւ Վրաստանին, որոնք ցանկանում են, որ այդ սահմանը երբեք չբացվի, քանի որ այն հակասում է նրանց քաղաքական ու տնտեսական շահերին: Մերժման դեպքում Հայաստանը կհայտնվի միջազգային տերությունների ճնշման ներքո, իսկ Թուրքիան էլ պատճառ կունենա արդարացնելու Հայաստանի շրջափակումը, հայտարարելով, որ չի կարելի բացել մի սահման, որը կողմերից մեկը չի ճանաչում:
Ի դեպ, նշենք, որ Կարսի պայմանագիրը ոչ մի առնչություն չունի մեր պահանջատիրության հետ, քանի որ վերջինս խարսխված է ցեղասպանության փաստի վրա, իսկ այդ պայմանագիրը չի հերքում այդ փաստը: Բացի դրանից, այդ պայմանագիրը հավերժ չէ եւ ընդհանրապես Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969-ի մայիսի 23-ի Կոնվենցիայի մի շարք դրույթների համաձայն, Հայաստանը կարող է հրաժարվել որեւէ պայմանագրից:
Թերեւս չհամաձայնեմ նաեւ իմ ընդդիմախոսի երկրորդ «մեղադրանքին», քանի որ պարոն Պապյանը իր իսկ մեջ բերած միջազգային իրավունքի դրույթներին տվել է յուրօրինակ եւ ինքնատիպ մեկնաբանություններ: Արա Պապյանը ճիշտ է, երբ պնդում է, որ փոխադարձ ճանաչումը պետությունների գործն է: Սակայն փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթի բացակայությունը դեռ չի նշանակում, որ պետությունները կասկածի տակ են դնում միմյանց տարածքային ամբողջականությունը: Օրինակ, եթե Հայաստանը եւ Գանան փոխադարձ ճանաչման հուշագիր չունեն, ապա դա չի նշանակում, որ երկու երկրները չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը: Բացի դրանից, նախկին դեսպանը, չգիտես ինչու, խառնում է սահմանային վեճերի խնդիրը պահանջատիրության հարցի հետ: Օրինակ, Հայաստանի եւ Վրաստանի սահմանազատման աշխատանքը կատարված է միայն 80%-ով, իսկ մնացած 20%-ի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են եւ կան վիճելի հարցեր: Սակայն սա նույնպես չի նշանակում, թե երկու երկրները կասկածի տակ են դնում միմյանց տարածքային ամբողջականությունը: Օրինակ բերված այս երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Գանայի գործունեությունը եւ միմյանց ճանաչումը կարգավորվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
Ինչն է ապշեցնում պարոն Պապյանի դատողությունների մեջ. եթե այն գրած լիներ միջնակարգ դպրոցի ցածր դասարանի պատմության ուսուցիչը, ապա ես այն կհասկանայի: Սակայն իմ ընդդիմախոսը արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող Կանադայում Հայաստանի նախկին դեսպանն է: Ցավոք, վերջինս արտահայտում է հայ իրականության մեջ մեծ տարածում ունեցող, քաղաքական ռոմանտիզմով տառապող, հումանիտար մտածելակերպի, հուզական մտավորականության այն տեսակետը, որ «մեր գործն արդար է ու մենք կհաղթենք»: Իրականության մեջ հաղթում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակին եւ ճիշտ օգտագործել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը` պատմական պահը: Այսօր Արցախը հայկական է, ոչ թե շնորհիվ միջազգային իրավունքի նորմերի այս կամ այն դրույթի, այլ ի հեճուկս դրանց եւ շնորհիվ հայ տղաների, որոնք իրենց կյանքի գնով ազատագրեցին հայկական այդ հողակտորը: Եվ սա այսօր ստեղծված քաղաքական այն իրականությունն է, որի դեմ չի կարող գործել միջազգային եւ ոչ մի նորմ, եւ եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի հարյուրավոր փաստաթղթեր անցկացնել ՄԱԿ-ի ասամբլեայով, միեւնույն է, ամեն մի պետության, առավել եւս տերության համար պարզ է, որ այս իրավիճակը չի փոխվի: Սա է պատճառը, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը շարունակաբար դեմ են քվեարկում Ադրբեջանի նախաձեռնություններին: Տերությունների «հայամետությունը» նրանց բարեգթությունից չէ, այլ ստեղծված իրավիճակը հաշվի առնելու փաստից:
Իսկ ստեղծված իրավիճակի եւ տարածված նմանատիպ վերլուծությունների վտանգն այն է, որ քաղաքական ռոմանտիզմից մինչեւ քաղաքական արկածախնդրություն ընդամենը մեկ քայլ է:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
(Թե՛ նամակը եւ թե՛ կցյալ պատասխանը տեղի սղության պատճառով կրճատված ենք հրատարակում):