Իրավապաշտպան կառույցները կհետեւեն վերաքննիչ բողոքի ընթացքին
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH Փարիզի գլխավոր գրասենյակը) եւ Հայաստանում ու Վրաստանում իր ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններիՙ Մարդու իրավունքների կենտրոնի (HRIDC, Վրաստան) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (CSI, Հայաստան) տարածած հաղորդագրության համաձայն, Վրաստանի վերաքննիչ դատարանը պետք է վերականգնի արդարադատությունը:
2009-ի ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանի դատարանը դատապարտեց Ջավախքի բնակիչ, քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանին 10 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով նրան զենքի ու ռազմամթերքի ձեռքբերման եւ պահելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու, հասարակական կարգը խանգարող գործողությունների կազմակերպման, ոստիկանության կամ իշխանության այլ ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու եւ խուլիգանության համար: Դատարանը տուգանք է նշանակել Վահագն Չախալյանի հորՙ Ռուբեն Չախալյանի եւ նրա կրտսեր եղբորՙ Արմեն Չախալյանի նկատմամբ համապատասխանաբար 3000 ԱՄՆ դոլարի եւ 1200 ԱՄՆ դոլարի չափով: 2009-ի ապրիլի 16-ին Թբիլիսիի 8-րդ բանտում, որտեղ պահվում է Վ. Չախալյանը, նրան դաժան ծեծի են ենթարկել:
Կազմակերպությունները հայտարարում են, որ Չախալյանի ձերբակալումից ի վեր նրա նկատմամբ դատական գործընթացն իրականացվել է մի շարք խախտումներով: Վ. Չախալյանին մեղադրել էին հրազենի ապօրինի ձեռքբերման մեջ: Կազմակերպությունները նշում են, որ անտեսելով Չախալյանի փաստաբանի պահանջները, նրա տանը իբր հայտնաբերված զենքից չեն վերցվել մատնահետքեր: Հասարակական կարգը խախտելու վերաբերյալ Չախալյանի դեմ մեղադրանքն ավելի ուշ է ավելացվել եւ վերաբերում է 2006-ի Ախալքալաքում ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին:
«Վահագն Չախալյանի դատավարությունը սկսվել է 2008-ի նոյեմբերի 6-ին, եւ դատական նիստերը շարունակաբար հետաձգվել են: Բոլոր դատական գործընթացները տեղի են ունեցել Ախալցխայի շրջանի դատարանում, թեպետ Չախալյանների ձերբակալության համար իբրեւ պատճառ հանդիսացած իրադարձությունները տեղի էին ունեցել Ախալքալաքում», նշում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան:
Հայտարարության մեջ նշվում է. «Անհայտ պատճառներով Վրաստանի արդարադատության նախարարը մերժել է իր ընտրությամբ փաստաբան ունենալու Չախալյանի պահանջը: Վրաստանի օմբուդսմենը պաշտոնապես պահանջել է, որ նախարարը թույլ տա Չախալյանին ներգրավել իր ընտրությամբ պաշտպանի: Սակայն այդ պահանջը արդյունք չի տվել: Ըստ Չախալյանի հարազատների եւ փաստաբանի, դատավարության ընթացքում տրամադրված թարգմանությունը լիարժեք չէր եւ վատ որակի էր: Դատավարության արձանագրություններն այդ պատճառով ամենայն հավանականությամբ խեղաթյուրվել են»:
Կազմակերպությունները համարում են, որ Վահագն Չախալյանի նկատմամբ դատական գործընթացն իրականացվել է արդար դատաքննության իրավունքին առնչվող ազգային, տարածաշրջանային եւ միջազգային չափանիշների մի շարք կոպիտ խախտումներով: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Մարդու իրավունքների կենտրոնը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպությունները մտադիր են հետեւել Վ. Չախալյանի վերաքննիչ դատավարության ընթացքին եւ կոչ են անում Վրաստանի իշխանություններին ապահովել մարդու իրավունքների միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ստանձնած Վրաստանի պարտավորություններին համապատասխան լիարժեք եւ անկախ դատավարություն:
Ա. Հ.