Նախընտրական քարոզչության առաջին շաբաթն առանձնապես աշխույժ չէր, համենայն դեպս այդպես է թվում, երբ դիտում ենք քարոզչական թեմաներով լրատվական թողարկումները եւ անգամ քարոզչական տեսահոլովակները: Անցյալ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների իներցիան նկատելի է ամեն ինչի մեջ` ե՛ւ կարգախոսների, ե՛ւ քարոզչական երթուդարձի, ե՛ւ ավտոբուսներով ընտրողների հետ հանդիպման վայր մարդկանց տեղափոխելու, ե՛ւ կուսակցական ակտիվիստների հանդիպումներում «դվիժենի» ստեղծելու առումով, իսկ ընդհանրապես` մի տեսակ, կարծես կողմերը չեն շտապում եւ ուսումնասիրում են իրար, որ հասկանան մյուսի թույլ տեղերը ու հենց դրանցից բռնեն հետագա քարոզարշավի ընթացքում: Թույլ տեղերն այնպես էլ հասկանալի են` ՕԵԿ-ն ավելի շատ դահլիճային հանդիպումներ է անում առայժմ, կարելի է ասել` կամերային, եւ իր ցուցակի առաջին տիկնոջ ձայնում էլ ինչ-որ հետաքրքրական նուրբ երանգներ են հայտնվել` ըստ ոչ այնքան մարդաշատ լսարանի: ՀՀԿ-ի բակային հանդիպումներն ավելի շուտ ոչ թե քարոզարշավ են հիշեցնում, այլ քաղաքակիրթ երկրի քաղաքապետի ամենօրյա հանդիպումներ` պրոբլեմներ ունեցող բակերի բնակիչների հետ, ասենք` նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն այդպես շարունակում է շաբաթը մի քանի անգամ գնալ իր նահանգի բողոքավոր բնակիչներին հանդիպելու ու նրանց հարցերը լուծելու (ազգանունի թարգմանությունը պատահականություն է, չզուգահեռել). հիմա ասենք դրան ընտրարշա՞վ: ՀՅԴ-ի ներկայացուցիչներն իրենց ընտրարշավում դեռեւս չափավոր ընդդիմադիր են, եւ անգամ նրանց ցուցակի առաջին դեմքը, իր բնավորությանը համապատասխան, սուր հարցադրումները այնքան մեղմ ու «կուլտուրական» է ներկայացնում, որ առայժմ ընտրողները մոռանում են ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելը, իսկ ՀԱԿ-ի բառապաշարը նույնն է, ինչ մեկ ամիս կամ ավելի առաջ:
Էկրանից ամենամարդաշատ հանդիպումները Գագիկ Ծառուկյանինն են. եթե ժողովուրդ գնում էլ է այդ հանդիպումներին, հենց նրա՛ն հանդիպելու է գնում, թեեւ հնարավոր է, որ այդ մարդկանց մի մասը հենց ԲՀԿ-ի լոգոյով ավտոբուսներով կարող են բերված լինել: Սակայն, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի մարդաշատ հանդիպումներն արդեն սկսել են ազդել ՀՀԿ-ականների նյարդերի վրա` ասում են, թե իրենք ազնիվ են, մի մարդու չեն ցույց տալիս, հետո մի ուրիշին ցուցակ ուղարկում: Նույն կերպ եւ ՕԵԿ-ականներն են ազդում ՀՀԿ-ակտիվիստների վրա, որոնք մասնավոր զրույցներում մատով կոկորդն են ցույց տալիս ասելով` «հասել է ըստեղներս», ո՞ր մեկին դիմանանք: Չնայած այս բոլորին` ինտրիգ դեռեւս չկա, ընտրարշավին մասնակցող գլխավոր ֆավորիտ կուսակցությունների ակտիվիստները շարունակում են «տիխարի» հավաքագրել իրենց «100 տոկոսանոց» ցուցակները, եւ չի բացառվում, որ հայ հնարամիտ ընտրողը, նյութական ակնկալիքով, մի երեք ցուցակում էլ «գրվի»` հետո կերեւա: Եթե անցած շաբաթվա Ծառուկյան-Ադիբեկյան հեռակա բանավեճն էլ չլիներ, անցած շաբաթը սովորականից սովորական շաբաթ էր:
Նայելով կուսակցությունների նախընտրական ծրագրերին` կարելի է կարծել, թե նրանցից որն էլ ղեկավարի քաղաքը, մենք ապրելու ենք հեքիաթային մի քաղաքում, այնպես որ դրանք համեմատելը ոչինչ էլ չի տալու ընտրողին` հայ ընտրողը շարունակում է տարբեր շահերից ելնելով ե՛ւ նախընտրական հանդիպումների գնալ, ե՛ւ ընտրությունների: Ավելի շուտՙ նախընտրական այս տասնօրյակի ավարտին կարելի է մի անգամ եւս ֆիքսել այն նպատակները, որոնք դրել են (եւ այս տասնօրյակում էլ դրանք լավ երեւում էին) ֆավորիտ կուսակցությունները. ՀՀԿ-ն խնդիր ունի թույլ չտալ ԲՀԿ-ին շատ տոկոս հավաքել. ինչպե՞ս է դա անելու` դեռեւս չի երեւում, քանի որ ԲՀԿ-ն ավելի շատ ֆինանսներ է ներդնում քարոզարշավում, բացի այդՙ վարչական ռեսուրսի մի զգալի շերտ էլ նրան է ծառայեցված: Մեր մեջ ասած` հենց ՀՀԿ-ականներն են ոչ պաշտոնական զրույցներում վախենում, որ դա դժվար է լինելու, մեր ժողովուրդը իներցիայով շարունակում է ձգտել դեպի իր համար ընդունելի եւ պարզ ստերեոտիպերը` ե՛ւ քարոզարշավի, ե՛ւ կերպարների, ե՛ւ ուղղակի փողի ու հարստության առումով: ՀՀԿ-ն մեկ ճանապարհ ունի ազդեցությունները եւ լծակները պահպանելու` հաստատուն 40 եւ ավելի տոկոս հավաքելով գոնե, մնացյալ դեպքերում նրանց առաջնորդն ու երկրի ղեկավարը, մարտի 1-ի հետեւանքները դեռ չհաղթահարած, անվստահության նոր չափաբաժին է նվեր ստանալու: ԲՀԿ-ն անպայման ուզում է ապացուցել, որ ինքը հավասար եւ գուցե մի բան էլ ավելի գործընկեր է որպես հետեւանք ստանալով նաեւ բավարար լծակներ` պաշտոնների տեսքով: ՀԱԿ-ը կարող է ինչ-որ պահի հույս ունենալ մի 25 տոկոսի, սակայն դա ամենաանհավանական ու հնարամիտ քարոզարշավի դեպքում միայն, ինչն առանց ֆինանսական ռեսուրսների հնարավոր չէ, իսկ որ վարձատրությամբ աշխատող կոնգրեսական նախընտրական ակտիվիստներից շատերը հիմա ԲՀԿ-ի համար են աշխատում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: ՀՅԴ-ն դեռ պետք է ավելացնի ընդդիմադիր քարոզչության չափաբաժինը, եթե ուզում է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներից ստանալ: Իսկ ամենադժվարն ՕԵԿ-ի գործն է լինելու, որը, անգամ Կարապետիչի եթերից է զգացվում, մի նոր մրցակից ունի` Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն: Վերջինս օր չի լինում, որ ՕԵԿ-ին չքննադատի: Եվ նախընտրական հիմնադրամներում այժմ առկա պատկերն անգամ այս պահին քարոզչության կորի մասին բան ասում է:
Եթե նայես նախընտրական հիմնադրամների ելքերն ու մուտքերը` դրանց համապատասխան էլ առայժմ, կարծես քարոզչություն է, մի վերապահումով` անտեսանելի, ստվերային ծախսերը, որ ամեն քայլափոխի առկա են, դրանց մեջ չեն. ասենք` ողջ Երեւանի ասֆալտապատումն ու բակաբարեկարգումը հաշվում են որպես նախընտրական ծախս, թե՞ ոչ` սա ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի մասով, կամ, ասենք, «Բարգավաճ Հայաստան» լոգոն կրող եւ ուսանողներին ձրի տեղափոխող ավտոբուսի ծախսերը մուտքերի եւ ելքերի մե՞ջ են:
Բոլոր դեպքերում` ԿԸՀ կայքում մայիսի 7-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների փողերն այս կերպ են հոսել. ամենահարուստ ԲՀԿ-ն 34 մլն 863 հազար դրամ մուտք է ունեցել, որից 33 միլիոնն արդեն ծախսել է, ընդ որում` այս գումարի 32 մլն 863 հազարը ֆիզիկական անձինք են մուտք արել հիմնադրամ: ԺԿ-ն ոչ մի գումար էլ չունի եւ ոչինչ էլ չի ծախսել` Կարապետիչն ամբողջ օրն ինքն իրեն հրավիրում է անվճար եթեր, ու դա ոչ մի խախտում չէ, Գագիկ Բեգլարյանը ողջ օրը քաղաքը կասֆալտի, ինքն իր ամենօրյա գործը` խոսելը չի՞ կարող շարունակել: ՀԱԿ-ը մոտ 3 մլն դրամից մի շաբաթում թողել է 64 հազար, ՀՅԴ-ն ունեցած 3 մլն-ից 3-ն էլ ծախսել է, ՀՀԿ-ն 25 մլն 700 հազ. դրամից մոտ 14 մլն-ն է ծախսել, ՕԵԿ-ի 8 մլն-ից 1 մլն-ից մի փոքր ավելին է մնացել: ՀԱՍԿ-ն էլ ԺԿ-ի նման ոչինչ չունի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ