Ադրբեջանական որոշ գործակալություններ լուրեր են տարածել, թե իբր Բաքվի նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններում առկա է հայկական հետք: Մեկնաբանելով այս պնդումը, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը «Արմենպրեսին» ասաց, որ ադրբեջանական քարոզչամեքենան ամեն մի ողբերգություն փորձում է օգտագործել հակահայկական հիստերիայի շրջանակներում: «Այս անգամ եւս Բաքվի նավթային ակադեմիայում տեղի ունեցած կոտորածին փոխանակ իրավական, սոցիալ-հոգեբանական գնահատական տալու, ահաբեկչական այս ակտի հիմքերը բացահայտելու եւ ապագայում դրանք բացառելու, կանխարգելելու, գտել են ամենահեշտ ճանապարհը` իրենց անկարողությունը, ապաշնորհությունը թաքցնել կամ փաթաթել հայկական կողմի վրա», նշեց նա: Ա. Բաղրամյանի խոսքերովՙ այս պնդումներն այնքան անհեթեթ ու զավեշտալի են, ու նրանց գործելաոճն այնքան կանխատեսելի եւ պրիմիտիվ, որ բացառված չէ` ադրբեջանական կողմը մոտ ապագայում հայտարարի, թե Քենեդու սպանության մեջ էլ հայտնաբերել են «հայկական հետք»: