Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ժամանակ Ստեփանակերտում զրուցեցինք տեղի բնակիչների հետ: Հետաքրքրական էր իմանալ, թե ղարաբաղցին ինչպե՞ս է ապրում, աշխատանք ունի՞, տնտեսական ճգնաժամն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել տեղի բնակչության վրա, հարցերը վերաբերում էին նաեւ Ղարաբաղի շուրջը տեղի ունեցող գործընթացին, վերջին հայտարարություններին, մեր ղեկավարության դիվանագիտական այցերին այս ու այն երկիր եւ այլն:
Առաջինը, ում հետ զրույցի բռնվեցինք, Ստեփանակերտի բնակիչ Նաիրա Գրիգորյանն էր, ում հայրը ղարաբաղյան պատերազմի ժամանակ է զոհվել:
Տիկին Նաիրան գործազուրկ է, 25 տարի աշխատել է Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում: Ժամանակին այդ ֆաբրիկայում 380 մարդ հնարավորություն է ունեցել աշխատանք ունենալու: Իսկ այսօր, ինչպես նշեց մեր զրուցակիցը, աշխատանք շատ քչերն են կարողանում գտնել Ղարաբաղում: Նաիրան կարծում է, որ այսօր կարելի է նաեւ Ստեփանակերտի մսի կոմբինատը աշխատեցնել, դրա համար անհրաժեշտ է կառավարության լուրջ մոտեցումը:
«Քանի տարի ապրում եմ Ղարաբաղում եւ չեմ լքում իմ երկիրը, չնայած դրսում էլ շատ անելիքներ ունեմ», ասում է Նաիրան:
Էլեկտրաէներգիայի, գազի թանկացումներ Ղարաբաղում նույնպես եղել են: Այս հարցը նույնպես մտահոգում է ղարաբաղցուն: Նաիրան կարծում է, որ գոնե գազի թանկացումները կառավարությունը պետք է վերցներ իր վրա. «Ես մտածում եմ, որ դա վատ է. այն, ինչ կատարվում է վերեւներում, ի նպաստ ժողովրդին պետք է արվի»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, Նաիրայի մատուցմամբ, «ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ, թե ինչպես են մեր հարցը փորձում լուծել, դրա մասին ժողովուրդը չգիտի. հենց այն, որ գաղտնի են պահում, մեծ մինուս է իրենց համար: Եթե դու ինչ որ բան արդար ես անում, ուրեմն ոչինչ չպետք է գաղտնի պահես: Կարելի է գոնե լուրեր տարածել, որ բոլորն այդ մասին տեղյակ լինեն. ես դեմ եմ, որ այսպես են վարվում: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էլ, որ ցեղասպանության նախօրեին է կատարվում` շատ սխալ է, հակառակ դեպքում, կարծում եմ, Օբամայի դիրքորոշումը այս հարցում նպաստավոր կլիներ մեզ համար: Սակայն Սերժ Սարգսյանը ինչ որ անում է` հարգանքով է վերաբերվում մեր ժողովրդին, ամենաբարձր մակարդակով»:
Որ բոլորն ասում են` Ստեփանակերտը մաքուր քաղաք է, ոչ ոք չի համարձակվում ձեռքին եղածը գետնին գցել, ինքներս համոզվեցինք: Գիշերվա ժամը 2-3-ի մոտ էլ ականատես եղանք, թե ինչպես են ամբողջ Ստեփանակերտի փողոցները ավլում-մաքրում:
Մեր հարցին, թե ինչպես է լինում, որ Ստեփանակերտը միշտ մաքուր է` Նաիրա Գրիգորյանը պատասխանեց. «Վերջերս եմ եղել Երեւանում. ամեն տեղ շինություններ են, շրջակայքը կեղտոտ. այստեղ` Ղարաբաղում, երեւի ժողովրդի ինքնագիտակցությունն ուրիշ է: Կան մարդիկ, որ ուշադրություն են դարձնում մաքրությանը»:
Ղարաբաղում շատերն էլ հողագործությամբ են զբաղվում:
Թոշակառու մի պապիկ բողոքում էր. «Աշխատանք չկա. գազի թանկացումներ կան, բայց դե մի կերպ յոլա ենք գնում: Գազը 96 դրամ է դարձել, լույսը` 25 դրամ»:
«Սա ապրել չէ. 50 տարեկան եմ, հիվանդության պատճառով 25000 դրամ թոշակ ենք ստանում: 2000 դրամ էլ չեն բարձրացրել, բայց դե հաշմանդամի համար շատ քիչ է: Աշխատանք չկա, մի երկու շինարարություն է, սեփական շինարարություններ են, շատերը չեն կարողանում աշխատել. գալիս են Ռուսաստանից, բայց ասում են` ավելի լավ էր այնտեղ մնայինք: Ուզում են ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց գործ չկա», իր դժգոհությունն էր հայտնում մի տարեց կին:
Ղարաբաղում ուղեւորափոխադրումների վարձը դեռ չի թանկացել, բայց խոսակցություններ կան, որ թանկանալու են: Ստեփանակերտի երթուղային տաքսիների մեկ կիլոմետրն արժեր 50 դրամ:
Անուշն էլ Ղազախստանից էր եկել ու հիացած էր Ղարաբաղով, Ստեփանակերտի կյանքով. «Կուզենայի, որ ամեն ինչ մի քիչ ավելի լավ լիներ: Ես հպարտ եմ իմ հայրենիքով: Ամեն ինչ թող խաղաղ լինի, հանգիստ լինի, որպեսզի երիտասարդներն այստեղ շատ լինեն»:
Բժիշկ-ատամնաբույժ Անուշի խոսքերով` ճգնաժամի հաղթահարման համար տարիներ են հարկավոր. «Ես էլ շատ կուզենայի, որ իմ երեխաներն այստեղ գային, չմնային օտար երկրում: Կրթություն, քաղաքացիություն ստանային եւ հայերեն սովորեին»:
Անուշի խոսքերով` ճգնաժամ Ղազախստանում էլ կա, բայց Ղարաբաղում նկատելի չէ այդքան, քանի որ աշխատատեղեր չկան. «Ղարաբաղում շատ քչերն են աշխատում, իսկ Ղազախստանում այդպես չէ. հազարները գործից զրկվեցին: 4 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ, աշխատել եմ Ղազախստանում, եկել եմ այստեղ հանգստանալու»:
Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց 70-ամյա Գրիգոր Ոսկերչյանը. «Ոչ մի պետություն չի կարողանալու մեզ ծնկի բերել: Ադրբեջանն ամեն կերպ ուզում է Ղարաբաղն իր կազմի մեջ պահի: Ղարաբաղցիներն ամուր կանգնած են ու մնալու են Հայաստանի կազմում: Ես դրանում համոզված եմ, որովհետեւ մեր Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդն ավելի համախմբված է, ավելի վճռական»:
Գ. Ոսկերչյանի կարծիքով` Թուրքիան պատրաստ է սահմանը բացելու, բայց Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խանգարել դրան. «Ես գտնում եմ, որ վաղ թե ուշ սահմանը բացվելու է առանց նախապայմանների: Մենք այնքան ժամանակ ենք կանգնելու, դիմադրելու, որ նրանք ստիպված սահմանը բացեն»:
Հարցին, թե գո՞հ է բանակցային գործընթացից, Գ. Ոսկերչյանը այսպես պատասխանեց. «Մեր հարցը վաղուց կլուծվեր, եթե արտասահմանյան պետությունները... Այդ սրիկաները պաշտպանում են թուրքերին: Նրանց ավելի շատ են պաշտպանում, քան թե մեզ: Մենք արյան գնով ազատագրվել ենք: Ես թուրքերի կողմից կրկնակի ցեղասպանության զոհ եմ»:
70-ամյա ծերունու երկու թոռները բարձրագույն ուսումնական հաստատությունում են սովորում: Նա նույնպես դժգոհեց, որ իր թոռները Ղարաբաղում աշխատանք չեն կարողանում գտնել:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան