Հարավային Կովկասով եւ Թուրքիայով դեպի Եվրոպա միջինասիական գազի առաքման համար ծրագրված Nabocco գազամուղը մնում է առանց գազի: Եվրոմիության քաղաքական գործիչները մայիսի 8-ին հերթական քայլն արեցին Եվրոպայի էներգետիկ անկախության ճանապարհին: Պրահայում «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց հռչակագիր Ռուսաստանը շրջանցող «Հարավային միջանցքի» կամ Nabucco գազամուղի շինարարության նախագծի վերաբերյալ:
Այս կապակցությամբ ՌԻԱ գործակալությունը նշում է, որ փաստաթղթերի ստորագրումը եվրոպացի քաղաքական գործիչներին թույլ չի տալիս լրիվ չափով գոհունակություն զգալ, քանի որ հենց այդ գագաթաժողովում Եվրոմիությունը նվաստացուցիչ պարտություն կրեց միջինասիական պետություններից. դրանց կառավարությունները հրաժարվեցին ստորագրել փաստաթուղթը: Տվյալ փուլում մասնավորապես Թուրքմենստանի համաձայնության բացակայությունը Nabucco-ի կառուցման նախագիծը տնտեսապես անիմաստ է դարձնում:
Հունվարին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած գազային հակամարտության պատճառով Եվրոպան տուժեց եւ այժմ նոր թափով փնտրում է էներգամատակարարման այլ ուղիներ: Nabucco-ին քաղաքականապես աջակցում է ԱՄՆ-ը: Բայց միջինասիական էներգակիրներն ուղղակիորեն շոշափում են Ռուսաստանի շահերը, որը չի ուզում կորցնել այդ կարեւոր տարածաշրջանի վերահսկողությունը: