Բրիտանա-հայկական խորհրդարանական համակուսակցային խմբակցության (ԲՀԽՀԽ) հրավերով բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովում մայիսի 7-ին ելույթ է ունեցել հայտնի մտավորական, հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ: Ստորեւ թարգմանաբարՙ նրա մայիսի 12-ի հոդվածը այդ մասին:
Կոնֆերանսը նախագահում էր ԲՀԽՀԽ-ի նախագահ, Լորդերի պալատի անդամՙ բարոնուհի Քոքսը: Ներկա էին Լորդերի պալատի անդամները, արտգործնախարարության հայկական հարցերով զբաղվող աշխատակիցը, ներկայացուցիչներ Հունաստանի, Քուվեյթի, Սերբիայի, Սլովենիայի եւ Սիրիայի դեսպանատներից, ինչպես նաեւ պատմաբաններ, լրագրողներ եւ այլ հեղինակավոր անձնավորություններ:
Իմ խոսքում, որը վերնագրված էր «Հայոց ցեղասպանությունը եւ արդարության որոնումը», ես նշեցի, որ Հայոց ցեղասպանությունը որպես իրագործված պատմական փաստ ճանաչել են աշխարհի 20-ից ավելի երկրների օրենսդիր մարմինները, ՄԱԿ-ը, Եվրոխորհրդարանը, Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատը, նախագահ Ռեյգանը, Ամերիկայի 50 նահանգներից 42-ը, ինչպես նաեւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան: Ափսոսանք հայտնեցի, որ Միացյալ Թագավորությունը դեռեւս մնում է այն հազվադեպ խոշոր երկրների շարքում, որոնք մինչեւ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելացնելով, որ «Ժխտողական մի պետության կողմը բռնելը ոչ թե ապացույցների կամ համոզմունքի պակասի հետեւանք է, այլ, դժբախտաբար, քաղաքական նկատառում, որով Բրիտանիան նպատակ է հետապնդում հաճոյանալու Թուրքիային»: Հիշեցրի բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներին վարչապետ Ուինստոն Չերչիլի նախազգուշական խոսքերը, որ «հաճոյացողը (քծնողն) այն անձն է, որ կոկորդիլոսին է կերակրում հույսեր փայփայելով, որ կոկորդիլոսն իրեն վերջինը կուլ կտա»: Հստակեցրի, որ հայերն այլեւս կարիք չունեին աշխարհին համոզելու, որ 1915-23 թվերին կատարված իրադարձությունները «Ցեղասպանություն» պետք է որակել, եւ շարունակեցի.
«Սոսկ ճանաչումն ու ներողություն խնդրելը, սակայն, բավական չեն լինելու ամոքելու վերքերը եւ վերացնելու Ցեղասպանության հետեւանքները: Հայերն սպասում են դեռ, որ արդարությունը կհաստատվի, պատմական իրավունքները կվերականգնվեն եւ բռնագրավված տարածքներն ու ինչքերը կվերադարձվեն իսկական տերերին: Վերջին տարիներին ամերիկահայ իրավաբանները հաջողությամբ դատական գործեր են հարուցել Մ. Նահանգների դաշնային դատարաններում եւ կարողացել են միլիոնավոր դոլարներ ձեռք բերել «Նյու Յորք լայֆ» եւ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերություններից, մինչեւ օրս չվճարված պոլիսների դիմաց: Դատական գործեր ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների եւ գերմանական բանկերի դեռեւս ընթացքի մեջ են:
1915-ին զարհուրելի անարդարություն գործի դրվեց հայերի դեմ, որն էլ նրանց իրավունք է տալիս, հրեական Հոլոքոսթի օրինակով, արդար փոխհատուցում պահանջել իրենց հսկայական կորուստների համար:
Այդ փոխհատուցումը կարող է տարբեր ձեւերով լինել: Որպես առաջին քայլ Թուրքիայի Հանրապետությունը կարող է Ստամբուլում գտնվող հայկական պատրիարքարանի իրավասությանը հանձնել երկրի բոլոր հայկական եկեղեցիներն ու կրոնական հուշարձանները, որոնք բռնագրավված են եւ վերածված մզկիթների, պահեստների կամ էլ ամբողջովին քայքայված: Թուրքիայի կողմից կամավոր փոխհատուցման բացակայության դեպքում հայերը կարող են դատական միջոցներով ձեռք բերել արդարությունը: Պետք է նշել անվերապահորեն, որ հայերի ցեղասպանությունը ոչ 1915 թվականին է սկսվել, ոչ էլ վերջացել այդ թվին: Ցեղասպանական զանգվածային գործողություններ կատարվել են դեռ սուլթան Աբդուլ Համիդի օրոք, երբ 1894-96 թվերին կոտորվել են 300 հազար հայեր: Այնուհետեւՙ 1909 թվին երիտթուրքերի կողմից Ադանայում սպանվել են 30 հազար հայեր, իսկ 1915-23 թվերին 1,5 միլիոն հայեր են բնաջնջվել Ցեղասպանության հետեւանքով, որին էլ հաջորդել են բռնի թուրքացումը եւ գաղթը տասնյակ հազարավոր հայերիՙ Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից:
Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանի առաջնորդները բարձրաստիճան օսմանյան պաշտոնյաներ էին, որոնք էլ մտահղացել եւ իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը: Ղեկավարների հաջորդականության այս կապն էլ հիմք է ծառայել երկրի օսմանյան հակահայկական քաղաքականության շարունակության համար: Այդ իսկ պատճառով որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու կարող է համարվել իրագործված Ցեղասպանության համար:
Ամերիկյան արխիվներում վերջերս հայտնաբերված մի կարեւոր փաստաթուղթ անհերքելի ապացույցներ է պարունակում, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակել է ռասիստական նկատառումներով մինչեւ 1930-ական թվականները տեղահանել եւ աքսորել դեռեւս ողջ մնացած հայերին: 1934-ի մարտի 2 թվակիր փաստաթուղթը, որը «խիստ գաղտնի» մակագրությունն է կրում, ուղարկել է պետքարտուղարություն Անկարայից Մ. Նահանգների դեսպան Ռոբերտ Սքիները:
1920-30-ական թվերին հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Կիլիկիայում եւ Արեւմտյան Հայաստանում: 1940-ականներին այդ ռասիստական քաղաքականությունը շարունակվեց «Վառլըք Վերգիսի» կոչված հարկերի գործադրումով հայերի, հրեաների եւ հույների վրա: Իսկ 1955-ին Ստամբուլի ջարդերի ժամանակ բազմաթիվ հույներ, հայեր եւ հրեաներ սպանվեցին, եւ նրանց ինչքերը քանդվեցին ու թալանվեցին:
Կոտորածների, ցեղասպանության եւ բռնագաղթերի այս շարունակական բնույթը ցույց է տալիս, որ գոյություն ունի 1890-ականներից մինչեւ մեր օրերը երկարաժամկետ մի մարտավարություն ընդմիշտ լուծելու Հայկական հարցը: Հետեւաբար Թուրքիայի Հանրապետությունը իրավական տեսակետից պատասխանատու է բոլոր այն ոճրագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի դեմ: Օգտված լինելով Օսմանյան կայսրության ակտիվներից, Թուրքիան պարտավորված պետք է լինի նաեւ կատարելու իր պարտավորությունները, փակելու իր պարտքերը:
Այս փաստն է, երեւի, գլխավոր պատճառը, թե ինչու Թուրքիան հաստատակամորեն խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքերը վախենում են, որ ճանաչմանը հետեւելու են փոխհատուցման այլ պահանջներ:
Իրականում պետք է նշել, որ օրենսդիր մարմինների ընդունած բանաձեւերը Ցեղասպանության հարցի շուրջը չունեն իրավական ոչ մի ուժ եւ չեն կարող միջազգային դատական կամ իրավական հաստատությունների կողմից օգտագործվել: Հենց Թուրքիան եւ նրա ղեկավարները գիտակցեն այս իրողությունը, երեւի կդադարեն մնալ իրենց ժխտողական դիրքերում:
Սակայն առանց այդ ճանաչմանը սպասելու, հայերը կարող են շարունակել հետապնդել իրենց դատը, պատմական իրավունքների արդարացի լուծումը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում (որտեղ միայն պետություններն են իրավասու գործելու), այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Մ. Նահանգների դաշնային դատարաններում:
Միջազգային օրենքներին համապատասխանող արդարությունը պետք է իր ճանապարհը հարթի»:
Հատուկ Հայոց ցեղասպանությանը նվիրված այս գիտաժողովին հրավիրված էր նաեւ դոկտ. Իսրայել Չառնինՙ Երուսաղեմի Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի ռեկտորը, որը անակնկալ հիվանդության պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Նրա զեկուցումըՙ վերնագրված «Ցեղասպանության ժխտումը միայն քաղաքական մարտավարություն չէ, այլ գրոհ է առաքինի մարդկանց մտածողության եւ զգացմունքների վրա», կարդաց Փիթեր Բարքերըՙ BBC-ի նախկին հաղորդավարը:
Զեկուցումներին հաջորդեց հարց ու պատասխանի մասը, որի ավարտին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը արտասանեց փակման խոսքերը: ԲՀԽՀԽ-նՙ հիմնվելով զեկուցողների ելույթների վրա, հրատարակեց մի պաշտոնական հայտարարություն, պահանջելով բրիտանական կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թարգմ. Հ. Ծ.