ՀԱԿ-ը ցանկանում է վերադարձնել երեւանցիների ժպիտը, ՀՅԴ-ն հարմարավետ վայր է փնտրում երեւանցիների համար
«Ամենամեծ արժեքը մարդն է: Պետք է իրեն զգա ապահով, պաշտպանված: Խեղաթյուրվել է թամանյանական կենտրոնը, չկա շենք, որտեղ քաղաքապետարանի գիտությամբ ու թույլտվությամբ խոռոչներ չլինեն, պուրակները վերածվել են սրճարանների: Ոտնահարվում է մարդու սեփականության իրավունքը», «Հայելի» մամուլի ակումբում Երեւան քաղաքի թերություններն էր ներկայացնում ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանն ու նշում, որ այս ամենը կշտկվի, եթե ՀԱԿ-ը գա քաղաքային իշխանության գլուխ` դառնալով լրջագույն հակակշիռ այս իշխանություններին: Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, երեւանցիների դեմքից վերացել է ժպիտը, հետեւաբար ամեն ինչ անելու են, որ վերականգնեն մարդկանց ժպիտը:
ՀՅԴ-ից Ալվարդ Պետրոսյանը հակաճառեց Սարգսյանին` հավելելով, թե չի հիշում, որ երբեւէ հայն առանց պատճառի, «հենց այնպես» ժպտա: «Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «ու՞ր է կորել ժպիտը» արտահայտությունը», նկատում է Ալվարդ Պետրոսյանը: Փաստորեն «Ժպտացող երեւանցիներ» ակցիան այնքան էլ չգրավեց Պետրոսյանին: Վերջինս փաստեց, որ իր ձայնը տալու է ՀՅԴ-ին:
Դաշնակցական պատգամավորը նաեւ չի ընկալում` ինչ է նշանակում «վերականգնել թամանյանական կենտրոն» արտահայտությունը: Ըստ նրա, 50-60 տարի առաջ քաղաքն այնքան էլ գեղեցիկ չէր, սակայն ուներ հոգեւոր հարստություն, գեղեցկություն: Դաշնակցական պատգամավորը մինչ մարդկանց դեմքին ժպիտ տեսնելը փնտրում է վայր, որտեղ կկարողանան ժամանակ անցկացնել բազմահազար հասարակ աշխատավարձով ապրող երեւանցիները:
«Զարմանում եմ, որ սոցիալիստ լինելովՙ համագործակցում եք այս իշխանության հետ», զայրացավ Լյուդմիլա Սարգսյանը:
Պետրոսյանն էլ հակադարձեց, թե իրենց համար մինչ սոցիալիզմն ու ժողովրդավարությունը կար ավելի բարձր գաղափար` Արցախ:
Մինի պայքարի երկրորդ փուլում քաղաքական էլիտայի տիկնայք անդրադարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի անձին:
«Լեւոնը սուրբ չէ: Այն ժամանակ էլ էր գործիք ուրիշների ձեռքում», կարծիք հնչեցրեց Ալվարդ Պետրոսյանը:
«Ես Լեւոնի վկա չեմ: Նա տանում է այս շարժումը: Եթե ցանկանում եք, այո՛, ինձ գործիք եմ համարում նրա ձեռքում: Չեք կարող մատնանշել մի մարդու, որ կարողանա այսքան մարդու տանել իր հետեւից: Նրան հարգում եմ», խոստովանեց ՍԴՀԿ ատենապետուհին: «Առաջին նախագահի հետեւից գնում են մարդիկ, ովքեր այլընտրանք չունեն կամ էլ չգիտեն, թե ինչ են ուզում», ասաց Պետրոսյանը` մեղադրելով Սարգսյանին ռոմանտիզմի մեջ:
Սարգսյան-Պետրոսյան բանավեճի երրորդ ռաունդը նվիրված էր Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքին: Սարգսյանը ՀՅԴ-ի գործելաոճում ոչ թե անկեղծություն, այլ շահամոլություն է տեսնում: Ի պատասխան Պետրոսյանն ասաց, թե իր կուսակցության համար ավելի հաճելի ու կարեւոր էր որպես քաղաքական ուժ գնալ Սերժ Սարգսյանի եւ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից: «Այս իշխանություններին ավազակապետություն կոչելով որեւէ բանի չենք հասնի: Հայհոյախոսությունը նշանակում է թուլություն, երբ ընդդիմադիր էի, երբեւէ չեմ զազրախոսել իշխանություններին, թեպետ երբեք չեմ համակրել ՀՀՇ-ին: Նրանց վերաբերվել եմ որպես աղանդավորի: 90-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ համար եղել է «Լեւոն «անտառահատ» նախագահ», նկատում է Պետրոսյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու ընթացող բանակցություններինՙ Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ եթե հանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա կասի, որ չափազանց կարեւոր խնդիր է դրված նրա առջեւ, հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների խնդրում պետք է դանդաղ շտապել: Պետրոսյանը վստահեցրեց, որ չեն ուզում շնչահեղձ լինել, ՀՅԴ-ն ցանկանում է բաց սահմաններ տեսնել, «սակայն նախ պետք է պարզել բաց սահմանի արժեքը»: Հրապարակախոսը նկատում է, որ խնդիրը շատ զգայուն է, ինչի հետեւանքով սփյուռքահայերի 70 տոկոսը տագնապած սպասում է հետագա քայլերին:
«Եթե այդքան մտահոգված եք այդ խնդրով, մնայիք եւ հարցերը լուծեիք: Սխալ էր պորտֆելներ հանձնելը», նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:
«Ինչ է, վախենում եք, որ ձեր տե՞ղը կգրավենք», առիթը բաց չթողեց Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ ասուլիսն անցավ թեժ բանավիճային մթնոլորտում, սակայն բանախոսները կարողացան պահել կոռեկտության սահմանն ու չհասնել անձնական վիրավորանքների:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ