Ուսումնասիրելով համացանցում առկա իրավիճակը` կապված Հայաստանի Հանրապետության եւ հայության տեղեկատվական շահերի հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» նախաձեռնել է «թեժ գիծ», որը կոչված է համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքելու Հայաստանի եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ`այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության եւ ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի եւ Հայաստանի մասին բացասական կարծիքի ձեւավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը: Համացանցում Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի եւ ապատեղեկատվության հանդիպելիս կենտրոնը կոչ է անում ահազանգել «թեժ գիծ»`hotline@iprc.am հասցեով: