«Բոլոր մարդիկ եղբայրներ են» ընդհանուր կարգախոսի ներքո անցկացվող մարաթոնային վազքով Նյու Ինգլենդում մեկնարկել է անվանի ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրությունը: Վազքն սկսվել է մայիսի 2-ին Նյու Հեմփշիրում գտնվող Մոնադնոք լեռը (մոտ 1000 մ բարձրությամբ) բարձրանալով: Ապա օրական մոտ 10 մղոն կտրելով վազքի մասնակիցները Նյու Հեմփշիրի սահմանն անցնելով մտնելու են Մասաչուսեթս եւ անցնելով Բեդֆորդից ու Լեքսինգտոնից, մայիսի 13-ին հասնելու են Ալան Հովհաննեսի ընտանեկան օջախըՙ Բլոսոմ փողոցում: Այնտեղ Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու հովիվ Առաքել Ալջալյանը ոգեկոչել է երգահանի հիշատակը: Դուդուկի կատարմամբ հնչել են Հովհաննեսի ստեղծագործությունները:
Մարաթոնային վազքը նախաձեռնել է դաշնակահար Մարտին Բերկովսկին, ով մեծապես օգտվել է երգահանի հետ անձնական շփումներից եւ այժմ կատարում ու մեկնաբանում է նրա ստեղծագործությունները: Մտահղացման հիմքում ընկած է Ալան Հովհաննեսի այն համոզմունքը, որ լեռների գագաթներում մարդիկ հաղորդակցվում են Աստծո հետ: Նա երաժշտական բազում երկեր եւ մեկ սիմֆոնիկ կտոր է նվիրել Մոնադնոքին:
Ալանի հայրըՙ Հարություն Չաքմաքչյանը, որը Հարվարդի շրջանավարտ է եղել, Թաֆթս համալսարանի դասախոս եւ առաջին Հայ-անգլերեն բառարանի հեղինակ, նույնպես շատ է սիրել քայլել: Նրան ճանաչողները հաստատում են, որ նույնիսկ իր առաջացած տարիքում նա օրական 15 մղոն քայլում էր: Առլինգտոնում նրան «պրոֆեսոր» են անվանել: Իսկ վազքի կարգախոսը վերցված է Ալանի 11-րդ սիմֆոնիայից, որի տակ նա մակագրել է «Մեր այս փոքրիկ մոլորակում եկեք խաղաղությամբ միանանք իրար»:
Ինքըՙ Բերկովսկին 2003-ին իր ծննդյան 60-ամյակն է նշել 800 մղոն վազելով, որի ընթացքում նա 80 հազար դոլար է հանգանակել եւ նվիրել քաղցկեղի հետազոտական կենտրոնին:
Բացի մարաթոնային վազքից, մայիսի 17-ին նախատեսված է բացումն ու օծումը կատարել Առլինգտոնում կառուցված Ալան Հովհաննեսի առաջին հուշահամալիրի եւ այնուհետեւ քաղաքապետարանում կազմակերպել անվճար համերգ, որը պետք է ղեկավարի դոկտ. Պասքուալե Թասոնը: Նվագակցելու են Մարտին Բերկովսկին եւ Անի Հովսեփյանը: Առաջին անգամ հնչելու է «Ձոն» վերնագրով երաժշտական կտորը նվիրված ականավոր երաժշտին:
Հ. Ծ.