«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է

Իրականության խեղաթյուրումը որոշ զանգվածային լրատվական միջոցների կողմից երբեմն անցնում է անգամ երեւակայության սահմանները:

Հապա մի տեսեք, թե ինչ վերնագիր է դրվել հանրապետական թերթերից մեկում տպագրված տեղեկատվությանը. «Զանգվածային կրոնական ահաբեկումներ Լոռու մարզում»: Վերնագիրը հնչեղ է: Հասե՛ք եվրոպացինե՛ր, իրավապաշտպաննե՛ր, «ժողովրդավարնե՛ր», փրկեք կրոնական կազմակերպություններին անհանդուրժող լոռեցիներից:

Երբ վերնագիրն ընթերցելուց հետո խորանում ես բուն տեղեկատվության մեջ, պարզվում է, որ գործ ունենք պարզագույն սադրանքի, ապակողմնորոշիչ տեղեկատվության եւ տարրական իրավական գիտելիքների բացակայության հետ: Եվ ամենակարեւորը. տեղեկատվությունն ավարտվում է ցնցող եզրակացությամբ. «Ենթադրվում է, որ Եկեղեցու թիրախը դպրոցներն են լինելու»: Ո՞ր եկեղեցու մասին է խոսքը: Ինչ ասել է` թիրախ:

Պարզագույն սադրանքի, ապակողմնորոշիչ տեղեկատվության մասին

Ինչն է իրականում հիմք եղել նման ապատեղեկատվության համար: 2009-ի մայիսի 11-ին տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հանդիպումը Լոռու մարզպետի, Գուգարաց թեմի առաջնորդի, մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են դպրոցներում հայ եկեղեցու պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաների դասավանդման մեթոդիկան եւ մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու խնդիրները: Այս առարկաների ճիշտ մատուցումն է, որ կարող է աշակերտի մեջ արթնացնել ազգային ինքնության գիտակցումը եւ բավարար գիտելիքներով խարսխված ու գիտակցված հայրենասիրության զգացումը: Եվ իսկապես անհանգստանալու հիմքեր կան: Այսօր հեռուստատեսությունը ոչ միայն չի սերմանում հայրենասիրության զգացումը պատանիների մեջ, այլեւ որոշ դեպքերում անգամ փորձում է ապազգային գաղափարախոսությունն առաջ տանել բազում երկրներում փորձված մեթոդներով:

Բայց դպրոցն է այն դարբնոցը, ուր կարող են կերտել ապագա հայ քաղաքացուն: Ամեն տարի Վանաձորում կազմակերպվող Հայոց բանակի ու Հաղթանակի օրվան նվիրված եւ Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին համեմատաբար քիչ աշակերտներ են մասնակցում: Եվ դա միայն կազմակերպչական թերությանը վերագրել չի կարելի: Դպրոցական տարիքից պետք է սերմանել յուրաքանչյուր աշակերտի հոգում քաղաքացիական պարտքի եւ հայ լինելու զգացումները: Այստեղ արդեն ուսուցիչները պետք է վերանայեն իրենց գործելակերպը եւ ոչ միայն գիտելիքներ տան աշակերտին, այլեւ այդ գիտելիքները դարձնեն հիմնական ճանապարհը հայրենասեր սերունդ ձեւավորելու համար: Վաղվա զինվորը չի կարող չիմանալ իր պատմությունը, իր կրոնը, իր երկիրն ու իր ազգային նպատակները: Առավել եւս, որ շուտով վանաձորցիները նշելու են Ղարաքիլիսայի հերոսամարտի 91-ամյակը: Իրապես դպրոցների տնօրենները համաձայնեցին Լոռու մարզպետի եւ Գուգարաց թեմի առաջնորդի հետ, նպատակահարմար համարեց դպրոցներում հատուկ ուշադրություն դարձնել վերոհիշյալ առարկաների դասավանդմանը եւ լավագույնս պատրաստվել Ղարաքիլիսայի հերոսամարտի 91-ամյակի տոնակատարությանը:

Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդն առաջարկել է Վանաձորի այն մանկապարտեզները, որոնց անվանումները թվերով են ներկայացվում, վերանվանել հայազգի հայտնի մտավորականների, պետական ու հասարակական գործիչների եւ մեր հավատի համար սրբագործված երեւելիների անուններով, ինչը եւս կխթանի մատաղ սերնդի դաստիարակությունը նախադպրոցական տարիքից:

Հիմա ասեք, խնդրեմ, ի՞նչ կապ ունեն մատաղ սերնդի դաստիարակության հարցում Լոռու մարզպետի եւ Գուգարաց թեմի առաջնորդի ու դպրոցների տնօրենների մտահոգությունները «աղանդավորության», «կրոնական անհանդուրժողականության» եւ դպրոցները թիրախ դարձնելու հետ:

Լավ, մարդ Աստծո, սեփական երկրում մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու իրավո՞ւնքն էլ չկա արդեն: Այս ի՞նչ անառողջ աղմուկ է բարձրացել այս միջոցառման շուրջը:

Տարրական իրավական գիտելիքների բացակայության մասին

Ժամանակն է գրող եւ ընթերցող հասարակությանը հիշեցնելու, որ ՀՀ Ազգային ժողովը 2007-ի փետրվարի 22-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որն ուժի մեջ է եւ սկսել է կիրառվել: Այդ օրենքի հոդված 8-ի 1-ին կետի 4-րդ ենթակետն ասում է. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի նպաստելու հասարակության հոգեւոր կրթությանը կրթական հաստատություններում` օրենքով սահմանված կարգով»:

Լոռու մարզում թեմի առաջնորդի եւ մարզային իշխանության հետ միասնաբար կազմակերպվող միջոցառումներն առաջինն ու վերջինը չեն, իսկ առաջնորդի ազգասիրության մասին լոռեցիները դրվատանքով են խոսում: Ուստի, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն վերապահված իրավունքների շրջանակներում կրթական հաստատություններում նպաստել է հասարակայնության հոգեւոր կրթությանը, հանկարծ այն որակվում է որպես կրոնական անհանդուրժողականություն:

Կարող է պատահել, որ Ղարաքիլիսայի հերոսամարտի 91-ամյակի տոնակատարությունն էլ որակվի սպառնալիք հարեւան երկրի նկատմամբ: Հիմա ինչ ասես կարելի է սպասել, զարմանալուց հետ ենք վարժվել:

ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4