«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Օգոստոսի 9-16-ը Հայաստանում տեղի կունենան Համահայկական խաղերի ծրագրով ֆուտբոլի եւ բասկետբոլի մրցումներ: Այս մասին որոշում կայացվեց երեկ «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում: Բացելով նիստը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը համառոտ անդրադարձավ խաղերի պատմությանը:

Համահայկական առաջին խաղերը կայացել են 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը: Ծրագրում ընդգրկված էր 7 մարզաձեւ: Խաղերին մասնակցել են 23 երկրների 62 քաղաքների մարզիկներ: 2-րդ խաղերը տեղի են ունեցել 2001-ի օգոստոսի 18-26-ին, 9 մարզաձեւից: Մասնակցել են 29 երկրների 86 քաղաքների ներկայացուցիչներ: Երկու տարի անց` օգոստոսի 16-24-ին Երեւանում 10 մարզաձեւից իրենց հարաբերություններն են պարզել 27 երկրների 89 քաղաքների մարզիկներ: Համահայկական 4-րդ խաղերը կայացել են 2007-ի օգոստոսի 18-26-ը 27 երկրների 94 քաղաքներից ժամանած մարզիկների մասնակցությամբ:

Նիստում քննարկվեցին բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցումների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Ֆուտբոլի մրցումների գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը ներկայացրեց կանոնակարգը: Մրցումներն անցկացվելու են Արարատում, Արտաշատում, Աբովյանում եւ Աշտարակում: Նախնական փուլում թիմերը կբաժանվեն ենթախմբերի, որոնց հաղթողները կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլում: Առաջարկվեց նախնական փուլի հանդիպումների համար սահմանել 70 րոպե խաղաժամանակ, եզրափակիչ փուլինը` 90 րոպե: Թիմերին կթույլատրվի խաղի ընթացքում առավելագույնը 5 փոխարինում կատարել: Որոշվեց, որ Հայաստանի թիմերում արգելվում է բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստների ընդգրկումը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի 18 ֆուտբոլիստները, մարզիչը, բժիշկն ու մերսողը կպարգեւատրվեն համապատասխան մեդալներով: Կսահմանվեն նաեւ առանձին մրցանակներ լավագույն ֆուտբոլիստների համար, որոնք կպարգեւատրվեն գավաթներով:

Բասկետբոլի մրցումներում եւս թիմերը նախնական փուլում կբաժանվեն ենթախմբերի: Եզրափակիչ փուլում կվիճարկվեն 1-8-րդ եւ 9-16-րդ տեղերը, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր թիմերին հավասար քանակությամբ հանդիպումներ անցկացնել:

Սփյուռքից ժամանած ներկայացուցիչներին անհանգստացնում էին Երեւանի հյուրանոցների բարձր գները: Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք ունեն հյուրանոցների ցանկը, որոնք պատրաստ են ընդհանուր առմամբ 300 մարդու հյուրընկալել 30 տոկոս զեղչով` 20-50 դոլար օրավարձով: Միայն թե հարկավոր է մինչեւ հունիսի 10-ը հայտեր ներկայացնել: Մրցումների գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը նիստի մասնակիցներին խնդրեց մասնակցության հայտերը ներկայացնել գոնե մրցումների սկսվելուց մեկ ամիս առաջ, որպեսզի վիճակահանություն կատարվի եւ ընթացքում լուծվեն կազմակերպչական մի շարք հարցեր:

Նիստի ավարտից հետո, երեկոյան Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4