«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ

Հայկական սահմանի հարցում տեղի տալով Բաքվին, Անկարան ընդամենը ելման կետ կվերադարձնի Հայաստանի հետ երկխոսությունը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունից բխող թյուրիմացությունը վերացնելու եւ ազերի եղբայրների սիրտը շահելու առաջադրանքով այցելել էր Ադրբեջան: Թեեւ նա, ինչպես նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախկին եւ նորանշանակ արտգործնախարարները, բազմիցս հայտարարել էին, որ քանի դեռ չի վերացել «Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիան եւ բնակության նախկին վայրեր չեն վերադարձել ադրբեջանցի փախստականները», Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, այնուամենայնիվ, Իլհամ Ալիեւը Էրդողանի այցի նախօրյակին պաշտոնապես բացատրություն էր պահանջել Անկարայից, իսկ ադրբեջանական քաղաքական շրջանակներն ու մամուլը անդադար աղմկել էին, թե թուրք եղբայրները դավաճանում են:

Այսինքն, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա թյուրիմացության հիմքում թուրքական իշխանությունների հավաստիացումների նկատմամբ Բաքվի կասկածամիտ մոտեցումն էր: Էրդողանի այցից հետո թուրքական կենտրոնական թերթերը շտապեցին հայտարարել թյուրիմացության վերացման մասինՙ պայմանավորելով դա հայկական սահմանի հարցում վարչապետ Էրդողանի Իլհամ Ալիեւին տված երաշխիքներով:

Որո՞նք են այդ երաշխիքները: Հարցին հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում պատասխանել են Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը: Առաջինը ելույթ է ունեցել Իլհամը: Նա թուրք-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է հոյակապ, նշել է, որ Էրդողանի հետ մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի շուրջը, ապա եւ ավելացրել է. «Տարածաշրջանում Ադրբեջանը ձգտում է խաղաղության շուտափույթ հաստատմանը: Միաժամանակ պետք է հարգել մեր տարածքային ամբողջականությունը: Հանդիպումը, ինչպես միշտ, ջերմ մթնոլորտում է անցել եւ եղել է օգտակար»:

Պատասխան ելույթում վարչապետ Էրդողանը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, վերջակետ է դրել թյուրիմացությանն ու շահարկումներին: Նա ընդգծել է. «Մինչեւ չվերանա Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, Հայաստանի հետ սահմանը չի բացվելու: Կարծում եմ, իմ Ադրբեջան այցելությունը պատեհ առիթ կհանդիսանա վերջին շրջանում հասարակական կարծիքը հուզող թյուրըմբռնումների վերացման համար: Մենք մեր սահմանները փակեցինք այն ժամանակ, երբ օկուպացվեց Լեռնային Ղարաբաղը: Քանի դեռ չի վերացել օկուպացիան, սահմանները չենք բացի: Այդ մասին ո՞վ է ասում. անձամբ Թուրքիայի Հանրապետության վարչապետը: Սրանից ավելի մեծ երաշխիք, քան վարչապետի խոսքերն են, մի՞թե կարող է լինել»:

Ալիեւը հաստատել է Էրդողանին. «Ո՛չ, չի կարող: Ձեր խոսքերը փարատեցին բոլոր կասկածները: Ես դրա համար երախտապարտ եմ Ձեզ: Ադրբեջանական ժողովրդին ուզում եմ հայտնել, որ այլեւս կասկածամտության, թյուրիմացության եւ շահարկումների համար որեւէ պատճառ չկա»: Այս խոսքերի վրա թուրք լրագրողը Ալիեւին հարցրել է. «Ասացիք, որ այլեւս կասկածի համար պատճառ չկա: Մինչդեռ թուրքական կողմը նախապես բազմիցս հավաստիացրել էր, որ Թուրքիայի հայկական սահմանը չի բացվելու: Չնայած դրան, Դուք շարունակում էիք կասկածել: Ինչո՞ւ»: Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Հայկական մամուլում եղան փետրվարին Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ հրապարակումներ»:

Ելնելով այս պատասխանից, պետք է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը հայկական մամուլի հրապարակումներին ավելի լուրջ է մոտենում, քան Թուրքիայի նախագահի, վարչապետի, նախկին եւ նորանշանակ արտգործնախարարների հավաստիացման պաշտոնական հայտարարություններին, ինչը միանգամայն արժանի է գովեստի, պետք է հայաստանյան թերթերը երախտապարտ լինեն նրան: Սակայն անկախ դրանից, Թուրքիայի հայկական սահմանի հետ կապված Ադրբեջանի կասկածների փարատումը ենթադրում է, որ Բաքուն էլ փարատի Անկարայի կասկածները: Հատկապես Մոսկվայի հետ մերձեցման, «Նաբուկկոյի» նախագծի, որը շրջանցում է Ռուսաստանը, ինչպես նաեւ Թուրքիա մատակարարվող ադրբեջանական բնական գազի գների հարցերում:

Գների առումով, թերեւս հատկանշական է ադրբեջանցի լրագրողի հարցը Էրդողանին. «1000 խորանարդ բնական գազի դիմաց Թուրքիան Ռուսաստանին 400-450, Ալժիրինՙ 300-350, իսկ Ադրբեջանինՙ 100-150 դոլար է վճարում: Դա, ձեր կարծիքով, արդարացի՞ է»: Էրդողանը պատասխանել է. «Չեմ կարող արդարացի համարել»: «Մեկ ազգի երկու պետության», այսինքն, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գուցե խնդրահարույց չլինի գազի գինը, սակայն Բաքվի հետագա մերձեցումը Մոսկվային լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի ազգերից մեծի պետությանը, զրկելով նրան Հարավային Կովկասում Արեւմուտքի հանձնարարական համապատասխան քաղաքական ակտիվություն ցուցաբերելու հնարավորությունից: Այդ դեպքում, Թուրքիան ԱՄՆ-ի եւ Եվրոմիության համար կդառնա անվստահելի գործընկեր:

Հարցը, սակայն սոսկ Թուրքիայի վստահելիությունը չէ, այլ Հարավային Կովկասում հանուն ազդեցության ԱՄՆ-ի ու ԵՄ-ի անհաշտ մրցապայքարը Ռուսաստանի հետ: Ակնհայտ է, որ մերձեցման դիմաց Ռուսաստանն էլ Ադրբեջանից կարող է ռազմական ներկայություն պահանջել երկրում: Այդ դեպքում արդեն ի չիք կդառնան մրցակցող կողմերի միջեւ խուսանավելու Բաքվի նկրտումները: Այլ կերպ, «Մեկ ազգի երկու պետության» կասկածանքները միմյանց նկատմամբ Թուրքիայի հայկական սահմանով չեն սահմանափակվում, դրանք փոխադարձ են, իսկ հակասությունները բազմազան:

Հայկական սահմանի հարցը Բաքվի պահանջներին համապատասխան լուծելով, Անկարան ելման կետ կվերադարձնի Հայաստան-Թուրքիա երկխոսությունը: Սակայն դա չի հանգեցնի Բաքվի հետ նրա տարաձայնությունների հարթեցմանը: Ընդհակառակը, թուրքական եւ ադրբեջանական կողմերը կկորցնեն դրանք Հայաստանի հետ սահմանի շահարկումներով քողարկելու հնարավորությունը, անխուսափելի կդառնա այդ տարաձայնությունների երկուստեք հրապարակայնացումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4