«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ունի գործունեության հարուստ փորձ:

ՀԵՆԿ-ի հիմնադիրներն ունեն մասնագիտական բարձր որակավորում եւ ՀԿ սեկտորում երկարատեւ աշխատանքային փորձ: ՀԵՆԿ-ը վարում է չեզոք, միանգամայն անկողմնակալ քաղաքականություն եւ չի հարում որեւէ քաղաքական ուժի: Ունենալով արդյունավետ գործող ցանցՙ ՀԵՆԿ-ը գործունեությունն ակտիվորեն իրականացնում է մարզային գրասենյակների միջոցով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում եւ Երեւան քաղաքում:

ՀԵՆԿ-ի մարզային գրասենյակներն ունեն անհրաժեշտ գրականությամբ հագեցած հզոր ռեսուրս կենտրոններ, որոնցից անհատույց օգտվում են համայնքի բնակիչները: Կազմակերպության մարզային գրասենյակների ռեսուրս կենտրոններում առկա է 1500-ից ավելի գրականություն:

ՀԵՆԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 2004-ից ՀԵՆԿ-ը «Ընտրություններ եւ ժողովրդավարություն» միջազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ է: Ասոցիացիայի առաքելությունն է ապահովել ԱՊՀ եւ այլ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական սկզբունքները:

ՀԵՆԿ-ը մարզերում համայնքների բնակիչներին տրամադրում է անվճար ծառայություններ եւ խորհրդատվություն: Կարեւորելով տեղեկատվությունըՙ ՀԵՆԿ-ը պարբերաբար տեղեկատվական նյութեր է բաժանում հասարակությանը: Բազմաբնույթ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: ՀԵՆԿ ՀԿ-ն 2007-2008-ին նույնպես հանդես եկավ կարեւորագույն ծրագրերով, որոնք էին «Քաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը ՀՀ 2008-ի նախագահական ընտրություններին», «Սոցիալապես անապահովների շահերի պաշտպանություն օրենսդրական բարեփոխումների միջոցով» եւ այլն:

ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունից Ռուզաննա Սեդրակյանը գտնում է եւ փաստում, որ ՀԵՆԿ ՀԿ-ն մշտապես աջակցել է ընտրական համակարգերի ժողովրդավարացման գործընթացին, օրենքի գերակայության հաստատմանը, աջակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը, մշակույթի զարգացմանը, կրթական ոլորտի բարեփոխմանը եւ այլն:

ՀԵՆԿ ՀԿ-ն 2008-ի հունվարի 30-ին Թեքեյան կենտրոնում իրականացրեց նախագահի ինը թեկնածուների լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին եւ ներկայացվեցին թեկնածուների ծրագրերը, իսկ հրավիրված կազմակերպությունները եւ լրագրողները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի իրազեկ լինելու տվյալ թեկնածուների գաղափարական, քաղաքական դիրքորոշումներին:

2008-ի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը կարճաժամկետ դիտորդական առաքելության վերաբերյալ ունի իր փաստացի դիտարկումները, որ ընտրությունները ՀՀ-ում դեռ գտնվում են զարգացման փուլում եւ այդ առումով անհրաժեշտ են լուրջ մտորումներ ընտրական համակարգերի կատարելագործման եւ հաստատման ուղղությամբ:

Կազմակերպությունը գերակա արժեք համարելով ժողովրդավար, իրավական ու բարգավաճ պետության կայացումը, կոչված է աջակցելու քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու զարգացմանը, նպաստելու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: ՀԵՆԿ-ի մատուցած ծառայությունները հիմնված են համայնքների կարիքների եւ շահերի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4