«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԿՆԱՐԿ

Սոֆիայում մեկնարկել է Mtel Masters շախմատի ավանդական` 5-րդ մրցաշարը 6 գրոսմայստերների մասնակցությամբ: Մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի, այն ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի է: Մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի բուլղարացի Վեսելին Թոփալովը (2812), որին հաջորդում են նորվեգացի Մագնուս Կառլսենը (2770), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2746), Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը (2745), չին շախմատիստ Վան Յուեն (2738) եւ կուբացի Լենիեր Դոմինգեսը (2721): Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 300 հազար եվրո է:

Մեկնարկային տուրը բավականին արդյունավետ էր: Մրցաշարը հաղթանակով սկսեցին Մագնուս Կառլսենն ու Ալեքսեյ Շիրովը` համապատասխանաբար պարտության մատնելով Վեսելին Թոփալովին ու Վասիլի Իվանչուկին: Վան Յուե-Դոմինգես պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 2-րդ տուրում կկայանան Շիրով-Թոփալով, Դոմինգես-Կառլսեն, Իվանչուկ-Վան Յուե պարտիաները:

Անցած տարի Սոֆիայի մրցաշարին մասնակցել էր Լեւոն Արոնյանը: Շատերի համար անսպասելի, նա շատ վատ հանդես եկավ մրցաշարում` զբաղեցնելով վերջին տեղը: Ուստի այս տարի նա դուրս է մնացել մրցաշարի մասնակիցների ցանկից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4