ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ մշակույթի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ մայիսի 17-22-ը Հայաստանում եւ Արցախում անց են կացվելու համերգներ «Քեզ համար, Հայաստան» խորագրով:
Երեկ լրագրողների հետ հանդիպեցին այդ համերգաշարում հանդես եկող հանրահայտ երգչուհիներ Սեդա Ազնավուրյանը (Շառլ Ազնավուրի դուստրը), Աիդա Կարվարենցը (կոմպոզիտոր Կարվարենցի կինը, Շառլի քույրը), Լիզ Սարյանը եւ Ֆրեդերիկ Մանուկյանը: Հյուրերին ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը ու բարձր գնահատելով նրանց արվեստը նշեց. «Նրանց ներկայությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնավուրի 85-ամյակը: Նա մեր ազգային հպարտությունն է, համաշխարհային հայը, մի անուն, որը իսկապես 20-րդ դարի խոշորագույն երեւույթներից է ու այդ մասին կարող ենք ասել ամենայն համարձակությամբ: Նրա արվեստը պատկանում է բոլոր ժողովուրդներին, բայց իր ճակատագրով հայ է եւ հսկայական ծառայություններ ունի իր ժողովրդի ու Հայաստանի հանդեպ: 88-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի առիթով Շառլ Ազնավուրը հուզական ու ճանաչողական դերակատարություն ունեցավ, որպեսզի աշխարհի բազմաթիվ մարդիկ դեմքով շրջվեն այն ժամանակվա աղետյալ Հայաստանը»: Ազնավուրի ու Կարվարենցի համատեղ ջանքերով գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը ու այն հնչեց աշխարհով մեկ: Հենց այդ երգի վերնագիրն էլ ընտրվել է այս համերգաշարի խորագիրը:
Առաջին համերգը մայիսի 17-ին կկայանա Արցախում, 18-ինՙ Երեւանում օպերայի թատրոնի շենքում: Մայիսի 20-ի համերգը հովանավորել է տիկին Ռիտա Սարգսյանը եւ բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի սպիտակարյունությամբ տառապող երեխաների բուժմանը: Իսկ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան օրը վերջին համերգը կկայանա Գյումրիում: Հյուրերի թվում է նաեւ պրոդյուսեր Տելեմաք Քաթեսյանը (Լիզ Սարյանի ամուսինը), որը տեղեկացրեց, որ նվագախմբի միայն 2 անդամներն են Ֆրանսիայից, իսկ մյուսները Երեւանից են:
Լրագրողների հարցերին պատասխանելով Աիդա Կարվարենցը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1963-ին, իսկ հիմա շատ ուրախ է ու երջանիկ, որ շատ փոխված տեսավ Երեւանը:
Սեդա Ազնավուրը նշեց, որ արդեն 3-րդ այցն է կատարում Հայաստան: Նախորդը անցած տարի էր, երբ Շառլ Ազնավուրի հետ եկան, քանի որ իր տղան ԱՄՆ-ում հայաստանցի աղջկա հետ էր ծանոթացել ու ամուսնացել: Նա նշեց, որ երգում է ավանդական երգեր եւ դրանք շատ է սիրում ու Լիզ Սարյանի հետ սիրով են երգում: Նրանք երգեցին «Դե քելե» ժողովրդական երգից մեկ տոն: Իսկ երգը, ինչպես նշում էին ե՛ւ տիկին Աիդան, ե՛ւ Սեդան. «Դեռ մանկուց լսել ենք մեր պապից ու տատից ու մենք էլ մշտապես տանը երգել ենք հայկական երգեր»: Սեդան պատմում էր, որ չնայած մայրը ֆրանսիացի էր, սակայն տանը խոսում էին հայերեն եւ ինքն էլ երգում էր ե՛ւ հայերեն, ե՛ւ ֆրանսերեն: Սակայն հետո ֆրանսերենը թողել է ու այժմ երգում է միմիայն հայկական երգեր: «Հայ երգը ինձ անչափ հաճույք է պատճառում եւ այն շատ կարեւոր է ինձ համար: Սայաթ-Նովայի երգերը մեր տանը միշտ հնչել են ու մենք էլ շատ ենք սիրել»:
«Ազգի» այն հարցինՙ ուրա՞խ են, որ հայի արյուն է հոսում իրենց երակներում, եղավ բոլորի միաձայն պատասխանը. «Իհարկե, առանց տարակուսանքի»: Հայ հանդիսատեսին տեղեկացնենք, որ Սայաթ-Նովայի նոր երգերը որպես անակնկալ կհնչեն համերգաշարի ընթացքում: Իսկ Շառլի ու նրա դստեր նոր ձայներիզում արդեն ընդգրկված են այդ երգերը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ