Դրա պատճառը, ըստ «Յուտայի» համալսարանի պրոֆեսորի, Հայաստանի հետ մերձենալու Էրդողանի կառավարության քաղաքականությունն է
Մայիսի 14-ի համարում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցելությանը, «Ազգը» կարծիք էր հայտնել, որ դրա արդյունքները թեեւ ամփոփված չեն, սակայն թուրք-ադրբեջանական տարաձայնությունները բազմազան են եւ կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե հաղթահարվեն: Հիրավի, ադրբեջանական մամուլը ամփոփել է Էրդողանի այցի արդյունքները, գրել է, որ Թուրքիայի վարչապետն ընդամենը հանգստացրել է Բաքվին, իրականում Հայաստանի հետ մերձեցումը կշարունակվի, որովհետեւ հայ-թուրքական խնդիրները կարգավորում է նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Այդ մասին մայիսի 16-ին թուրքական էլեկտրոնային մամուլն էր գրել: «Սոնսայֆա» կայքէջն էլ մայիսի 17-ին վերլուծել է ամերիկյան «Յուտա» համալսարանի թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզի հարցազրույցը, որը նա մայիսի 7-ին տվել էր ադրբեջանական գործակալությանը:
«Հայաստանի հետ սահմանի բացումը Ադրբեջանում եւ թյուրքալեզու մյուս հանրապետություններում ինչպե՞ս է անդրադառնալու Թուրքիայի վարկանիշի վրա» հարցին պրոֆ. Յավուզը պատասխանել է. «Թուրքիան (մերձենալով Հայաստանին) այնքան վատ եւ սխալ գործ կատարեց, որ նրան տարածաշրջանային ոչ մի երկիր, թյուրքալեզու հանրապետությունները ներառյալ, լուրջ չեն ընդունի: Թուրքիան այդ ամենն արեց տեղի տալով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ճնշումներին: Դա կասկածի տակ է դնում նրա անկախությունը: Թուրքիան ոչ այլ ինչ է, քան Ամերիկայի եւ Եվրոպայի խամաճիկը: Այլ կերպ, եթե Թուրքիան շարունակի հետամուտ լինել որդեգրած այս քաղաքականությանը, ապա բազում խնդիրներ կառաջացնի Միջին Ասիայում եւ Կովկասում: Թուրքիան սխալ մարդիկ են կառավարում: Պետք է լավ իմանաք, որ Թուրքիայում գոյություն ունի հզոր, բայց շատ հզոր հայկական լոբբի, հատկապես Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեջ: Պարզապես թուրք հասարակական կարծիքն է դեմ այդ ամենին: Նրանք («Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները) գետնին են հավասարեցնելու Թուրքիայի վարկանիշը: Թյուրքական աշխարհում արդեն հասցրել են գետնին հավասարեցնել: Ձախողվել է նրանց կովկասյան քաղաքականությունը: Լավ չեն հարաբերությունները Վրաստանի հետ, որովհետեւ պատերազմի ընթացքում Վրաստանից երես թեքեցին, փոխարենը պաշտպանեցին Ռուսաստանին: Նույն բանը ներկայումս Ադրբեջանի հետ է կատարվում: Հենց դրա համար էլ կովկասյան երկրները չեն վստահում Թուրքիային: Թուրքիան կորցրեց Վրաստանին, հիմա էլ Ադրբեջանին է կորցնում: Սահմանի (Հայաստանի հետ) բացման քաղաքականությունը բուռն հակազդեցություն է առաջ բերում բանակում: Զինվորական վերնախավն ամենեւին գոհ չէ կառավարության վարած քաղաքականությունից: Հատկապես սահմանի բացմանը միտված: Իմ կարծիքով սահմաններ չեն բացվի: Սահմանի առնչությամբ բանակը շատ, բայց շատ է անհանգստացած: Թուրքիան ցույց տվեց, որ վստահելի երկիր չէ: Ես էլ թուրք եմ, սակայն կառավարության տխմար քաղաքականության հետեւանքով կորցրեցինք նաեւ Ադրբեջանին: Սահմանների բացումը Թուրքիայի շահերից չի բխում»:
Հիրավի Թուրքիան իր դիրքերը կորցրել է Վրաստանում: Սակայն ոչ թե հարավօսական պատերազմի ընթացքում վարչապետ Էրդողանի վարած սխալ քաղաքականության, այլ դեռեւս հակաաֆղանական պատերազմի օրերին այդ երկրում հաստատված ամերիկյան ռազմական ներկայության հետեւանքով, որն ամրապնդվեց գունավոր հեղափոխությունից հետո: Ադրբեջանում Թուրքիայի դիրքերի կորուստը նույնպես պայմանավորված է ԱՄՆ-ի գործոնով, որքան էլ դրա առնչությամբ անխնա շահարկվի Հայաստանի հետ սահմանի բացման հարցը: Ինչ վերաբերում է Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետություններին, ապա նրանցից Ուզբեկստանն ի սկզբանե սուր հակասությունների մեջ է եղել Թուրքիայի հետ, պայմանավորված Քարիմովին տապալելու փորձերով: Թուրքիան լուրջ տարաձայնությունների մեջ է եղել Թուրքմենստանի հետ, իսկ Ղազախստանը, որին այնուհետեւ միացավ նաեւ Ղրղզստանը, ընդգծված ռուսական կողմնորոշում է որդեգրել, իսկ դա թույլ չի տալիս, որ Թուրքիային մերձենալու կարիքն զգա: Վերջապես Թուրքիայի տնտեսական, քաղաքական, ֆինանսական կարողությունները, առավել եւս ԱՄՆ-ԵՄ-Չինաստան-Ռուսաստան մրցապայքարը նրա առջեւ փակել են Միջին Ասիայում դիրքեր ամրապնդելու հեռանկար:
Մտածել, որ Յուտայի համալսարանի պրոֆեսորն անտեղյակ է այս ամենից, իրատեսական չէ: Ըստ երեւույթին նա, իբրեւ քեմալական ազգայնական, Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը քննադատելիս, հանդես է գալիս «Իթթիհատ վե թերաքքի» կուսակցության իրավաժառանգորդ, Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության եւ Թուրքիայում աշխարհիկ-հանրապետական կարգերի երաշխավոր բանակի դիրքերից, միաժամանակ ձայնակցում է ԱՄՆ-ի «Նոր պահպանողականներին»: Այս ամենի միջոցն է դառնում վարչապետ Էրդողանի կառավարության, այսպես կոչված, մերձեցման քաղաքականությունը Հայաստանի հետ:
Էրդողանի կառավարությունը կբացի՞ Թուրքիայի հայկական սահմանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բխում է հենց Թուրքիայի շահերից, ակնհայտ է, որովհետեւ Հայաստանի օտարումը Հարավային Կովկասում ձախողման է դատապարտում ամեն մի նախաձեռնություն: Սա նշանակում է, որ թուրքական նախաձեռնությունները նույն ճակատագրին կարժանանան, ինչ արժանացել է դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին նախապայմաններ առաջադրելու եւ մեր հանրապետությանը շրջափակելու քաղաքականությանը: Որքան էլ հակահայկական այս քաղաքականությունը ենթադրի դրա վերանայումը, այնուամենայնիվ գնդակը Թուրքիայի դաշտում է, թող ինքն էլ կողմնորոշվի:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ