Հարգելի՛ խմբագիր
Ուզում եմ շնորհակալություն հայտնելՙ Կարսի պայմանագրի հետ կապված հրապարակումների համար: Դա, անշուշտ, շատ տեղին, հասարակության համար անհրաժեշտ եւ հետաքրքրական թեմա է:
Ես ոչ լրագրող եմ եւ ոչ էլ դիվանագետ:
Պարոն Արա Պապյանի արձագանքից եւ լրագրող Արմեն Մանվելյանի պատասխանից կարող ենք նշել երկու շատ կարեւոր հարցեր, որոնց պարզաբանումը կօգնի բոլորիս ավելի ճիշտ պատկերացնել իրավիճակը.
ա. 1921 թ. Կարսի պայմանագիրը իրավաբանորեն գոյություն ունի՞,
բ. Հայաստանի Հանրապետությունը իրավաբանորեն ճանաչո՞ւմ է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
Պարոն Արա Պապյանի արձագանքից կարելի է եզրակացնել, որ նա համարում է, որ, այդպես կոչված, 1921 թ. Կարսի պայմանագիրն իր կնքման պահից չի կարող համարվել պայմանագիր, դա միայն մի թուղթ է, որը ստորագրել են Խորհրդային Հայաստանըՙ մի կողմից եւ Թուրքիայի ինչ-որ մի հասարակական կազմակերպությունՙ մյուս կողմից: Չեմ զարմանա, եթե պարոն Պապյանը ապագայում նաեւ կասկածի տակ դնի Հայաստանի անունից ստորագրողների իրավասությունը եւ պնդի, որ երկու կողմերն էլ ներկայացնում էին ինչ-որ հասարակական կազմակերպություններ:
Համաձայնելով, որ ներկայացրած հիմնավորումները բավականին ծանրակշիռ էին, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, 1921 թ. Կարսի պայմանագիրը պայմանագիր է եւ կազմում է միջազգային իրավունքի տարր:
Հայաստանը 1921 թվականին ստորագրելով Կարսի պայմանագիրըՙ արդեն դրանով տվել է պայմանագրին միջազգային իրավունքի կարգավիճակ: (Հետաքրքրական է, որ Հայաստանը Կարսի պայմանագրով ոչ միայն սահմանային հարցեր է պարզաբանել, այլեւ ճանաչել է նոր ձեւավորվող Թուրքիայի Հանրապետությունը եւ նպաստել նրա միջազգային ճանաչմանը):
Ավելինՙ Հայաստանի երրորդ Հանրապետությունը, լինելով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը, վերցրել է իր վրա բոլոր միջազգային պարտավորությունները, որոնք չի մերժել Անկախության հռչակագրով: Անկախության հռչակագրով կամ ավելի ուշ միջազգային պայմանագրերից հրաժարվելը մտնում է ամեն մի պետության իրավասությունների մեջ, ինչը շատ լավ ներկայացրել է պարոն Պապյանըՙ հենվելով 1969 թվականի Վիեննայի կոնվենցիաների վրա:
Կարծում եմ, որ պարոն Պապյանի հիմնավորումները կլինեն շատ տեղին եւ անհրաժեշտ միայն այն պարագայում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա հրաժարվել 1921 թ. Կարսի պայմանագրից (եթե, իհարկե, ընդունում է նրա առկայությունը), կամ եթե Հայաստանի Հանրապետությունը հայտարարի, որ 1921 թ. Կարսի պայմանագիրը գոյություն չունի:
Եվ այսպեսՙ 1921 թ. Կարսի պայմանագիրը իրավաբանորեն գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Դրա պատասխանը կարող է տալ միմիայն Հայաստանի Հանրապետության անունից իրավասու մարմինը:
Ո՞ր դեպքերում է դա հնարավոր.
ա. եթե Թուրքիան կամ այլ միջազգային սուբյեկտ պաշտոնական հարցում ուղղեն Հայաստանի Հանրապետությանը, իսկ նա հարկ համարի պատասխանել դրան,
բ. եթե նման հարցում տրվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Հիմա ես կցանկանայի անդրադառնալ հետեւյալին: Անկախ այն բանից, թե ինչ կարծիք ունեն պրն Պապյանը եւ պրն Մանվելյանը, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի Հանրապետությունը եւս չի կարողանում կողմնորոշվելՙ ճանաչո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունը 1921 թ. Կարսի պայմանագիրը, թե՞ ոչ: Թուրքիայի անորոշությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ մեր Անկախության հռչակագրի ինչ-որ դրույթների վրա: Դա գաղտնիք չէ: Եվ ես կարծում եմ, որ 1921 թ. Կարսի պայմանագրի վերաբերյալ անորոշությունները կապված են այն հանգամանքի հետ, որ Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետությանն ուղղել պաշտոնական հարցում այսօր, քանի որ այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի միանշանակ հայտարարել իր իրական դիրքորոշումը, եւ դա կլինի այն, ինչից Թուրքիան խուսափում է:
Թուրքիան գերադասում է 1921 թ. Կարսի պայմանագրի հարցը լուծել դիվանագիտական պայմանավորվածությունների միջոցով, քանի որ այդ դեպքում ոչ ցանկալի արդյունքից խուսափելու ավելի շատ հնարավորություններ կան: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ 1921 թ. Կարսի պայմանագիրը կարեւոր հանգամանք է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների պարզաբանման գործում:
Իմ կարծիքով, պետք չէ կարծել, որ եթե Հայաստանի Հանրապետությունը հայտարարի որ չի ճանաչում 1921-ի Կարսի պայմանագիրը, հաջորդ իսկ օրվանից մեր գործերը կլավանան: Հակառակը: Նման հայտարարությունը տարածաշրջանում կստեղծի որակական նոր իրավիճակ, որը, անշուշտ, լուրջ գլխացավանք կդառնա Թուրքիայի համար եւ կարող է ստեղծել նաեւ պայմաններ, որոնք կվտանգեն մեր իսկ ազգային անվտանգությունն ու պետականությունը:
Կարծում եմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան շահագրգռված են 1921 թ. Կարսի պայմանագրի կարգավիճակը պարզաբանել դիվանագիտական ճանապարհներով:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ