Ըստ ոստիկանության տվյալների, անցած շաբաթավերջին Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կիլոմետր հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացի, «ԼԻԼ-ՆԱՐ» ընկերության տնօրեն Նազարեթ-Հակոբ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Դիակը հայտնաբերվել է մայիսի 15-ին` ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ:
Ինչպես հաղորդել էր «Ազգ» օրաթերթը, Բերբերյանը անհետացել էր ապրիլի 25-ից, վերջինիս հայտնաբերման համար ընտանիքը հայտարարել էր 250 հազար դոլարի պարգեւատրում: Նրա ավտոմեքենան հայտնաբերվել էր ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները չեն հրապարակվում: