«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ԿԻՊՐՈՍԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԻՆԵ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ

Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումը կարող է ավելի խթանել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Դեսպան Կեսթորասն ընդգծեց, որ Կիպրոսը շահագրգիռ է տարբեր բնագավառներում Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ, ինչին կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար` դեսպանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու կիպրական կողմի ակնկալիքները:

Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ:

Տեղեկանք: Պետրոս Կեսթորասը ծնվել է 1957թ. Կիպրոսի Կաթո Զադհիա քաղաքում: Քաղաքական գիտությունների մասնագետ է: 1984թ.-ից աշխատում է Կիպրոսի ԱԳՆ համակարգում: 2002-2007թթ. եղել է Չինաստանում Կիպրոսի դեսպան, 2007-2008թթ.` Կիպրոսի ԱԳՆ ԵՄ վարչության պետ: 2008թ. սեպտեմբերին նշանակվել է Ռուսաստանում Կիպրոսի դեսպան:

Տիրապետում է հունարեն, անգլերեն, իտալերեն եւ ֆրանսերեն լեզուների: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4